HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ «Նուբարաշեն» ՔԿՀ 33 խցի կալանավոր Արման Դավթյանից

Հարգելի խմբագրություն, շատ եմ խնդրում Ձեզ, որ անպայման իմ նամակը տպագրեք: Դիմում եմ Ձեզ, քանզի անզոր եմ այլապես պայքարել մեր իսկ ընտրած Ազգային ժողովի և Սահմանադրության, օրենքների և իբր պահապանների ու կատարածուների դեմ նույնիսկ օրենքով, բազմիցս անգամ դիմել եմ տարբեր ատյաններին: Դիմել եմ ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին, ՄԻՊ Կ. Անդրեասյանին, ոստիկանապետին, Ազգային անվտանգության պետին, Հելսինկյան կոմիտեի նախագահին, Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի նախագահին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահին, Հատուկ քննչական ծառայության պետին, վերաքննիչ դատարանին և այլոց, սակայն մինչև այսօր ոչ մի դրական պատասխան չեմ ստացել՝ նախաքննական մարմինների՝ իմ նկատմամբ ծավալված ապօրինության մասին:

Սակայն երևի ընդունված ծես է սխալները շտկելու և անմեղին արդարացնելու փոխարեն, էլ ավելի ստոր քայլերի են դիմում միայն թե զրպարտեն ու դատապարտեն, և դրա շնորհիվ չբացահայտված գործեր բարդեն անմեղ մարդու վրա՝ բացահայտման ցուցանիշները ավելացնելու համար:

2011թ.-ի հունիսի 13-ի լույս 14-ին, առավոտյան ժամը 6-ին Մաշտոցի ՆԳ-ի բաժնի ոստիկանները խուժանի պես ներխուժեցին իմ ու կնոջս՝ Սոնա Մկրտչյանի վարձակալած բնակարան: Նրանք չեն եղել ոստիկանի համազգեստով, չեն ներկայացրել ոչ մի վկայական և թե ինչում են ինձ մեղադրում: Այդ ժամանակ մեր տանն էր գտնվում իմ ընկեր Արտուր Մանուկյանը, բոլորիս բջջային հեռախոսները խլեցին՝ թույլ չտալով զանգենք ծնողներիս, և գազանաբար բոլորիս բերման ենթարկեցին Մաշտոցի ՆԳ բաժին:

Ինձ ծեծի ենթարկելով՝ ոտքով և ձեռքով ստիպում էին, որպեսզի իմ չարած գողությունն ասեմ՝ ես եմ արել: Օպեր Արմանը պարկետով հարվածեց և կոտրեց ձախ ձեռքիս մատները և ճկույտիս եղունգը, որը մինչև այժմ չի գալիս: Երբ բղավեցի ձեռքս կոտրվեց, իրենք էլ տեսան, քանի որ արյուն էր գալիս, այլևս չհարվածեցին և սկսեցին իրենց չարագործ գործը շարունակել էլէկտրաշոկով հոսանք տալ մեջքիցս, որի հետևանքով այրվել էր մեջքս, կա դատաբժշկի եզրակացությունը:

Այդ ոստիկանի կերպարի տակ թաքնված հրեշները, խոշտանգելով կնոջս և ընկերոջս, ցուցմունքներ են բռնի ուժով կորզում՝ իբր ես, Արտուրը և ոմն Արմենը գողություններ ենք կատարել և գողացած ապրանքները տվել ենք Սոնային, որպեսզի տանի վաճառի: Քրեականի պետ Արտուր Գևորգյանը, այս սուտ գրած ցուցմունքները ձեռքին, եկավ ինձ մոտ, ցույց տալով ասաց՝ «սա բավարար է քեզ և մյուսներին դատելու համար»: Սակայն ես չհավատացի, որ Սոնան և Արտուրն են գրել, իսկ քրեականի պետ Գևորգյանը Սոնային ստիպում էր, որպեսզի գա, կանգնի դիմացս և ասի, որ ինքն է գրել: Սոնան լացում էր և չէր գալիս: Ես այլևս չէի դիմանում թե՛ մարմնական ցավին և թե՛ հոգեկան, չէ որ խոշտանգում էին կնոջս, անգամ պատրաստ էի սպանություն հանձն առնել, միայն կնոջս չխոշտանգեին և բաց թողնեին:

Ստիպված քրեականի պետ Ա. Գևորգյանին ասացի, որ հանգիստ թողնի Սոնային և ասի, թե ինչ պետք է անեմ, որպեսզի բաց թողնի կնոջս և ընկերոջս: Գևորգյանն ինձ ասաց՝ «Արտուր Մանուկյանի գրած գողությունները կգրես դու ես արել և մի քանի հատ էլ բնակարանի գողություններ, բոլորին բաց կթողնենք»:

Սրբիչ թրջեցին, տվեցին, դրեցի ձեռքիս, մի երկու հատ էլ ցավազրկող դեղահաբ տվեցին, խմեցի: Ես համաձայնեցի քրեականի պետ Գևորգյանի առաջարկի հետ և գրեցի, որ գողություններ եմ արել իմ ընկեր Գարիկի հետ, սակայն իրականում ես Գարիկ անունով ընկեր և ծանոթ չունեմ: Մեկ օր բոլորիս պահեցին ոստիկանությունում, օպերների տարբեր սենյակներում: Նշեմ նաև, որ այդ օրը առավոտյան 17-րդ թաղամասում բնակվող իմ ընկեր Արման Սարգսյանին և Արմանի ընկեր Սամվել Ավագյանին էլ էին բերման ենթարկել:

 Քրեականի պետ Գևորգյանի գլխավորությամբ օպերները ինձ տարան և ցույց տվեցին գողություններ կատարված բնակարանների հասցեները և ասացին որտեղից ինչ է գողացել, որպեսզի քննչական փորձարարության ժամանակ մատնացույց անեմ: Հունիսի 15-ին ժամը 15-ի մոտ, քրեականի պետը մեզ բոլորիս հավաքեց իրեն սենյակում, ասաց՝ «հենց հիմա Սոնային, Արտուրին և Սամվելին բաց եմ թողնում, Արման Սարգսյանին երկու օրից բաց կթողնենք» և ինձ ասաց, որ «Արման Սարգսյանը գրել է, որ միասին թվով 9 հատ գողություններ եք կատարել, պետք է համաձայն լինես Արման Սարգսյանի դրած գողությունների հետ, թե չէ ոչ մեկին բաց չեմ թողնի, նաև քննիչի մոտ պետք է գրես, որ ձեռքդ 4 օր առաջ է կոտրվել», ու բոլորին զգուշացրեց, որ եթե այս մասին մեկին պատմեն սաղիս կդատի:

Ընդհանուր գողությունների քանակը դարձավ 16 հատ, անգամ չունենալով ոչ մի իրեղեն ապացույց, քրեականի պետ Գևորգյանը ընկերոջս Արտուրին գողացված ա/մ-ի բարձրախոսներ է տալիս, որպեսզի տանի իմ տանը պահի, խուզարկության ժամանակ հայտնաբերեն: Հունիսի 15-ին բոլորին բաց թողեցին, ինձ էլ խոստացան 177-րդ հոդվածի 2-րդ մասով կուղարկեն մեկուսարան, քանի որ գողությունները համաներումից առաջ են կատարվել, դատարանին կմիջնորդեն երեք տարի կդատապարտի և դատարանի դահլիճից բաց կթողնի: Այդ օրը երեկոյան մայրս և Սոնան եկան ինձ տեսնելու, ցավազրկող դեղահաբ և վիրակապ էին բերել, սակայն քրեականի պետը չթողեց վիրակապով ձեռքս կապեմ, որ ՀԱՊՎ-ում չնկատեն և պարտադրեց ամեն կերպ թաքցնեմ, որպեսզի չնկատեն: Վերջապես հասա մեկուսարան և որոշ ժամանակ անց հայտարարեցի հացադուլ և դիմում-բողոք գրեցի գլխավոր դատախազին՝ պատմելով ողջ գործի ճշմարտությունը:

Մաշտոցի ՆԳ.-ի բաժնի աշխատակիցները մինչև հիմա տարբեր առաջարկներով համոզում են ինձ, որպեսզի հետ վերցնեմ դիմում-բողոքներս: Այսքան դիմում-բողոքներ գրելուց ես միայն հասկացա, որ ոստիկանները ինչ էլ անեն, միևնույն է իրենք օրենքի առջև պատասխան չունեն տալու, իսկ թե ում համար է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշվում՝ «բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև», ես կարող եմ ասել, որ միայն ոչ ոստիկանների:

Այսքանից հետո շատ-շատ շնորհակալ եմ Աստծուց, որ գործս քննում է դատավոր պարոն Վ. Ռշտունին, որի մասին բազմիցս անգամ լսել եմ, որ օրենքի արդարության կողմնակից է. կկարողանամ բացահայտել գործի իրականությունը:

Նախկինում դատապարտվել եմ 4 անգամ: Վերջին անգամ մեկ հատ փամփուշտի համար դատապարտվեցի 4 տարի 3 ամիս ազատազրկմամբ և առանց հերքելու կրեցի ինձ սահմանված պատիժը: Մի՞թե իմ անցյալը՝ այն, որ ես սխալներ եմ թույլ տվել, պատճառ են հանդիսանում պարտակելու իմ կյանքը, թույլ չեն տալու զգալու ընտանիքի ջերմությունն ու երջանկությունը:

Ես իմ սխալների համար վարձահատույց եմ եղել կյանքիս՝ երիտասարդությանս լավագույն տարիները բերդում ու գաղութներում անցկացնելով: Իսկ այժմ ինձ դրսում մնացել է սպասող միայն հիվանդ մայրս, չեմ ցանկանում ուրիշի գործած հանցանքների համար կորցնել մորս՝ գտնվելով բանտում: Նշեմ նաև, որ ունեմ բավականին անհերքելի ապացույցներ իմ անմեղության վերաբերյալ, որոնք պատրաստ եմ դատարանում ի հայտ հանելու:

Հարգելի խմբագրություն, խնդրում եմ Ձեզ աջակցեք և օգնեք ինձ վերականգնելու արդարույթունը և օրենքի ուժը, մի՞թե ես իրավունք չունեմ հույս դնելու օրենքի արդարությանը: 

Հարգանքով՝ Արման Վահանի Դավթյան

ՀՀ ԱՆ «Նուբարաշենի» ՔԿ հիմնարկի 33 խցի կալանավոր

13.06.2012թ.

Մեկնաբանություններ (4)

Վեհարի
Երբ իշխանությունը հանցագործների ձոռքերումն է լինում, այդ ժամանակներում բանտերում անմեղներն են հայտնվում:
Hay_Axchik (NeNe)
1. Վեհարի Shat chisht!!!!!
Li
Արման Վահանի Դավթյանին իր բարձր երևակայական մտքի, ստեղծագործած սցենարի համար կարելի է նոբելյան մրցանակի ներկայացնել.. ախր շատ օրիգինալ սցենար է, ուղղակի կասկած է առաջացնում, որ դա իր մտքի փայլուն արգասիքը կարող է լինել, իմ կարծիքով թելադրել են ուղղակի ինքը գրի է առել...)))
Li
խմբագրություն ջան մի հատ են քո աղբյուրներով մի բան գոնի ճշտեիր նոր էս նյութը տպեիր, կամ էլ եթե նյութ չունեք տպագրելու կարող եք դիմել մեր Գագիկ Շամշյանին, ինքը ձեզ չի մերժի, մեկ մեկ էլ ձեզ նորմալ նյութեր կտրամադրի կտպեք..թե չէ էս ինչ է ամեն մի բամբասանք, ամեն մի սադրանք ու հերյուրանք Ձեր աղբյուրներով ճշտում ու տպում եք..)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter