HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոռացված սահմանամերձ Կողբավանը

Կողբավանցիները խմելու ջուրը գնում են դույլերով: «5 օրը մեկ անգամ մի«ցիստեր» ջուր եմ բերում ու շատ «սիմվոլիկ» գումարով' ընտանիքին 500 դրամ, վաճառում»,- ասում է Կողբավանի համայնքապետ Սերոբ Սերոբյանը:

«Ափսոսում ենք նորմալ օգտագործել. մի թաս ջրով մի քանի գործողություն ենք կատարում: Չնայած' հիմա ոչինչ, գիտենք, ու շաբաթը մեկ «ցիստերը» գալիս ա... Բա պատկերացնու՞մ եք մեր վիճակը ձմռանը, երբ գյուղի ճանապարհները փակվում են ու ամիսներով «բանտարկվում» ենք այս ղռերի մեջ»,- դժգոհում է հարեւան գյուղից այստեղ հարս եկած Աշխեն Ռաֆայելյանը:

Կողբավանը երիտասարդ գյուղ է. կառուցվել է 1986-ին: Բնակիչներն էլ են երիտասարդ, այստեղ են եկել Արմավիրի տարածաշրջանի այլ բնակավայրերից: Ներկայումս Կողբավանում 13 ընտանիք է ապրում: Գյուղապետ Ս. Սերոբյանի կարծիքով' «իրենց բանի տեղ չեն դնում, որովհետեւ քիչ ընտրող ունեն. ընդամենը 86 չափահաս, նույնն է, թե 86 ընտրող»:

«Տներ կային, որոնք կողպեքով փակ էին, գնացել են»,- ասացին գյուղացիները: «Ինչու՞ իրենք էլ չեն գնում» հարցին գյուղի միակ մտավորական, մանկավարժ Համլետ Հակոբյանն ասաց, որ եթե իրենց մի քիչ լավ աչքով նայեն, գոնե ջրի հարցը լուծեն, իրենք ոչ միայն չեն գնա, այլեւ կշենացնեն Կողբավանը:

«Հեկտարներով հող կա, ոնց աչքդ պտտեցնում ես, հող է, բայց ոռոգման ջրի սակավության պատճառով մշակել չենք կարողանում: Իսկ երկար ժամանակ չոռոգվող հողը վնասվում, օգտագործման համար անպիտան է դառնում: Փոխանակ գյուղացուն տեր կանգնեն, թիկուք լինեն, որ նա սիրի հողն ու ամուր կառչի դրան, ընդհակառակը' նեղացնում են, հիասթափեցնում»,- իր մտահոգությունն է կիսում մանկավարժությանը հրաժեշտ տված ու ջրբաժան դարձած Հ. Հակոբյանը:

Կողբավանը Արմավիրի մարզի սահմանամերձ գյուղերից է: Օձերի ու կարիճների մշտական հարեւանությամբ Կողբավանում միայն էլեկտրաէներգիայի առկայությունն է, որ երբեմն հիշեցնել է տալիս քաղաքակրթության մասին:

Սերոբ Սերոբյան Համլետ Հակոբյան Ռոմիկ Օզմանյան Աշխեն Ռաֆայելյան

Մեկ տարի առաջ քիչ էր մնում գյուղացիների կենցաղում փոփոխություններ լինեին, երբ իմացան, որ կազմակերպությունը, ումից կախված է իրենց բարեկեցության «բանալին», սնանկացել է:

«Գյուղը գազաֆիկացնելու ծրագրի մեջ էր մտել: Մեր սուղ բյուջեից 30 մլն դրամ տվեցինք գազի խողովակաշար կառուցող մի կազմակերպության ու անհամբեր սպասեցինք աշխատանքները սկսելուն: Գազատարը մինչեւ հարեւան Երվանդաշատ եկավ ու կանգ առավ: Հետո իմացանք, որ ընկերությունը սնանկացել է: Դրանից հետո մի քանի անգամ պայմանագիրը նորոգեցինք, բայց էլի ոչինչ չփոխվեց: Գազի տեր չդառանք' հերիք չէ, 30 միլիոնից էլ զրկվեցինք: Եթե այդպես էր լինելու, գոնե 15 մլն-ը կներդնեինք, հարեւան Երվանդաշատից խմելու ջրագիծ կանցկացնեինք»,- ասում է համայնքապետ Սերոբ Սերոբյանը:

«Միակ տարբերակը, որը փրկություն եմ համարում, երեխաներիս այստեղից հանելն է: Տարել եմ Արմավիր' բարեկամներիս տուն: Այնտեղ ապրում են, այնտեղից էլ դպրոց են գնում: Բա գյուղը դպրոց չունենա՞, որ երեխաները դրա «խաթր» էս կողմ-էն կողմ չընկնեն: Ես' որպես մանկավարժ, մեծ տեղ եմ տալիս կրթությանը, այդ պատճառով էլ ժամանակավոր բաժանվել եմ երեխաներիցս: Բայց մյուսների համար դա ի՞նչ... Եթե գյուղում դպրոց լիներ, անպայման երեխեքին կուղարկեին դասի, բայց որ չկա, հարեւան գյուղ կամ Արմավիր տանել-բերելը բոլորի հնարավորությունները չէ, որ կարող է թույլ տալ: Այդ պատճառով էլ շատ երեխաներ դպրոց չեն գնում, անուս են մեծանում»,- ավելացնում է Համլետը:

Ռոմիկ Օզմանյանը, նրա քույրն ու եղբայրը անգրագետ են: Ռոմիկին արդեն զինկոմիսարիատ են կանչել, այնտեղ ասել է, որ գրել-կարդալ չգիտի:

«18 տարեկան եմ, դպրոց չեմ գնացել: Հնարավորություն չենք ունեցել ... Քույրս ու եղբայրս էլ են ինձ պես մեծանում: Շատ կուզեի, որ մեր գյուղում էլ դպրոց լիներ, ու բոլոր երեխաները կրթություն ստանային»,- ասում է Ռոմիկը:

«Ներկայումս 30-ից ավելի երեխա կրթություն ստանալու ամենօրյա երկար ու ձիգ ճանապարհ է հաղթահարում»,- ասում է համայնքապետը:

«Գոնե մի փոքրիկ ավտոբուս տրամադրեն երեխաներին, որ գյուղից-գյուղ ճանապարհը ոտքով չանցնեն, մանավանդ որ մեր տարածքի պատգամավոր Նահապետ Գեւորգյանն այդ հնարավորությունն ունի. գծի տերն է»,- ավելացնում է գյուղացիներից մեկը:

Անապատ հիշեցնող Կողբավանում հաճախ են օձերի ու կարիճների խայթոցների դեպքերը: Ո՛չ բժիշկ կա, ո՛չ' բուժամբուլատորիա, որ գոնե առաջին օգնություն ցույց տան:

«Խայթվածին ստիպված հասցնում ենք Արմավիր: Մենք էլ աշխատում ենք չհիվանդանալ, թե չէ' ո՞վ զահլա ունի ըստեղ-ընդեղ վազելու: Իսկ հղիներին շաբաթներ առաջ ենք գյուղից տանում»,- պատմում է Թենկեշ անվամբ ներկայացած մի կողբավանցի:

«Բա գյուղում մի հեռախոս էլ չլինի՞, որ նման դեպքերում օգտվենք,- ասում է համանյքապետը եւ ավելացնում, որ շատ բողոքելուց հետո գյուղապետարանում մի հեռախոս հազիվ անցկացրեցին:- Այն էլ' միացման օրվանից մինչեւ օրս լուռ է»:

Աշխեն Ռաֆայելյանը չնայած երկու տարի է ապրում Կողբավանում, բայց արդեն հասցրել է ձանձրանալ. «Ոնց որ կյանքը կանգ առած լինի, ոչինչ չի փոխվում: Ամեն օր նույն միապաղաղությունն է, նույն դեմքերը: Ոչ ոք մեզ չի հիշում: Ոչ մի ղեկավար այստեղ չի գալիս, կարծես մեր մասին չեն էլ իմանում: Լավ է, որ լրագրողներդ էլ եկաք, գոնե մեր մասին լսել կտաք, համ էլ մի քանի օր խոսելու, քննարկելու նոր թեմա կունենանք»:

Հայկուշ Ասլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter