HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արամուսում իրարանցում է. ոստիկաններն առգրավել են ԲՀԿ-ական համայնքապետի փաստաթղթերը

Մոտ երկու ժամ է` Կոտայքի մարզի Արամուսի համայնքապետարանի շենքը փակված է, եւ ներսում իրավապահները ստուգումներ են իրականացնում:

ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի ժամանակավոր պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ գյուղում իրարանցում է, եւ իրենց համար անհասկանալի գործողություններ են իրականացվում:

Ըստ նրա` իրավապահ մարմինները խոչընդոտում են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մուտքը համայնքապետարան:

«Այստեղ ինչ-որ անհասկանալի ստուգումներ են գնում, որ կարծես թե քաղաքական հետապնդումների հոտ է գալիս: Ստուգումներ են իրականացվում այն նուն օրը, որը համընկնում է համայնքապետի ծնողի մահվան 40-րդ օրվա հետ: Փորձեր ենք իրականացնում հետաքրքրվել, ներս մտնել, փոխհարաբերություններ հաստատել, այդ թվում՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, սակայն իրավապահները ոչ բարի կամք են դրսեւորում, ոչ էլ ցանկանում են ինչ-որ առնչություն մեզ հետ ունենալ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Լրատվության պատասխանատուի ասելով՝ ստուգումներն իրականացնում են քննչական գլխավոր վարչության ոստիկանները:

Արամուսի համայնքապետ Հրայր Նիկողոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ համայնքապետարանում, իրոք, ստուգումներ են, եւ իրավապահները դատարանի որոշումով բոլոր ֆինանսական փաստաթղթերն առգրավել են:

«Չեմ կարողանում աշխատել, ոչ էլ ժողովրդին կարողանում եմ պատասխանել: Դուռը փակել են, ոչ մի մարդ ոչ կարողանում ենք ընդունել, ոչ բաց թողել: Ստուգումներն իրականացնում են դպրոցի չարաշահումների հետ կապված: Չգիտեմ, թե համայնքապետարանն ինչ կապ ունի դպրոցի հետ: Իմ տեղակալը դպրոցում ֆիզկուլտի ուսուցիչ է, երեւի դրա մեջ են կապեր տեսնում»,- ավելացրեց համայնքապետը:

Հրայր Նիկողոսյանն ասաց, որ կուսակցության ստեղծման օրվանից ինքը ԲՀԿ անդամ է եւ չի բացառում, որ այս ստուգումներն էլ քաղաքական բնույթ ունեն: «Հնարավոր է` քաղաքական բնույթի է այս ստուգումը, ինչու չէ, այս երկրում ամեն ինչ հնարավոր է»,- ավելացրեց համայնքապետը: Մանրամասներին կանդրադառնանք ավելի ուշ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter