
Եպիսկոպոսի հէկերը
Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-6
Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղ մտնելիս առաջինը, որ ուշադրություն է գրավում, աջ կողմում ջրավազանի նմանվող տարածությունն է: Փոքր հիդրոէլեկտրակայանի` տեղացիների լեզվով ասած «պլատինան» է: Այստեղ հերմոնցի երիտասարդը ձուկ էր բռնում: Ձկնորսն էլ կայանի պահակ Տարոնն էր: Տարոնը ժամանակ առ ժամանակ կարմրախայտ ձուկ է որսում գետից, բայց միայն վերևի հատվածից, որտեղից ներքև արդեն հէկի պատվարն է: Այդտեղից էլ սկիզբ է առնում էլեկտրաէներգիա արտադրող կայանը սնուցող խողովակաշարը: Ձկնուղուն նմանեցնող մի ուղի կա, որտեղով պետք է անցնի ձուկը, բայց ներքևում Տարոնը ձուկ հազվադեպ է որսում, քիչ է:
Երբ Տարոնին հարցրինք, թե ում է պատկանում հէկը, անվարան պատասխանեց` Սրբազանին: Սրբազանը Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանն է: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով 2010-ի դեկտեմբերի 10-ին Հայաստանում հիմնվել էր Վայոց թեմը, և Վայոց թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության էր կոչվել Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը` ազատվելով Սյունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, որը զբաղեցնում էր 1993-ից:
Հերմոնի գյուղապետ Գայ Օհանյանն էլ ավելի ուշ մեզ հետ զրույցում նույնը հաստատեց՝ ավելացնելով, որ Հերմոնում ոչ թե երկու, այլ երեք փոքր հէկ կա, երեքն էլ Սրբազանինն են:
Տարոնին ասացինք, որ ուզում ենք հէկի պատասխանատուի կամ տնօրենի հետ խոսել, ասաց` Մայիսն է տնօրենը: Մայիսն էլ «գառաժում է լինում», որտեղ մյուս երկու հէկերն են գործում:
![]() |
![]() |
«Պլատինան» ու | ձկնուղին |
Ամենահետաքրքիրը սկսվում է այստեղից
Հերմոնը փոքր գյուղ է, մարզկենտրոն Եղեգնաձորից 16 կմ է հեռու: 250 բնակիչ ունի: 90-ականների կեսերին այս գյուղում ամերիկահայ բարերարներ Մայք եւ Սոնա Օհանյանների միջոցներով կառուցվել էին 4 երկհարկանի քարե տներ, որոնցում բնակեցվել էին ծնողազուրկ եւ ազատամարտիկների երեխաների 7 ընտանիք: Ամեն մի շենքի կառուցման համար ծախսվել էր 12.000 ԱՄՆ դոլար:
Երկհարկանի տներից յուրաքանչյուրը նախատեսված էր երկու ընտանիքի համար` յուրաքանչյուրի համար առանձին մուտքով, հողամասով, անասունների համար կից շինություններով: Ընտրվել էր Հերմոնը, որովհետև այն փոքր էր, և բնակչության թիվն ավելացնելու խնդիր կար:
Ծրագիրը ձախողվեց. այսօր այդ 7 ընտանիքներից Հերմոնում միայն մեկն է մնացել` Արմինեի ընտանիքը, որը, սակայն, այլևս ծրագրով նախատեսված տանը չի ապրում: Մանկատան երեխաների համար նախատեսված տները հանգստյան գոտի են դարձել: Բնակիչներն ասում են` էլի Սրբազանինն է: Տարոնը մեզ ուղեկցեց հենց այդ տների մոտ, որտեղ բուռն կերպով շինարարական աշխատանքներ էին ընթանում, սպորտային համալիներ կառուցվում հանգստացողների համար: Հանգստյան գոտու հարեւանությամբ էլ երկու հէկերն էին աշխատում:
![]() |
![]() |
Հանգստյան գոտին և | երկու փհէկերը` կողք-կողքի |
Եվ այսպես` Հերմոն գյուղում Սրբազանը 3 փոքր հէկ ունի: «Էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ով գործում են 2 հէկերը` «Եղեգիսը» և «Հերմոնը», որոնց լիցենզիան ստացել են դեռևս 2003-ին և 2006-ին: «Հերմոնը» Այսաս վտակի վրա է, «Եղեգիսը»` Եղեգիս գետի վրա: Երրորդ փոքր հէկը Եղեգիս գետի Կարակայա վտակի վրա է, գրանցված է «Սանռայզ էլեկտրիկ» ՓԲԸ-ի անունով, լիցենզիա է ստացել 2009-ին, գործում է մեկ տարի:
Որպես «էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ի սեփականատեր-մասնակից պետռեգիստրի էլեկտրոնային համակարգում գրանցված էր Սյունիքի հասարակական բարեգործական կազմակերպությունը, որի տնօրենը Մայիս Մկրտչյանն է` Սրբազանի եղբայրը: Մասիս Մկրտչյանն էր բարեգործների անունից պայմանագիր կնքել մանկատան 7 ընտանիքների հետ, որպեսզի վերջիններս ապրեին Հերմոնում:
Հիմա պետռեգիստրը «էլեգիս ՀԷԿ» ՍՊԸ-ին վերաբերող տեղեկությունները փակել է: Իսկ 2007-ին գրանցված «Սանռայզ էլեկտրիկը» փակ բաժնետիրական ընկերություն է, որի մասին տվյալները նույնպես փակ են:
Տնօրեն Մայիս Մկրտչյանը մեր այցելության օրը տեղում չէր: «Ասում են Սրբազանինն է, դաժե ասում են` տերտերի գես, բայց կարող է ինքը էնտեղ դակումենտներով ուրիշին է ձևակերպել, ես չգիտեմ»,-անկեղծացավ հերթափոխի պետ Ալեքսան Ալեքսանյանը, ով երեք տարի աշխատում է փհէկում:
Ալեքսան Ալեքսանյանը պատմեց, որ չնայած փհէկի դրվածքային հզորությունը (նախատեսված հնարավոր հզորությունը) 1 մգվտ/ժ է, բայց փհէկներն այդքան չեն արտադրում, մեկն արտադրում է 520 մգվտ, երկրորդը, որը նույնպես նույն դրվածքային հզորության է, ավելի շատ է արտադրում, քան առաջինը:
Երկու հէկերը միասին 16 աշխատատեղ են ապահովում Հերմոնի եւ հարևան գյուղերի համար (չնայած Ալեքսան Ալեքսանյանն ու իր գործընկերը Եղեգնաձորից են գալիս Հերմոն` փհէկում աշխատելու):
Գայ Օհանյանը 6 տարի է` գյուղապետ է: Ասում է` հէկերը ոռոգմանը չեն խանգարում, հէկերի թույլտվությունը տալիս պայման են դրել, որ չխանգարեն, հակառակը, դրանք պետք է համայնքին օգուտ տային: «Օգուտը չեմ կարող ասել, որ տենց օգուտ է տալիս, բայց աշխատատեղեր, հա, կան, գյուղի ջահելների մեծ մասն այնտեղ աշխատում է»,- ասում է գյուղապետը:
Իսկ համայնքի բյուջե հէկերից չնչին գումարներ են փոխանցվում: 2005 թ.՝ Կառավարության որոշումից հետո, երբ խրախուսվեց հէկերի կառուցումը, համայնքի բյուջեին վճարվող գումարները կտրուկ նվազեցին. եթե մինչև 2005 թվականը հէկը Հերմոնի համայնքային բյուջե վճարում էր տարեկան 170 հազար դրամ, ապա հիմա գույքահարկը կազմում է տարեկան 3750 դրամ:
Սրբազանի հետ մեր հեռախոսազրույցը կարճ տևեց, հարցին` իրե՞նց են պատկանում հէկերը, պատասխանեց.
-Չէ, մերը չեն, բայց ես օգնել եմ, որ դրանք կայանան:
-Իսկ ո՞ւմն է, և ինչո՞ւ եք Դուք օգնել:
-Էս տարածքում ինչ էլ որ տեսնեք, փորձել եմ օգտակար լինել: Մոսկվայից է, մոսկվայաբնակ անձնավորություն է, հայ, վաղուց էնտեղ տեղափոխված:
-Իսկ ո՞վ է, եթե գաղտնիք չէ:
-Չե, չեմ ուզում տենց բաներով լուրեր տալ և թերթում գրել` Սրբազանն ասեց, չասեց, դա ինձ հեչ չի հետաքրքրում, փորձեք հետապնդել, գտնել էդ մարդուն:
-Սյունիքի հասարակական բարեգործական կազմակերպության հետ Դուք որևէ առնչություն ունե՞ք:
-Փակվել է կազմակերպությունը:
-Ե՞րբ:
-Էսօր:
«Ինչո՞ւ է փակվել» հարցն անպատասխան մնաց. «Գրեք՝ ինչ ուզում եք»,- ասաց Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանն ու ընդհատեց զրույցը:
Մեկնաբանություններ (108)
Մեկնաբանել