
Զենքով, դանակով ու քարերով կռիվ Ազատամուտ գյուղում. համայնքապետի գլխին 5 կար է դրվել
Մարտի 25-ին Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում վեճ է եղել հենց համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի բակում: Արդյունքում համայնքապետի որդիներից 35-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը ձերբակալվել, ապա 3 օր անց կալանավորվել է: Ռոբերտն ամուսնացած է, ունի 3 երեխա: Քրեական գործ է հարուցվել նաեւ Ժորա Մարտիրոսյանի մյուս 2 որդիների նկատմամբ:
Ժորա Մարտիրոսյանը «Հետքին» պատմեց, որ Տավուշի մարզի «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Երիցյանը մարտի 25-ին մոտ 20 տղամարդ է հավաքել ու եկել է իր բակ եւ ծեծկռտուք է սարքել: «Նա Իջեւանից մարդ ա հավաքել, եկել ա իմ դուռը, 10 տարեկան թոռնիկիս էլ ա տվել (նկատի ունի ծեծել), կնոջս էլ ա տվել, դա չեմ ներելու: Թուրքը10 տարեկան երեխուն չի տալիս: Տեսել եք, թե Սումգայիթում ոնց էին 10 տարեկան երեխեքին կոտորում, ուրեմն նա թուրք ա»,- հավելեց Ժորա Մարտիրոսյանը:
Նրա ասելով՝ պատրաստվում է անձամբ գնալ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ եւ պատմել կատարվածի մանրամասները:
«Իմ որդուն բռնել են ու իրենց եղածը որդուս վրա են ուզում դնեն, դե, իրենք ուժեղ են, միլիարդներ ունեն անտառով: Իրանց մոտ զենք էլ է եղել, նռնակ ու ատրճանակ էլ է եղել: Եթե մեզ մոտ զենք չի եղել, ինչի՞ հիման վրա են ոստիկանության Տավուշի բաժնում քրեական գործ հարուցել 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Սա ի՞նչ խուժանություն է»,- ասում է Ժորա Մարտիրոսյանը:
Համայնքապետի ներկայացմամբ՝ ինքը նույնպես այդ ծեծկռտուքից տուժել է, եւ բժիշկները գլխին 5 կար են դրել, դանակի հարվածից ձեռքն է կտրվել, քարով էլ խփել են ոտքին:
«Ավազակային հարձակում է եղել իմ տան վրա: Հիշում եք, չէ՞, հոկտեմբերի 27-ը: Խի՞ այդպես պիտի մտնեն մարդկանց տները կոտորե՞ն, բա վերջը ես գյուղապետ եմ, համայնքի բնակիչ եմ, մի՞թե կարելի է անձեռնմխելի մարդուն այդպես կպնել: Թեկուզ հասարակ մարդ եմ, բա նման բան կանե՞ն»,- ասում է Ազատամուտի համայնքապետը:
Ժորա Մարտիրոսյանի ասելով՝ իր տղային անմեղ տեղն են բռնել: Նա չի բացառում, որ հնարավոր է՝ իր որդին էլ նրանց հարվածած լինի, սակայն այդ քայլով հորն ու իրեն է պաշտպանել, քանի որ իրենք զինված չեն եղել:
«Մի քանի օր առաջ մեր «Գազելը» քսվել ա նրա միրզամի (աներձագ) «Նիվային», նրանց միտքը ոչ թե «Նիվան» ա եղել, այլ գյուղապետի ընտրությունները, որովհետեւ կարային ԱՊՊԱ կանչեին: Ես գյուղի ՀՀԿ-ի նախագահն եմ, ունեմ 705 կուսակցական: Նրանք էլ «Բարգավաճ» են խաղում»,- հավելեց համայնքապետը:
Ժորա Մարտիրոսյանի պատմելով՝ Աշոտ Երիցյանի աներձագը՝ Արտեմ Սարիբեկյանը, ցանկանում է Ազատամուտում իր թեկնածությունն առաջադրել եւ հիմա նման արարքներով ուզում են ձայներ հավաքել եւ վատաբանել գործող համայնքապետին:
«Նա նախկին համայնքապետի տեղակալն է եղել: Ամբողջ համայնքը լուծարել են, առաջին դեմքն է եղել, որ լուծարել է համայնքը, տեխնիկան վաճառել է, ժողովրդին օգնություն եկած օգնությունն էլ է իր տուն տարել: Հիմա էլ ուզում է գյուղապետ դառնա, թող դառնա, ուզում են թող 50 թեկնածու դնեն, ես ի՞նչ գործ ունեմ»,- ավելացրեց Ժորա Մարտիրոսյանը:
Անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե իբր վեճը գնացել է ապօրինի ծառահատման պատճառով, Ժորա Մարտիրոսյանը նշեց, թե այդ վեճը ոչ թե անտառի կռիվ է, այլ գյուղապետի աթոռի, որ «գա, նստի ղեկավարի»:
«Տղաս ոչ թե ծառ է կտրել, այլ ծառի թափուկները հավաքում, բերում ածուխ են սարքում եւ վաճառում են մի քանի հոգով: Այդ աշխատանքով 10 ընտանիք է ապրում ու այդ փայտի համար էլ միշտ վճարել են անտառապետին»,- ավելացրեց նա:
Աշոտ Երիցյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել