
Շնողի գյուղապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ֆուտբոլի դաշտն էլ դարձել է արոտավայր
Լոռու մարզի Շնող գյուղի ֆուտբոլի դաշտը մոտ 2,5 տարի չի ծառայում շնողնեցիներին: Այն 2010թ.-ին վերանորոգման է ենթարկվել Շնողի համայնքի բյուջեի 11,5 մլն դրամ հատկացումով:
Թեև հատկացված պատկառելի գումարին, վերանորոգումից հետո ֆուտբոլի դաշտը այդպես էլ ավարտուն տեսքի չի բերվել: Չեն ցանցապատվել դաշտի դարպասները և չի բարեկարգվել դաշտի տարածքը: Ֆուտբոլի դաշտում չեն տեղադրվել նաև նստարններ: Հատկացված գումարով ընդամենը ցանցապատվել է դաշտի տարածքը:
Մինչ վերանորոգումը «Կարաստ» ՍՊԸ-ի համար դաշտը ծառայել է որպես փայտի պահեստարան: Այստեղ ամբարվել է Թեղուտի հանքավայրի շահագործման համար Թեղուտի և Շնողի անտառների հատված ծառերի փայտը:
Ֆուտբոլի դաշտի մասին «Հետքի» հարցմանը հուլիսի 4-ին Շնող համայնքի ավագանու անդամ Գեղամ Պետրոսյանը պատասխանեց. «Իրանց հարցրեք էլի, ես տեղյակ չեմ: Այդ հարցով չեմ զբաղվել»: Ավագանի Պետրոսյանը տեղյակ չէր նաև ֆուտբոլի դաշտի վերանորոգման համար համայնքի բյուջեից ծախսված գումարներին. «Ես չեմ հիշում, ուղղակի չեմ հետաքրքրվել այդ հարցով»,- ասաց նա: Դաշտի վերանորոգման համար հատկացված գումարի մասին «Հետքը» հարցումներ արեց նաև Շնողի գյուղապետարանի հաշվապահ Սվետլանա Ջաղինյանին:
Վերջինս սկզբում ասաց, որ դաշտում կատարվել է նախատեսված աշխատանքների 70 տոկոսը: Երբ հաշվապահին հիշեցրինք, որ դաշտում կատարված է ընդամենը տարածքի ցանցապատման աշխատանքներ, նա ասաց. «Այդ գումարները նախահաշվային և կատարողական ակտերի համաձայն վճարված են, մնացածի մասին հարցրեք գյուղապետին, ես տեղյակ չեմ»:
Հիշեցնենք, որ Հայկազ Քոչինյանի կողմից համայնքի բյուջեի այլ անարդյունավետ ծախսումների մասին «Հետքը» ահազանգել է դեռ 2010թ.-ի սեպտեմբերիին «Դուք դատախազության աշխատող չեք, որ Ձեր հարցերին պատասխանեմ»,- լրագրողին ասում է գյուղապետը» հրապարակմամբ:
Հոդվածի հետ կապված մեր հարցմանը Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը 2011թ.-ի օգոստոսի 11-ին «Հետքին» տված իր հարցազրույցում պատասխանել է. «Սա նույնպես այն դեպքերից է, որ փորձաքննության պատճառով, հոդվածի փաստերի հետ կապված գործը դեռ ընթացքի մեջ է»: Ոստիկանության Ալավերդու քննչական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդոլֆ Ստեփանյանը այսօր «Հետքին» տեղեկացրեց, որ վերոնշյալ հոդվածի հետ կապված` երկու տարի հետո, Հայկազ Քոչինյանի դեմ քրեական գործ է հարուցված, ընթանում է նախաքննություն:
Ու մինչ երկու տարուց հետո էլ նախաքննությունն ընթանա, շնողնեցիները այդ ընթացքում էլ զրկված են մնում ֆուտբոլի դաշտը օգտագործելու հնարավորությունից: Ֆոտբոլի անբարեկարգ դաշտը ներկայումս գտնվում է Շնողի կովերի իշխանության տիրույթում: Այն դարձել է արոտավայր:
Մեկնաբանել