HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ»-ը հրաժարվում է 100 հազար դրամ վճարել Գեղարքունիքի մարզպետին

Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Թամրազյանը վճռեց հօգուտ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի «Ժողովուրդ» օրաթերթից բռնագանձել 200 հազար դրամ և պարտադրել հերքում: Իսկ «Ժողովուրդ»-ի ներկայացրած հակընդդեմ հայցը, առանց որևէ մեկնաբանության, դատավորը մերժեց:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով՝ դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցի հաղթանակն ապահովելու համար:

Այս հրապարակումից մարզպետը վիրավորվել էր և «Ժողովուրդ»-ից պահանջում էր 2.5 մլն դրամ՝ իրեն զրպարտելու և վիրավորելու դիմաց: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն էլ հակընդդեմ հայցով մարզպետից հրապարակային ներողություն էր պահանջում՝ սիմվոլիկ մեկ լումայի փոխհատուցմամբ, քանի որ Պողոսյանն իր անպատասխանատու հայտարարություններով արատավորել է «Ժողովուրդ»-ի պատիվը:

Դատավոր Թամրազյանը վճռել է. «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից հօգուտ Նվեր Ղազարի Պողոսյանի բռնագանձել երկու հարյուր հազար ՀՀ դրամ, որից 100 հազար ՀՀ դրամը որպես փոխհատուցման գումար, 100 հազար ՀՀ դրամը որպես փաստաբանի վարձատրություն գումար: «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ Նվեր Ղազարի Պողոսյանի, երրորդ անձ Աննա Թորոսյանի՝ պատիվն ու արժանապատվությանն արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին, մերժել»:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը, տպագրելով Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել, «մեղավոր» դուրս եկավ, իսկ Աննա Թորոսյանն ու մարզպետ Նվեր Պողոսյանը՝ անմեղ «հրեշտակներ»:

Եվ փոխանակ մարզպետն Աննային մեղադրեր՝ իրեն ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար, «Ժողովուրդ»-ից է ցանկանում 100 հազար դրամով գնել իր պատիվը: Եվ լավ է, որ դատավորը պաշտոնապես արձանագրեց՝ մարզպետ Նվեր Պողոսյանի արժանապատվությունը ոչ թե 2.5 մլն արժե, այլ ընդամենը 100 հազար ՀՀ դրամ:

«Ժողովուրդ»-ը հրաժարվում է վճարել այդ գումարը մարզպետին՝ թերթի դեմ վճիռը համարելով անարդար: Այս կերպ լրատվամիջոցին ստիպել «լռել» ոչ մի դեպքում չի հաջողվի նրանց:

«Ժողովուրդ» օրաթերթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter