
«Բժիշկների նկատմամբ կայացվել է ձերբակալման ապօրինի որոշում»
Նախաքննական մարմինն այսօր մեղադրանք է առաջադրել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի բժիշկներ Վարդան Մխիթարյանի և Գեորգի Իլոյանի նկատմամբ, միաժամանակ կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան: Արդեն 2,5 օր է՝ բժիշկները ձերբակալված են: Նրանց շահերը ներկայացնող փաստաբաններն այս պահին Վանաձորի դատարանում վիճարկում են ձերբակալման անօրինկանությունն ու կալանքի միջնորդության անհիմն լինելը:
«Ձերբակալել են առանց ձերբակալման նպատակի, առանց ձերբակալման հիմքերի՝ խախտելով նաև ձերբակալման դատավարական կարգը»,- ասում է Վարդան Մխիթարյանի օրինական շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Նկատում է, որ ձերբակալել են բարձրագույն կրթությամբ բժիշկների, որոնք ունեն բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր, դրական բնութագրեր, աշխատանքի վայր, մշտական բնակության վայր, անձը հաստատող փաստաթղթեր: Բայց քննիչն այս ամենը հաշվի չի առել: Ընդ որում` նրանց քննչական բաժին է հրավիրել հեռախոսազանգով` ձերբակալելով 7 ամիս ընթացող գործով այն դեպքում, երբ նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում քննիչի կանչով բժիշկները մշտապես ներկայացել էին հարցաքննության: Ուստի, ըստ փաստաբանի, նրանց ձերբակալելու անհրաժեշտություն չկար:
Նրա խոսքով` կոպտորեն խախտվել է ձերբակալման վերաբերյալ օրենքով սահմանված բոլոր նորմերը: Բացի այդ, ձերբակալման համար քննիչը հիմք է ընդունել նույն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի հիման վրա 2 ամիս առաջ էր քրեական գործ հարուցել. մահվան դեպքը գրանցվել է 2011 թվականի հոկտեմբերի 11-ին: Նյութերն սկսել են նախապատրաստվել հոկտեմբերի 12-ից: Լոռու մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 2012 թվականի մարտի 23-ին, ՀՀ Քր.օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասով` «բուժաշխատողների կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը, որի հետևանքով վրա է հասել անզգուշությամբ մարդու մահ»: Քրեական գործի հարուցման համար հիմք է ընդունվել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի` բժիշկների գործողություններում եղել են թերություններ: Բժիշկները ձերբակալվել են այդ հիմքով քրգործ հարուցելուց 2 ամիս հետո միայն:
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի համոզմամբ` դատարանը պետք է մերժի կալանավորման միջնորդությունը, քանի որ բացարձակ անհիմն է, չպատճառաբանված և անօրինական: Համոզված է նաև, որ հետագայում հասնելու է նաև իր պաշտպանյալի արդարացմանը դատարանով: Փաստաբանը նաև հայտնում է, որ նաև բողոք է ներկայացնելու ձերբակալում իրականացնող և ձերբակալման ցուցում տվող պաշտոնատար անձանց դեմ`քննիչի և հսկողություն իրականացնող դատախազի: «Իմ կարծիքով` ակնհայտորեն խախտելով օրենքը` չէին կարող չիմանալ այդ օրենքի պահանջները: Պետք է վերջ տրվի նման ապօրինություններին այն անձանց կողմից, ովքեր կոչված են օրենքի պահապանը լինելու»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել