HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրայինը հերքել է Եհովայի վկաների մասին հրապարակած տեղեկատվությունը

Եհովայի վկաների պաշտոնական կայքեջում զետեղվել է հետևյալ տեղեկությունը. «2012թ. հունիսի 5-ին «Հայլուր» լրատվականի հեռուստադիտողները դիտեցին մի բան, որը հազվադեպ երևույթ է հայ հանրության համար. «Հայլուր» լրատվականը հրապարակեց Եհովայի վկաների մասին տարածած սուտ տեղեկատվության հերքումը»: 

Կրոնական կազմակերպությունը վիճարկում էր 2010թ. նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդաշարերի ընթացքում հնչած տեղեկությունն այն մասին, որ Սևանում տեղի ունեցած` իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է: Գործը գտնվում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի վարույթում:

Հիշեցնենք, որ կողմերը ներկայացրել էին իրենց տեսակետները, թե որոնք են դիտել որպես զրպարտույթուն և վիրավորանք

Չնայած հայցվորը պնդում էր, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունները, թե Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է հերքման տեքստը հրապարակել և կրոնական կազմակերպությունից ներողություն խնդրել, այնուամենայնիվ Հ1-ը 2012թ. մայիսի 15-ին ստորագրել է հաշտության համաձայնություն և հեռարձակել հերքումը, այն հրապարակել է նաև իր պաշտոնական կայքում

Հանրայինը հերքել է այն տեղեկությունը, թե Սևան քաղաքում իր ծնողներին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող երիտասարդը առնչվում է Եհովայի վկաների կրոնական համայնքի հետ` հղում կատարելով ՀՀ ոստիկանության Սևանի քննչական բաժանմունքում հարուցված թիվ ԳԴ5/0007/01/11 քրեական գործով պարզված հանգամանքերին: «Նշված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզ է դարձել, որ ծնողներին սպանած Արման Թորոսյանը Եհովայի վկա չէ, հետևաբար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նույնպես հերքում է տեղեկատվությունն առ այն, որ իր ծնողներին սպանած Արման Թորոսյանը Եհովայի վկա է»,-նշված է հերքման տեքստում:  Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նաև տեղեկացնում է, «Հայլուր» լրատվական և «Տեսանկյուն» հաղորդումներով Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությանը վիրավորելու նպատակ չի ունեցել:

Ըստ հաշտության համաձայնության պայմանների՝ Հանրային հեռուստաընկերությունը հերքումը հեռարձակել է 2012թ. հունիսի 5-ին՝ երեքշաբթի օրը՝ 17:00-ին և 22:00-ին հեռարձակվող լրատվական ծրագրի առաջին 20 րոպեների ընթացքում:

«Ոչ ոք չի ցանկանում, որ իր մասին սուտ տեղեկատվություն հեռարձակվի, և մենք էլ բացառություն չենք,– նշել է Նյու Յորքում Եհովայի վկաների գլխավոր վարչության խոսնակ Դեյվիդ Սիմոնյանը: – Կարևոր է, որ հայ հանրությունը լսի ճշմարտությունը Եհովայի վկաների մասին, և մենք ուրախ ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը քայլեր ձեռնարկեց շտկելու ստեղծված իրավիճակը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter