
Ահարոն Ադիբեկյանը «Գելափին, բանին» չի հավատում
Անցած տարիներին նախընտրական շրջանում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պարբերաբար հայտնվում էր կապույտ էկրանին ու հայտարարում իր ղեկավարած «Սոցիոմետր» ընկերության հետազոտության արդյունքները: Այս անգամ՝ մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ, այդ դերը ստանձնել են այլ, ընդ որում՝ միջազգային ընկերություններ: Սակայն ավադույթը չի խախտվում. ինչպես միշտ Ադիբեկյանի հարցումներով, այնպես էլ հիմա միջազգային սոցիոլոգների տվյալներով ժողովրդի համար իշխանություններն անփոխարինելին են:
Երեք հեռուստաընկերությունների՝ «Արմնյուզի», «Շանթի» եւ «Արմենիայի» պատվերով հարցումներն անցկացնում են «The Gallup Organization»-ը, Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը եւ «Gallup International Association»-ը: Բայց սոցիոլոգ Ադիբեկյանն այս ընկերություններին չի հավատում, քանի որ տեղյակ է նրանց աշխատանքի մեթոդաբանությունից եւ գործիքների անկատարությունից: Բացի այդ՝ վերջիններս «Հայաստանում ունեն կատարողներ, որոնց արածի որակը բավականին կասկածելի է»:
«Օրինակ՝ ինձ մոտ ԲՀԿ-ն 30 տոկոսից պակաս դեռ չի ստացել, իրենց մոտ 22 է: Իրենք պատահական մարդուն հարցնում են՝ եթե վաղը լինի ընտրությունը, ձայնդ ո՞ւմ կտաս: Մեկն ասում է՝ Պողոսյանին, մյուսը՝ Պետրոսյանին, մի մասն էլ ասում է՝ չգիտեմ: Իրենք կարծիքները բաժանում են եւ ասում, թե ով է 1-ին, 2-րդ, 3-րդ տեղում: Իսկ ես այդ հարցին պատասխանելու համար տալիս եմ 11 հարց, որ կարողանամ վարկանիշը պարզել,- նշում է Ահարոն Ադիբեկյանը,- մենք ունենք հարցման վերահսկման 6 աստիճան, իրենք նման բան չունեն: Նրանց տվյալների տատանումը կկազմի մինչեւ 10 տոկոս, իմս միշտ եղել է 1-2 տոկոս»:
Հիշյալ միջազգային ընկերությունների պատվիրատուները իշխանությունների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն են: Արդյոք սա չի՞ նշանակում, որ Ահարոն Ադիբեկյանին այլեւս չեն վստահում: Հարցին ի պատասխան՝ սոցիոլոգը նախ նշում է, թե «Շանթին» չեն վերահսկում. այն լիովին անկախ է, հետո ավելացնում է, թե «էս անգամ եղավ այն, ինչ եղավ»:
«Ես խաղում եմ իմ սեփական խաղը, ես գիտնական եմ: Ունեմ մեծամասնականով առաջադրված 8-9 պատվիրատու, ունեմ կուսակցություններին խորհրդատվական ծառայություններ մատուցելու պատվեր: ԲՀԿ-ից են զանգում ինձ ու հարցնում՝ մեր գործերը ո՞նց են, Հանրապետականից են զանգում՝ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը կարող է զանգ տալ, ՀՅԴ-ից են ինձնից հետաքրքրվում՝ իրավիճակը ո՞նց է: Հիմա ում են վստահում՝ ի՞նձ, թե՞ «Գելափին»,- հարցնում է Ադիբեկյանը եւ ինքն էլ պատասխանում,- ինձ, որովհետեւ էսքան տարի ես անսխալ եմ, իմ մեթոդաբանությունը կատարյալ է»:
Վերջինս հիշում է Ազգային ժողովի անցած ընտրությունների նախաշեմը, երբ պարզել էր, որ Միավորված աշխատանքային կուսակցությունը խորհրդարանում չի լինի, իսկ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը «ցինիկ կերպով ասել էր՝ մենք կմտնենք ԱԺ, եւ թող սոցիոլոգները բացատրեն, թե դա ոնց եղավ»:
«Նա չանցավ: Արսենյանը առել էր 59 հազար 985 ձայն: Գիտեմ՝ ոնց էր առել եւ ում էր առել, էն էլ՝ 2 անգամ նույն տարածքում: Հիմա նույն տարածքում իմ կլիենտն է աշխատում, ասում է՝ որ տուն մտնում եմ, հաշիվ են ուզում: Բայց ինքը փող տվող չի, Դավիթաշենի թաղապետն է, լավ գործ է արել, իրեն սիրում, հարգում են: Ու եթե ինքը (Արսենյանը) գար ինձ մոտ եւ հարցներ՝ պարոն Ադիբեկյան, քանի՞ ձայն պետք է ունենանք, որ 5 տոկոսն անցնենք, պետք է ասեի՝ ընկեր ջան, եթե ուզում ես անցնել, 70 հազար ձայն պետք է գնես»,- ասում է սոցիոլոգ Ադիբեկյանը:
Նա նշում է, որ իր հաճախորդներին գաղտնի չի պահում, օրինակ՝ նախորդ ընտրություններում պատվեր է ստացել ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից: Եվ երբեւէ չի ունեցել այնպիսի պատվիրատու, որ ստիպի ինչ-որ թիվ փոխել: Պարզապես ինքը հրապարակում է միայն այն տվյալները, որոնք պատվիրատուի վարկանիշին չեն վնասի:
Թե ովքեր կլինեն նոր խորհրդարանում, Ադիբեկյանը վերջնականապես կպարզի ընթացող զարգացումների՝ քաղաքական ուժերի եւ գործիչների ելույթների, բաժանվող տրակտորների ու մուրաբաների եւ կառավարության՝ հարկային ոլորտի փոփոխությունների ազդեցությունը հաշվարկելուց հետո:
«Իսկ այսօրվա տվյալներով՝ ՀՀԿ-ն հավակնում է ընտրողների մինչեւ 40 տոկոսի քվեին, ԲՀԿ-ն՝ 35, ՀԱԿ-ը՝ 10: Մյուս 3 կուսակցություններին մնում է 15 տոկոս, բայց նրանց մեջ կան 6-ից 6,5 տոկոսի հավակնողներ: Չորրորդը լինելու հնարավորություն ռեսուրսային առումով ունի ՕԵԿ-ը, բայց հեղինակության առումով՝ ՀՅԴ-ն: «Ժառանգությունը» կարող է արհեստական խաղի վիճակի մեջ գտնվել»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել