HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մեկուսի պայմաններում աշխատող գերիշխողները

«Հետքն» արդեն գրել է պետական գնումների համակարգում գործող «սեւ ցուցակի» եւ այս պահին դրանում ընդգրկված թերեւս ամենահայտնի ընկերության՝ «Քաղ Պետրոլ Սերվիս» («CPS») արտադրական կոոպերատիվի մասին: Ինչպես նշել էինք, այս ընկերությունը 2010-ին 3 տարով մտցվել է «սեւ ցուցակ», քանի որ խախտել է «Գնումների մասին» օրենքը: Այսինքն՝ «Քաղ Պետրոլ Սերվիս»-ը մինչեւ 2013 թվականը իրավունք չունի մասնակցել պետգնումների գործընթացին:

Սակայն այդ նույն գործընթացին շատ մեծ հաջողություններով մասնակցում է «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ն, որն իրավաբանորեն տարանջատված է ԱԿ-ից, առերեւույթ նրա հետ կապ չունի, սակայն իրականում սրանց հիմնադիրը եղել է նույն մարդը (Աշոտ Սալազարյան), եւ հիմա էլ դժվար է ասել, թե բացի անուններից եւ իրավաբանական գրանցումից ինչով են տարբերվում իրարից: Ու փաստորեն «Քաղ Պետրոլ Սերվիս»-ի նկատմամբ կիրառված եռամյա պատիժը առոչինչ է, քանի որ վերջինիս բենզինն ու դիզվառելիքը հիմա էլ մեծ քանակով ձեռք է բերվում պետության կողմից:

Ինչպես արդեն նշել ենք, ըստ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի վերջին (2012-ի մարտ) տվյալների, բենզինի շուկայում կա երկու գերիշխող ընկերություն՝ «Ֆլեշ» ՍՊԸ (42,62 տոկոս) եւ «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ (41,76 տոկոս): Դիզվառելիքի ոլորտում էլ գերիշխողները սրանք են՝ «Ֆլեշ» (47,3), «Սիթի Պետրոլ Գրուպ» (40,8):

ՀՀ գնումների համակարգի կայքում (gnumner.am) ներկայացված են մասնավորապես պետգնումների գործընթացում կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները, ինչն օրենքի պահանջ է: Ահա այդ փաստաթղթերից պարզ է դառնում, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետությունը (պետական մարմիններ, հիմնարկներ, կազմակերպություններ, տեղական ինքնառավարման մարմիններ) բենզին եւ դիզվառելիք ամենաշատը գնել է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ից:

Անհատ ձեռնարկատերերից գնում կատարվել է միայն 4 դեպքում, իսկ պատվիրատուները եղել են մարզային հաստատություններ: Հետաքրքիր է, որ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի հետ այս ընթացքում պայմանագիր չի կնքվել, չնայած ընկերությունը մասնակցել է բազմաթիվ մրցույթների: «Միկա Քորփորեյշն»-ը տիրապետում է բենզինի շուկայի 9,5 տոկոսին, ինչը երրորդ ցուցանիշն է գերիշխող ընկերություններից հետո: Նշենք նաեւ, որ ՓԲԸ-ն 2012-ի հունվար-մարտ ամիսների կտրվածքով երկրի 1000 խոշոր հարկատուների ցուցակում 34-րդն է. «Միկա»-ի վճարած ընդհանուր հարկերը կազմել են 601.287.500 դրամ:

Ի տարբերություն Միխայիլ Բաղդասարովի ընկերության՝ պետության հետ այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր շուրջ 41 մլն դրամի 14 պայմանագիր է կնքել «Մաքսհուր» ՍՊԸ-ն: Վերջինս 2012-ի խոշոր հարկատուների մեջ 172-րդն է. մուծել է 116.583.200 դրամ հարկ: Այս ընկերության թիկունքում կանգնած է «Մաքս կոնցեռն»-ի հիմնադիր, ՀՀԿ-ական այլեւս նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչիկ Մանուկյանը:

Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ՍՊԸ-ն ավելի սերտ է համագործակցել պետական հաստատությունների հետ: Նրա ընկերությունն այս 6 ամիսների ընթացքում կնքել է շուրջ 80 մլն-ի վառելիքի մատակարարման 6 պայմանագիր: Սակայն արժե հիշել, որ վարչապետի մտերիմ Բեգլարյանի ընկերության հետ են համագործակցում նաեւ պաշտպանության ու գյուղատնտեսության նախարարությունները: Այսպես՝ փետրվարին կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պետությունն այս տարի սուբսիդավորելու է ոչ միայն սերմնացուն ու պարարտանյութը, այլեւ դիզվառելիքը: Որպես մատակարար ընտրվեց «Ֆլեշ»-ը: Վարչապետը դրան բացատրություն էլ ուներ. «Մենք պարզել ենք, որ վերջին 3 ամիսների ընթացքում ամենամատչելի գնով դիզվառելիքը մեզ մատակարարել է «Ֆլեշ» ընկերությունը, և այն ունի դիզվառելիքը սպառողներին հասցնելու բացառիկ հնարավորություններ»: Ահա այսպես, չնայած հետո, երբ նրան հարցրել էին՝ «Չե՞ք համարում, որ սա կոռուպցիոն ռիսկեր է իր մեջ պարունակում», Տիգրան Սարգսյանն ասել էր. «Հարցից բխում է, որ վարչապետը մտերիմ ընկերներ չպետք է ունենա, որովհետև դա իր մեջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում: Ասեմ, որ մնացած 6 ընկերությունները, որոնք ՀՀ վառելիք են մատակարարում, նույնպես ինձ հետ շատ լավ հարաբերությունների մեջ են»: Սուբսիդիայի չափը 1.327.914.000 դրամ էր:

Չմոռանանք նաեւ, որ «Ֆլեշ»-ը բանակի վառելիքի մատակարարն է: Մայիսին կառավարությունը հաստատեց ՊՆ կարիքների համար կազմակերպված եւ գնումների բազային միավորի 350-ապատիկը գերազանցող գնումների ընթացակարգերի արդյունքը` որպես պաշտպանության նախարարության և «Ֆլեշ» ՍՊԸ-ի միջև կնքված (3.530.200.000 դրամ) պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման։

Բարսեղ Բեգլարյանի ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում 5-րդն է: Առաջին եռամսյակում ՍՊԸ-ն վճարել է 2.395.417.700 դրամ հարկ:

«Սիթի Պետրոլ Գրուպ»-ն իր հերթին 6-րդն է: Նրա վճարումները կազմում են 2.299.991.300 դրամ: Հունվար-հունիս ամիսներին այս ընկերությունը պետության հետ կնքել է շուրջ 1,9 մլրդ դրամի 76 պայմանագիր: Սա, անշուշտ, խոսուն թիվ է, ու կարելի է ասել, որ արտացոլում է ոչ միայն կիսամյակի, այլեւ ամբողջ տարվա պատկերը, քանի որ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը նմանապես, այսպես ասած, հաջողակ է եղել նաեւ անցյալ տարի:

Հասկանալի է, որ Հայաստանում պատահական հաջողակներ չեն լինում, առավել եւս՝ գերիշխողներ, այն էլ վառելիքի ոլորտում, որտեղ գործում են իշխանությանը մոտ կանգնած Բաղդասարովի ու Բեգլարյանի ընկերությունները: Ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի ներկայիս տվյալների՝ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի հիմնադիրն ու տնօրենը Արթուր Դանիելյանն է: Սակայն նախկինում, ինչպես ասվեց, ՍՊԸ-ի եւ «Քաղ Պետրոլ Սերվիս»-ի հիմնադիրը եղել է նույնը (ԱԿ-ի հիմնադիրներն են՝ Աշոտ Սալազարյան (կոոպերատիվի նախագահ), Արա Հովհաննիսյան, Նոնա Սարգսյան):

«Սիթի Պետրոլ Գրուպ»-ի ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվել 2009-ի ապրիլի 1-ին՝ այն օրը, երբվանից «Քաղ Պետրոլ Սերվիս»-ի փոխարեն, ըստ վերջինիս հայտարարության, բենզինի ու դիզվառելիքի իրացմամբ զբաղվում է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը: Եվ պատահական չէ, որ դեռ 2009-ին ՏՄՊՊՀ-ն «Քաղ Պետրոլ Սերվիս»-ի դեմ հարուցած վարույթի (վառելիքի գների բարձրացման գործով) արդյունքում  խախտում չէր գտել հետեւյալ պատճառաբանությամբ. «Չնայած այն հանգամանքին, որ նշված ընկերությունների հիմնադիրը եղել է միեւնույն անձը, 2009-ի ապրիլի 1-ից փոխվել է դրանցից մեկի հիմնադիրը եւ գործադիր տնօրենը, հետեւաբար այդ երկու ընկերությունները, ըստ օրենսդրության, չեն հանդիսանում անձանց խումբ: Այդպիսով, ուսումնասիրության արդյունքում օրենքի խախտման բավարար հիմքեր չեն հայտնաբերվել»:     

Երբ այս տարվա մարտին ՏՄՊՊՀ-ն 100 մլն դրամով տուգանեց «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին, մամուլը որոշակի հետաքրքրություն սկսեց ցուցաբերել դրա տիրոջ հանդեպ: Գրվեց, որ Աշոտ Սալազարյանը հայաստանյան բիզնեսում «մութ» կերպար է, հայտնի չէ հանրությանը, չի երեւացել մամուլի էջերում: Ըստ լուրերի՝ նա ռուսական բիզնես-միջավայրի ներկայացուցիչ է, ավելին՝ ռուսական հատուկ ծառայությունների նախկին գեներալ է: Ըստ պետռեգիստրի տվյալների՝ նա եւ «Քաղ Պետրոլ Սերվիս»-ի հիմնադիրներից Նոնա Սարգսյանը գրանցված են Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող նույն տանը: Կոոպերատիվի փոխնախագահ Արա Հովհաննիսյանն էլ հաշվառված է Շենգավիթում, իսկ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի տնօրեն Արթուր Դանիելյանը՝ Աջափնյակում: Սակայն եթե վերջին երկուսին կարելի է գտնել ՀՀ ընտրողների ռեգիստրում, ապա Սալազարյանի եւ Սարգսյանի անունները ԿԸՀ եւ ոստիկանության ցուցակներից բացակայում են, այնինչ երկուսն էլ ՀՀ անձնագրեր ունեն:

ՏՄՊՊՀ-ի՝ տուգանքի մասին որոշումից հետո «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը հայտարարեց, որ այն կայացվել է առանց իր ներկայացուցչի, բացի այդ՝ ինքը համամիտ չէ հանձնաժողովի հիմնավորումների հետ ու բողոքարկելու է որոշումը օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

Մեզ չհաջողվեց այս առիթով պարզաբանումներ ստանալ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ից: Նախ նշենք, որ «Սփյուռ» տեղեկատուում գրանցված ընկերության հեռախոսահամարը նույն «Քաղ Պետրոլ Սերվիս»-ի համարն է: Երկու օր մեր զանգերին պատասխանող աշխատակցուհին ասում էր միայն, որ տնօրինությունից մարդ չկա, իսկ ինքն իրավասու չէ պատասխանել որեւէ հարցի: Մեզ ընդամենը երկու հարց էր հետաքրքրում. «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը բողոքարկե՞լ է ՏՄՊՊՀ-ի որոշումը, եւ հնարավո՞ր է կապվել Աշոտ Սալազարյանի հետ: Հետաքրքիր է, որ զանգերից մեկի ժամանակ աշխատակցուհին նշեց, թե իրենք տեղյակ չեն, որ հանձնաժողովը կիրառել է 100 մլն դրամի տուգանք, երբ ասացինք, որ դա եղել է մարտի 14-ին, նա անջատեց հեռախոսը: Ինչպես երեւում է, «CPS»-ն աշխատում է կատարյալ մեկուսի պայմաններում, մամուլից ու մյուս ոլորտներից կտրված, ինչը բնորոշ է միայն հատուկ ծառայություններին…     

Հ.Գ. Ինչպես տեղեկացանք, վարչական դատարանում «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի հայցով գործ չկա:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter