HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժառանգական Գառնիկ Սահակյանը դատի է տվել ոստիկանության տնտեսական վարչությանը

Ս.թ. մարտի 29-ին ժամը 11:30-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունանա «Սզնի» ՍՊԸ տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանի դատն ընդդեմ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության: Դատավորը Գայանե Կարախանյանն է:

Գործի նախապատմությունը հետեւյալն է: ՀՀ ոստիկանության տնտեսական վարչությունը 2011 թ. դեկտեմբերի 30-ին պաշտոնական նամակով ծանուցել է, որ «ՇՀԱՊՁԲ-11/4» ծածկագրով մրցույթի հանձնաժողովի կողմից 2011 թ. դեկտեմբերի 20-ին անցկացված մրցույթի արդյունքների ամփոփման նիստում ընդունված որոշմամբ 130 չափաբաժնով մրցույթի հաղթող է ճանաչվել  «Սզնի» ՍՊԸ-ն, որը վաստակել է 1272000 ՀՀ դրամի ծառայությունների կատարման իրավունք: Հաջորդ աշխատանքային օրը՝ 09.01.2012 թ., սահմանված ժամկետներում «Սզնի» ՍՊԸ-ի տնօրենը ներկայացել է ՀՀ ոստիկանություն` պայմանագիր կնքելու, սակայն նրան մերժել են անհիմն պատճառաբանությամբ, որից հետո Գառնիկ Սահակյանը դիմել է դատարան: «Սզնի» ՍՊԸ-ի գնային առաջարկը եղել է 318 դրամ, սակայն պայմանագիր է կնքվել «Նյու Ինտերնեյշնլ Բիզնես Ֆարմ» ՍՊԸ-ի հետ 900 դրամով, տվյալ պահին պետությանը պատճառելով 2328000 դրամ գումարի վնաս: Տարօրինակ չէ, որ երբ «Ժառանգությունը» պահանջում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, սոցիալական նպաստները` իշխանությունները հայտարարում են, որ պետբյուջեում փող չկա: Բյուջեում փող իրականում կա, պարզապես գործող իշխանությունը այն որպես կանոն նախատեսում է հիմնականում լվացման եւ սեփական հովանավորյալների գրպանը մտցնելու համար:

Հիշեցնենք, որ Գառնիկ Սահակյանը, լինելով «Սզնի» ՍՊԸ սեփականատեր, փոքր բիզնեսի այն եզակի ներկայացուցիչներից է, ով անհավասար պայքարի է բռնվել ՀՀԿ համամասնական ցուցակում ներգրավված Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմ» ընկերության մենաշնորհի եւ վերջինի կողմից` դեղերի ներկրման եւ իրացման ոլորտում փոքր ու միջին բիզնեսի ոչնչացմանն ուղղված ապօրինի գործողությունների դեմ: Այդ պայքարում Գառնիկ Սահակյանը «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության աջակցությամբ հասել է շոշափելի հաջողությունների: Այսպես, խնդրի վրա հրավիրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրությունը, որը «Նատալի Ֆարմի» դեմ վարույթ է սկսել, որը, սակայն անհասկանալի պատճառներով, անորոշ ժամանակով կասեցվել է այս տարվա մարտի կեսերին: Նա նաեւ շահել է մի շարք դատական հայցեր ընդդեմ այն բուժհաստատությունների, ովքեր ապօրինաբար մերժել են կամ խոչընդոտներ ու անհավասար պայմաններ են ստեղծել իր ձեռնարկատիրական գործունեության համար` հօգուտ «Նատալի Ֆարմի» եւ ոլորտի այլ արհեստական մենաշնորհների: Մասնավորապես, ս.թ. մարտի 22-ին Լոռու մարզի ընդանուր իրավասության դատարանը ամբողջությամբ բավարարեց Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի դեմ նրա հայցը:

Նշենք նաեւ, որ Գառնիկ Սահակյանը հարկադրված է թողնել ձեռնարկատիրական գործունեությունը եւ ընդգրկվել է «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 13-րդ տեղում` Ազգային ժողովում փոքր եւ միջին բիզնեսի շահերը օրենսդրորեն պաշտպանելու նպատակով:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter