
«Ժողովուրդ» օրաթերթ. դատավորը դատը վարել է կոշիկները հանած
Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Թամրազյանը վճռեց հօգուտ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի «Ժողովուրդ» օրաթերթից բռնագանձել 200 հազար դրամ և պարտադրել տպագրել հերքում: Իսկ «Ժողովուրդ»-ի ներկայացրած հակընդդեմ հայցը, առանց որևէ մեկնաբանության, դատավորը մերժեց:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով՝ դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցի հաղթանակն ապահովելու համար:
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա հրապարակային ելույթի ... բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, և դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք... Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Այսպիսով, «Ժողովուրդ»-ը պահպանել է օրենքների, էթիկայի ու բարեխղճության բոլոր նորմերը: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի և 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով իրականացրել է մասնագիտական օրինական գործունեություն և վիճահարույց հոդվածում բառացի վերարտադրել է ինչպես մարզպետ Նվեր Պողոսյանին կաշառք վերցնելու մեջ մեղադրող Աննա Թորոսյանի, այնպես էլ մարզպետի խոսքերը:
Սակայն այս պարզ ճշմարտությունը չհասկանալով՝ դատավոր Թամրազյանը վճռել է. «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից հօգուտ Նվեր Ղազարի Պողոսյանի բռնագանձել երկու հարյուր հազար ՀՀ դրամ, որից 100 հազար ՀՀ դրամը որպես փոխհատուցման գումար, 100 հազար ՀՀ դրամը որպես փաստաբանի վարձատրություն գումար»: Լավ է միայն, որ պաշտոնապես արձանագրվեց, որ Նվեր Պողոսյանի արժանապատվությունը ոչ թե 2.5 մլն արժե, այլ ընդամենը 100 հազար ՀՀ դրամ:
Դատավորը նույն վճռով մերժել է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ Նվեր Ղազարի Պողոսյանի, երրորդ անձ Աննա Թորոսյանի: Օրաթերթն էլ մարզպետից հրապարակային ներողություն էր պահանջում՝ սիմվոլիկ մեկ լումայի փոխհատուցմամբ, քանի որ Պողոսյանն իր անպատասխանատու հայտարարություններով արատավորել է «Ժողովուրդ»-ի բարի համբավը: Բայց դատավորն այդ կարծիքին չէ:
Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը եկել է եզրակացության, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թամրազյանի կայացրած վճիռը բխում է բացառապես գործադիր իշխանության շահերից: Նա եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, մարզպետ Նվեր Պողոսյանի ուղղակի ազդեցության տակ և կատարել է նրա կամքը:
Այս վճռով, անկախ տուգանքի չափից, գործող իշխանությունները փորձ են անում համապետական ընտրություններից առաջ լռեցնել, սանձել ազատ խոսքը: Եվ քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը վճիռը համարում է անօրինական, ուստի հրաժարվում է վճարել այդ գումարը մարզպետին՝ չնայած ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը շատ է անհրաժեշտ այդ 100 հազար դրամը:
Վերջում կրկին ուզում ենք հայտարարել, որ անկախ կայացված ապօրինի և հակասահմանադրական վճռի բովանդակությունից՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի պատրաստվում նահանջել. մենք կշարունակենք բարձրաձայնել հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր խնդիրների մասին, ինչքան էլ դրանք դուր չգան փոխվելու խոստում տված ՀՀԿ-ին, «Բարգավաճ երկիր կառուցող» ԲՀԿ-ին կամ ինքնադրսևորման քայլեր կատարող ՕԵԿ-ին:
«Ժողովուրդ» օրաթերթ
Լուսանկարում դատավորն է, որը դատ է վարում կոշիկները հանած
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել