HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բիրիքով» օպերատորներ ու լրագրողներ ԲՀԿ-ից (վիդեո)

Աջափնյակ համայնքում Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ լուրջ մրցակցության մեջ էին: Առավոտից ընտրական տեղամասի մուտքերի մոտ թե ԲՀԿ-ի, թե ՀՀԿ-ի ներկայացուցիչ երիտասարդները լայնածավալ գործունեություն էին սկսել, ինչպես իրենք էին հիմնավորում' «օգնում էին մարդկանց» հասնել ընտրատեղամաս, իսկ ԲՀԿ-ի երիտասարդներից մեկը՝ համամասնական ցուցակի 70-րդ հորիզոնականի, Աջափնյակ թաղամասի բնակիչ Գրիգոր Գրիգորյանը, 6/01 ընտրատեղամասում բացահայտ կողմնորոշում էր ընտրողներին մուտքի մոտ՝ «երկու հատ մեկ» բացականչություններով:

«Երկու հատ մեկը» նշանակում էր քվեաթերթիկների առաջին համարները՝ համամասնականում ԲՀԿ-ն առաջին համարն է, մեծամասնականով Աջափնյակում քվեաթերթիկում առաջինը ԲՀԿ-ի թեկնածուն է:

Հիշեցնենք, որ Աջափնյակում՝ 6-րդ ընտրատարածքում, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էին ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, գլխավոր դատախազի եղբայր, ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանը, «Ժառանգությունից» ՝ Արմեն Մարտիրոսյանը և անկուսակցական Ավետ Պողոսյանը:

Կկենտրոնանանք 6/01-ի վրա, չնայած գրեթե նույն վիճակում էր հարևանությամբ տեղակայված 6/02 ընտրատեղամասը:

Ժամը 20:00-ին` ընտրատեղամասը փակվելուց հետո, հաշվարկը շատ ուշ սկսվեց, իսկ տեղամասում, բացի հանձնաժողովի անդամներց ու վստահված անձանցից, նաև 2 երիտասարդ մնացին, որոնց նախագահը «ներս անցկացրեց» որպես լրագրող և օպերատոր՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունից: «Կենտրոնից» ներկայացող օպերատորին երբ խնդրեցինք վկայական ցույց տալ, ցույց տվեց «Կենտրոն» հեռուստաընկերության վկայական՝ Շավարշ Սիմոնյան անվամբ, որտեղ, սակայն, լուսանկար չկար: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հակոբյանը դրան ուշադրություն չդարձրեց, ոչ էլ գրանցամատյանում լրագրողներին գրանցող քարտուղարը: Օպերատորի տեսախցիկը ոչ թե հեռուստաընկերության, այլ ԲՀԿ-ի բաժանած փոքր խցիկն էր, իսկ ձեռքում ցուցակներ ու թղթեր կային:

«Կենտրոնի» օպերատորին ուղեկցող լրագրողը, պարզվեց, ոչ թե «Կենտրոնից» էր, այլ նորաբաց «Maxinfo» կայքից, ում վկայականի վրա նույնպես լուսանկար չկար: Սա էլ էր «վրիպել» հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի աչքից: Ավելին, «Maxinfo»-ի լրագրողը եռանդուն օգնում էր հանձնաժողովի նախագահին, երբ վերջինս ցուցակներն էր հաշվում: «Լրագրողը» լրագրողական գործունեություն այդպես էլ չկատարեց, միայն քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ հետևում էր ԲՀԿ-ի ձայներին ու ՀՀԿ-ի հետ հարաբերակցությանը, և երբ նկարահանում էինք նրան, կողքի ԲՀԿ-ական երիտասարդի ականջին շշնջաց. «Չմոռանանք վերջում ջարդենք սրա ապարատը»:

Իսկ հանձնաժողովի նախագահը սկզբում երբ իմացավ, որ մնալու եմ հաշվարկին, արգելեց տեսալուսանկարահանումը, և միայն այն բանից հետո, երբ խնդրեցի հղում անել տեղամասում տեսալուսանկարահանումն արգելող որևէ իրավական դրույթի, հանձնաժողովի անդամներից «դաբրո» ստանալուց հետո այլևս չխոչընդոտեց:

Ձայների հաշվարկը խաղաղ ընթացավ, սկզբում ԲՀԿ-ական երիտասարդները ոգևորվել էին: Մինչև հաշվարկի կեսը ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն հավասար ձայներ էին ստացել, երբեմն ԲՀԿ-ն նույնիսկ առաջ էր անցնում: Եվ չնայած ԲՀԿ-ականների գործադրած ջանքերին, հետո ՀՀԿ-ն առաջ անցավ համամասնական ցուցակով: ԲՀԿ-ական երիտասարդները, այդ թվում «Կենտրոնի» «օպերատորն» ու «Maxinfo»-ի լրագրողը, «մեծ վիշտ ապրեցին»: ՀՀԿ-ն և Ռուբեն Հովսեփյանը Աջափնյակում հաղթեցին: 

Հիմա անցնենք «Կենտրոնի» օպերատոր-լրագրողներին: Երեկ զանգվածային լրատվամիջոցները, այդ թվում գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեցին, որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել նաեւ օպերատոր Վարազդատ Պապիկյանին:

Փորձեցինք կապվել «Կենտրոն» հեռուստաընկերության՝ բռնության ենթարկված օպերատորի հետ՝ զրուցելու համար: Պարզվեց՝ օպերատոր Վարազդատ Պապիկյանին «Կենտրոն» հեռուստաընկերությունում չեն էլ ճանաչում: Հեռուստաընկերությունից վստահեցրին, որ իրենք նման անուն-ազգանվամբ օպերատոր չունեն: Փորձեցինք դատախազությունից նորից ճշտել միջադեպի «հերոսի» տվյալները, սակայն դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի հեռախոսահամարները չէին պատասխանում:

Լուսանկարում` ձախից Maxinfo-ից ներկայացած լրագրողն է, աջում` հանձնաժաղովի նախագահ Գեղամ Հակոբյանն է



Մեկնաբանություններ (1)

Փիրզուզա
Ալավեևրդում Կենտրոն հեռուսատընկերությունից կերած խմած հաստավիզ ու հաստափոր, սափրված գլուխներով երկու ֆորդ լրագրող ու օպերատոր կար, հենց ժամը 20-ը եկավ հավաքվեցին ու հայդա Երևան չմնալով ձայների հաշվարկին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter