HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վրացական դրոշը տեսե՞լ ես»

Հունիսի 26-ի առավոտյան Ախալքալաքի բոլոր բնակիչների` միմյանց տրված հարցը նույնն էր. «Վրացական դրոշը տեսե՞լ ես»:

Այդ օրն առավոտյան Ախալքալաքում տեղակայված ռուսական 62-րդ ռազմակայանի մուտքի մոտ արդեն ծածանվում էր վրացական դրոշը, իսկ այժմ ամեն առավոտ, ժամը 7-ին վրացական դրոշի տակ հնչում է վրացական հիմնը:

«Տարիներ շարունակ ռուսական դրոշն էր ծածանվում: Մեր աչքերին այնքան սովորական ու հարազատ էր ռուսական դրոշը, որ փոփոխությունը շատ աչքի ընկնող էր: Ով դեռ չէր տեսել, գնում էր հատուկ նայելու»,- պատմում է Ախալքալաքի բնակչուհի Վարդուհին:

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լեւան Նիկոլեիշվիլին եւ Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը հունիսի 27-ին ստոր ա գրել են Ախալքալաքի ռազմակայանը վրացական կողմին հանձնելու մասին հանձնման-ընդունման ակտ: Ինչպես հայտարարել է Լեւան Նիկոլեիշվիլին, ռուսական նախկին ռազմակայանի բոլոր կառույցները հանձնվել են վրացական զինված ուժերին:

Հիշեցնենք, որ ռուսական ռազմակայանի դուրսբերման վերջին ժամկետը հուլիսի 1-ն էր, իսկ հանձնման եւ ընդունման գործընթացը սկսվելու էր հունիսի 25-ից:

Հունիսի 25-ին Ախալքալաքի առաջին զինվորական ավան են ժամանել վրացական բանակի զինծառայողները: Եվ այդ օրվանից զինվորական ավանը, նրա ենթակառույցները եւ մուտքի հսկողությունը հանձված են վրացական զինված ուժերին: Ռուսական դիվիզիայի հրամանատարի շտաբը լքելու է ավանը ժամկետի վերջին օրը:

Քաղաքում բոլորը գիտեին, որ հունիսի 25-ի գիշերը վրացական բանակի 50 զինվորականներ են ժամանել Ախալքալաք: Մեզ չհաջողվեց պաշտոնապես ճշտել այս տեղեկատվությունը վրացի հրամանատարներից, քանի որ վրացի զինվորները թույլ չտվեցին մտնել շտաբ: Փորձեցինք զրուցել մուտքը հսկող վրացի զինվորականների հետ, բայց մեր բոլոր հարցերի պատասխանները նույնն էին. «Առայժմ ոչինչ չենք կարող ասել, իրավունք չունենք»: Իսկ թե ինչու են գիշերը ժամանել, վրացի զինվորականը պատասխանեց` այդպես էր պետք: Ռազմակայանի մուտքի մոտ գտնվելու ժամանակ երեք «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենաներ ռազմակայան էին տեղափոխում վրացի զինվորականներին: Զորքերի փոխադրումը Ախալքալաքի զինվորական ավան շարունակվում է:

Բնակիչների հետիոտն մուտքը դեպի ավան դեռեւս ազատ է, իսկ ավտոմեքենաների համար խիստ հսկողություն է սահմանված: Նախկին ռուսական ռազմակայանի անցագրերն այլեւս չեն գործում: «Ես ռուսական անցագրով էի միշտ մտնում ու որեւէ խնդիր չէի ունենում, իսկ հենց նոր ինձ թույլ չտվեցին ներս մտնել, ասացին` ռուսական անցագիր է, մեքենան կանգնեցրեք եւ ոտքով անցեք,- ասաց զինվորական ավանում ապրող բնակիչներից մեկը:

Զինվորական ավանի բնակիչները խառնաշփոթ եւ անհանգիստ վիճակում են: Շրջապատում պտտվող տարաբնույթ խոսակցությունները ավանի բնակարանների, տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նրանց վրդովմունքի առիթն են դառնում. «Մենք բոլորս սպասում ենք, թե ինչ է լինելու: Մեկն ասում է, թե մեզ հանելու են, որ իրենց զորքերը տեղավորեն մեր տներում, մյուսն ասում է` Վրաստանի քաղաքացիները կարող են շարունակել ապրել ավանում, իսկ Ռուսաստանի քաղաքացիներին, նամանավանդ ում որ բնակարանով ապահովել են, հանելու են»,-ասում է ավանի բնակիչ Անահիտը:

«Չգիտենք էլ` ում են բերելու, ասում են` հատուկ նշանակության ջոկատներ են լցնելու, մենք նույնիսկ վախենում էլ ենք, կհարմարվե՞նք վրացիների հետ, լեզու կգտնե՞նք: Արդեն քանի տարի է ռուսների հետ ենք ապրում: Նրանց հետ միշտ խաղաղ ենք ապրել, տարաձայնություններ չենք ունեցել»,- շարունակում է մեկ այլ բնակիչ` Շողերը:

Հունիսի 30-ին դադարեցվել է զինվորական ավանի էլեկտրամատակարարումը: Յուրաքանչյուր բնակիչ, ով կցանկանա լույս ունենալ, պետք է կանխիկ 20 լարի (մոտ 4000 դրամ) վճարի, որ նրա լույսն անհատական հաշվիչից միացնեն:

62-րդ ռուսական ռազմակայանում գործում էր մեկ միջնակարգ դպրոց, մեկ մանկապարտեզ, մեկ երաժշտական դպրոց, զինվորական հիվանդանոց, սպայի տուն, ակումբ եւ այլ տեխնիկական նշանակության կառույցներ: Այդ կառույցներում, ինչպես նաեւ հենց ռազմակայանում, աշխատում էին նաեւ տեղացի հայերը: Այժմ բոլոր այդ կառույցները փակված են: Բնականաբար, փակվել են նաեւ աշխատատեղերը: Օրինակ` ռազմակայանի ռուսական դպրոցից Ախալքալաքի Վլ. Մայակովսկու անվան ռուսական դպրոց է տեղափոխվել 300 աշակերտ, իսկ ուսուցչական անձնակազմի ապագան դեռ անհայտ է: Նրանք մնացել են առանց աշխատանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter