
«Հայփոստը» գիտի, որ EMS ծառայության վիճակը բարվոք չէ, բայց...
Կարճ ժամկետներում փաստաթղթերի եւ ծանրոցների առաքման «Հայփոստի» արագընթաց փոստային ծառայությունը (ԱՓԾ, EMS) այս տարվա առաջին եռամսյակում աշխարհում 120-րդ հորիզոնականն է զբաղեցրել:
Ընդ որում' ոչ թե բարելավել է դիրքերը անցյալ տարվա ցուցանիշների համեմատ, այլ վատթարացրել. անցյալ տարվա վերջին եռամսյակում «Հայփոստի» արագընթաց փոստային ծառայությունը 101-րդ տեղում էր:
Ուսումնասիրությունը կատարել է միջազգային խոշորագույն աուդիտորական եւ խորհրդատվական «Փրայսուոթերհաուսկուպերս» (PriceWaterHouseCoopers) ընկերությունը, որը պարբերաբար գնահատում է արագընթաց փոստային ծառայությունների վիճակն աշխարհում:
Հայաստանի հարեւան Ադրբեջանը շատ ավելի բարձր հորիզոնականներում է. այս տարի Ադրբեջանը հայտնվել է 22-րդ տեղում, իսկ անցյալ տարվա վերջին եռամսյակում' 17-րդ: Հայաստանի համեմատ առավել լավ վիճակում են, օրինակ, Մյանմարը' 41-րդ, Ռուանդան' 71-րդ, Տոգոն' 87-րդ տեղ: Առավել վատթար են Վրաստանի ցուցանիշները' 155-րդ հորիզոնական, անցյալ տարվա վերջին եռամսյակում' 154-րդ:
«Հայփոստի» մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը «Հետքի» հետ զրույցում նման ցածր ցուցանիշները բացատրեց նրանով, որ ընկերությունն ավելի շատ կրավորական դիրք է զբաղեցնում, քանի որ ծանրոցների առյուծի բաժինը արտերկրից է գալիս: 2010թ. Հայաստանից արտերկիր առաքվել է 2159 առաքանի, մուտքը կազմել է 13 009: Այս տարվա առաջին եռամսյակում արտերկիր է առաքվել 449, Հայաստան է մտել' 3 906 ծանրոց:
|
Ընթացիկ արդյունքներ |
Նախորդ արդյունքներ |
Հասել է ժամանակին |
60.22% |
66.68% |
Հասել է 1 օր ուշ |
10.69% |
8.21% |
Հասել է 2 օր ուշ |
6.77% |
3.98% |
Հասել է 3 օր ուշ |
4.80% |
3.01% |
Հասել է ավելի քան 3 օր ուշ |
9.65% |
3.39% |
Տեղեկություններ չկան |
6.38% |
13.32% |
Երկրորդ կարեւոր հանգամանքը, ըստ Գեւորգ Աբրահամյանի, ինտերնետային առեւտրի զարգացումն է երկրում: «Փոստային առաքանիների ակտիվացումը ամբողջ աշխարհում հիմնականում կապվում է ինտերնետային առեւտրի հետ: Եթե ինտերնետ առեւտուրը Հայաստանում ավելի քիչ է աճել, բնականաբար, մենք մյուսների համեմատ առաջընթաց չենք ունենա»,- ասաց Գեւորգ Աբրահամյանը: Հարցին, թե ի՞նչ կապ ունի ինտերնետային առեւտուրը, եթե, օրինակ, «Հայփոստի» գրասենյակից EMS ծառայությամբ ուղարկված փաստաթղթերի փաթեթը հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի հասնում է ոչ թե 3-4 օրում, ինչպես նախատեսում է ծառայությունը, այլ 10-11 օրում, Գեւորգ Աբրահամյանը պատասխանեց, որ Վրաստանի հետ օդային մշտական կապ չկա, իսկ EMS-ի առաքանիները ուղարկվում են օդային ճանապարհով: Այսինքն' ծանրոցը կարող է 1-2 տրանզիտային կետում հայտնվել:
Վրաստան ուղարկվող առաքանին նախ գնում է Ավստրիա, այնուհետեւ Վրաստան: «Չմոռանանք, որ շրջափակման մեջ գտնվող երկիր ենք, մենք չունենք մշտական կոնտակտ, համենայնդեպս դա չէի կապի միայն փոստի գործունեության հետ»,- հիմնավորեց մամուլի քարտուղարը: Նա նաեւ վստահեցրեց, որ Հայաստան հասնելուց հետո EMS-ները մեկ օրվա ընթացքում հասնում են իրենց հասցեատիրոջը, եթե չկա մաքսայինի հետ կապված ձեւակերպումների խնդիր:
Գեւորգ Աբրահամյանը վստահեցրեց, որ նախատեսվում են բարելավումներ, այդ թվում նաեւ EMS ծառայության համար: Համապարփակ ծրագիր է մշակվել, որը առաջիկայում կներկայացվի հանրությանը: Թե որքան գումար են ներդնելու EMS ծառայության բարելավման համար, մամուլի քարտուղարը չգիտեր: Միայն մանրամասնեց, որ փոխվելու են տեխնոլոգիական միջոցները, սորտավորման կենտրոնը լինելու է ավելի օպտիմալ տարածքում, նոր մեքենաներ են ստացել, եւ առաքման բուն պրոցեսն ավելի է արագանալու: «Մենք գիտենք, որ այնքան էլ բարվոք չէ մեր այս ոլորտի վիճակը, այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկում ենք, եւ առաջիկայում հուսով ենք' կշտկվի»,- հավելեց «Հայփոստի» մամուլի քարտուղարը:
Մեկնաբանել