
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը թաքցնում է պաշտոնյաների ունեցվածքը
Արդեն մեկ ամիս է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանի հետ նամակագրության մեջ եմ, ինչ է թե հանձնաժողովը պետք է տրամադրի մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի և եկամուտների հայտարարագրերի տվյալները: Ի վերջո, հանձնաժողովը տրամադրեց պահանջված տեղեկատվությունը, սակայն ստանալուց հետո մտածեցի՝ արդյոք այդ տեղեկության համար արժե՞ր այդքան ժամանակ ծախսել:
Կառավարությունն իր 2011 թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշմամբ սահմանել է հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ձևը, սակայն էթիկայի հանձնաժողովը մեզ տրամադրել է ոչ թե այդ ձևին համապատասխան տեղեկություններ, այլ հայտարարագրերի պատճենները՝ ընդգծված փակելով որոշ տվյալներ:
Մայիսի 2-ին Էմիլ Բաբայանը տեղեկացրել էր, թե հանձնաժողովը չի կարող տրամադրել պահանջված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի պատճենները, այլ կարող է տրամադրել նշված անձանց հայտարարագրերից, կառավարության որոշման համաձայն, հրապարակման ենթակա տվյալները: Սակայն այն, որ մեզ տվյալներն ուղարկվել են կառավարության սահմանած ձևին չհամապատասխանող ձևաթղթով, պարզ երևում է նաև պաշտոնյաների ստորագրությունները փակելուց, քանի որ հրապարակման ենթակա ձևաթուղթը չէր կարող պաշտոնյան ստորագրել, իսկ հանձնաժողովն էլ՝ դրանք ընդգծված փակել:
Ըստ կառավարության 2012թ. մայիսի 3-ի թիվ 627-Ն որոշման 1-ին կետի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալներն են՝
8) անշարժ գույքի տեսակը, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցել է 50 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը,
9) շարժական գույքի տեսակը, մակնիշը, սերիան, հարկային տարում ձեռք բերված գույքի գինը և արժույթը, հարկային տարում օտարված գույքի գինը և արժույթը, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա ամուսնու կողմից հարկային տարվա ընթացքում օտարված, իսկ ձեռքբերման դեպքում՝ նաև ձեռք բերված շարժական գույքի մեկ միավորի գինը գերազանցել է 7 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը,
10) Արժեթղթերը և (կամ) այլ ներդրումը հավաստող փաստաթղթի տեսակը և արժույթը, հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման գինը (արժեքը), հարկային տարում արժեթղթերի օտարման գինը (արժեքը), եթե գործարքի գինը գերազանցել է 5 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Դա է պատճառը, որ մեզ տրամադրված տեղեկատվության մեջ, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող և ոչ մի անշարժ և շարժական գույքի տեսակ չի երևում. հատուկ ընդգծված ձևով հանձնաժողովը փակել է: Դժվար է հավատալ, որ Գագիկ Ծառուկյանը հարկային տարում ձեռք բերած 50 մլն դրամը կամ արտարժույթը գերազանցող անշարժ գույք չունի, մանավանդ՝ հանձնաժողովը փակել է միայն անշարժ գույքի տեսակը, իսկ «պտիչկան», որ նման անշարժ գույք կա, մնացել է, սակայն արժեքները դարձյալ բացակայում են: Վերջում նշված է ձեռք բերված թվով 13 անշարժ գույքի ընդհանուր արժեքը` 75 մլն 124 հազար դրամ, ինչը լիովին բավարար էր գույքի տեսակը չթաքցնելու համար: Բացի դրանից՝ թեև Գագիկ Ծառուկյանը նշել է 8 մլն դրամը կամ արտարժույթը գերազանցող գույք, սակայն արժեքները նշված չեն, ինչը օրենքի խախտում է, և հանձնաժողովը նման հայտարարագիր չպետք է ընդուներ:
Հանձնաժողովը նույն սկզբունքով փակել է վարչապետ Տիգրան Սարգսյանի անշարժ և շարժական գույքը, արժեթղթերն ու ներդրումները, նրա տիկնոջը պատկանող անշարժ գույքը, հանձնված կամ վերադարձված փոխառությունները: Մինչդեռ վարչապետը հարկային տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել, որոնց տեսակը չնշվելու դեպքում լուրջ կասկած է առաջանում՝ արդյոք այն չի գերազանցում 50 միլիոն դրամը, մանավանդ որ վարչապետը չի նշել դրանց արժեքը, իսկ հանձնաժողովը դրանք անհիմն փակել է: Նույնը վերաբերում է տիկնոջը պատկանող գույքին: Հետաքրքիր է՝ այս պարագայում հանձնաժողովն ի՞նչ սկզբունքով է որոշել, որ վերը նշված անշարժ գույքերը հրապարակման ենթակա չեն:
Եթե հանձնաժողովն իր լիազորությունները կատարեր ամբողջությամբ և տրամադրեր սահմանված ձևաթղթով տեղեկությունները, ապա կասկածներ չէին առաջանա, քանի որ այնտեղ մշակված կլինեին տեղեկությունները: Իսկ այս դեպքում երևում է, որ պաշտոնյան գույք ունի, սակայն տեսակն ու արժեքը թաքցված են:
2011թ. մայիսի 26-ին, երբ ընդունվեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային վերաբերող նորմերը և գույքի ու եկամուտների հայտարարագրերը, կասկածներ առաջացան, որ դա արվում է միջազգային կառույցների աչքերին «թոզ փչելու» համար: Սակայն վարչապետից մինչև իշխանական թևի ցանկացած պատգամավոր առիթի դեպքում հայտարարում էր, թե օրենքը լուրջ լծակ և զսպող ուժ է լինելու բարձրաստիճան պաշտոնյաների համար, իսկ հանձնաժողովն անկախ ու անաչառ է լինելու և լուրջ բացահայտումներ է անելու:
Ստեղծված հանձնաժողովը, որն օրենքով պետք է անկախ լինի, բացի նրանից, որ գործում է ՀՀ նախագահի նստավայրում, նամակներին պատասխանում է ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված ծրարներով՝ տպավորություն ստեղծելով, որ հանձնաժողովը նախագահի աշխատակազմի մաս է կազմում:
Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել