
Հունիսի 20-ին կհրապարակվի «168 ժամ» թերթի գործով դատական ակտը
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ արտաշատցի Մարգարիտա Մարտիրոսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու հայցով նախնական դատական նիստն ընդդեմ Հռիփսիմե Կարապետյանի և երրորդ անձ «168 ժամ» թերթին:
Պատասխանող կողմը պատշաճ ծանուցված էր, սակայն ներկա չէր նիստին, սակայն նիստը շարունակվեց, քանի որ կողմը բազմիցս բացակայել է նիստերից:
Հայցվորի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը պնդեց իր դիրքորոշումն առ այն, որ պատասխանողի`«Չեմ կարող էսպես ապրել, անմեղ մարդ է դատվել» վերնագրով հոդվածը, որը «168 ժամ» թերթում տպագրվել է 04.11.2010թ.-ին, հայցվորի հասցեին ակնհայտ անհիմն մեղադրանքներ և վերջինիս պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ է պարունակում:
Այսպիսով դատաքննությունն ավարտվեց, և դատական ակտի հրապարակման օր նշանակվեց հունիսի 20-ը:
Մեկնաբանել