HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դուք դատախազության աշխատող չեք, որ Ձեր հարցերին պատասխանեմ»,- լրագրողին ասում է գյուղապետը

Աժ Վերահսկիչ պալատի 2009 թ. ուսումնասիրություններից պարզվել է, որ Լոռու մարզի Շնող համայնքի վարչական սահմաններում գտնվող 186 հա գյուղատնտեսական նշանակության հողերը Շնողի գյուղապետարանը 2008 թ.-ից «Թեղուտ» ՓԲԸ-ին վաճառել է կադաստրային գներից ցածր գներով: Արդյունքում համայնքի բյուջեն կրել է 252 մլն դրամի վնաս:

Գումարը «Թեղուտ» ՓԲԸ-ն վերականգնել է 2010 թ., արդյունքում պլանավորված 61,7 մլն դրամանոց բյուջեն աճել է` հասնելով 317,3 մլն դրամի: Վերականգնված գումարների համար Շնողի համայնքապետ Հայկազ Քոչինյանը գովեց Վերահսկիչ պալատի աշխատակիցներին:

«Մարդիկ էդ մեծ լավությունն արին մեզ»,- ասաց համայնքապետը:

Բյուջեի եկամուտների առատությունից խառնված Հայկազ Քոչինյանը կարծես թե անտեսել է իր պլանավորած սեփական հարկային եկամուտների հավաքագրումը, որի պատճառով անհատ ձեռնարկատերերից եւ քաղաքացիներից 3,7 մլն դրամ պլանավորված գույքահարկի եկամուտների փաստացի մուտքերը օգոստոսի 1-ի դրությամբ կազմել են 725 հազար դրամ, գյուղատնտեսական նշանակության հողերի նախատեսված 17,2 մլն դրամ եկամուտների մուտքերը` 4 մլն դրամ:

Հ. Քոչինյանը խուսափել է Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով Շնողի օտարված վարելահողերի վերականգնված գումարների ծախսերի հրապարակայնացումից, դրանց մասին տեղյակ չի պահել գյուղացիներին: «Մենք նկատում ենք, որ այս տարի գյուղում շարժ կա, ինչ-որ աշխատանքներ են կատարվում, սակայն տեղյակ չենք, թե ինչ գումարներով են դրանք կատարվում»,- ասաց շնողցի Շուրիկը:

Համայնքապետն էլ արդարացավ. «Ես տեղեկացրել եմ ավագանուն, դուք էլ թերթում կգրեք, թող գյուղացիները կարդան»: Օրերս, սակայն, մի խումբ շնողցիներ «Հետքին» տեղեկացրին, որ գումարները գյուղապետն անարդյունավետ է ծախսում:

Հ. Քոչինյանը դժգոհողներին «կլյավուզնիկներ» որակեց եւ ասաց. «1937-ին` անհատի կուլտի տարիներին, տարածաշրջանի գյուղերից ամենից շատ զոհվել են շնողցիները, պատճառն էլ մեկը մյուսի դեմ կլյավուզնիկությունն է եղել, ուրեմն դուք պատկերացրեք»: Գյուղամիջում մեզ հանդիպած շնողցիները դժգոհեցին տարիներ շարունակ խմելու ջուր չունենալուց եւ գյուղամիջյան անանցանելի ու անբարեկարգ ճանապարհներից:

Ավագանու անդամ Հովիկ Թումանյանի կարծիքով, սակայն, Շնողում ամեն ինչ կարգին է: Մեկ այլ շնողցի` Գառնիկ Ազարյանը, չկիսեց Հովիկ Թումանյանի կարծիքը. «Մեր գեղի ամենադժվարը ջրի հարցն ա: Ջրի հարցը չեն կարըմ լուծեն: Եղած ջուրը կարալ չեմ ասել ինչ ջուր ա, բայց դե ոռոգման ջրի անըմեց ա գալիս էդ ջուրը»:

«Էս բնակելի շենքերի կրիշեքը փոխել են: Թե ի՞նչ գումարով են փոխել, ես չեմ կարա էդ ասեմ: Էս ջրագծի վրա տրուբեք են փոխել: Դե հմի գիտե՞ս ինչ կա, ո՞վ ա հմի իրա կյանքից գոհ, որ մենք մեր խմելու ջրից գոհ ըլենք»,- ասաց Ժորա Ազարյանը:

Լենա Հակոբյանն էլ ավելացրեց. «Շնող գալիս մի վեդրո ջուր բերեք, որ ծարավից մեռնիք ոչ: Անձամբ ինձ համար խմելու ջրի հարցը ամենակարեւորն է»: Շնողցիներն ասացին, որ խմելու ջրի մեջ նույնիսկ որդեր են նկատել: Ագարակ-Նոյեմբերյան ջրատարն անցնում է Շնողի կողքով: Գյուղը խորհրդային տարիներին օգտվել է այդ ջրատարից, սակայն ետխորհրդային տարիներին նրանց զրկել են ջրատարից օգտվելու իրավունքից:

Հայկազ Քոչինյանն ասաց, որ այս տարվա մայիսին տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ինքը բարձրացրել է Ստեփանավան-Նոյեմբերյան ջրագծից Շնողին ջուր մատակարարելու հարցը:

«Ինձ պատասխանել են, որ Ասիական զարգացման բանկի հիմնադրամի միջոցներով վերանորոգվում է Ստեփանավան-Նոյեմբերյան ջրատարը, սեպտեմբեր ամսվա վերջին վերանորոգումն ավարտելուց հետո Շնող համայնքը կօգտվի այդ ջրագծից»,- ասաց համայնքապետը:

«Հետքի» խնդրանքով Հայկազ Քոչինյանը ներկայացրեց այն ծախսերը, որ պլանավորել են կատարել Թեղուտ ՓԲԸ-ի վերականգնած 252 մլն դրամով:

«Գյուղի գերեզմանոցի տարածքը մեծացնելու համար 1,5 մլն դրամով գնել ենք հին գերեզմանոցի հարեւանությամբ գտնվող հողատարածքը: Գերեզմանոցի նոր հողատարածքի շրջակայքի բարեկարգման համար տրամադրվել է 19,3 մլն դրամ, Շնողի Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձանի վերանորոգման եւ գյուղի մուտքի մոտ Շնողի խորհրդանիշը տեղադրելու համար տրամադրվել է 8,2 մլն դրամ, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը` 25,8 մլն դրամ, մշակույթի տան կապիտալ վերանորոգմանը` 21,8 դրամ, մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգմանը` 18,1 մլն դրամ, արվեստի դպրոցի կապիտալ վերանորոգման համար` 12,1 մլն դրամ, գյուղի 3 կմ ճանապարհահատվածի վերանորոգման համար` 70 մլն դրամ եւ այլն»,-նշեց գյուղապետը:

Նա պլանավորել է վերանորոգել նաեւ գյուղի ֆուտբոլի դաշտը, որը ներկայումս ծառայում է որպես Թեղուտի եւ Շնողի հատված անտառների մթերված վառելափայտի պահեստ:

Աշխատանքների մի մասն արդեն ավարտվել է, ընթացքի մեջ են մշակույթի տան, մանկապարտեզի եւ արվեստի դպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները, իսկ գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները դեռ չեն սկսվել:

Ասֆալտապատումն իրականացնող «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Տիտանյանն ասաց, որ դրանք կսկսվեն սեպտեմբերի 1-ից:
Շնողցիների մի մասը, տեղյակ չլինելով ծախսվող գումարների ծագման մասին, ոգեւորված են վերջին տարվա ընթացքում գյուղում նկատվող տեղաշարժից: Սակայն մի քանի շնողցիներ կասկածում են, որ գումարները յուրացվում են:

«Կլյավուզնիկի» անուն չվաստակելու համար նրանք խնդրում են իրենց անունները չհրապարակել, սակայն բացատրում են, որ հանքավայրի շահագործման նպատակով Թեղուտ ՓԲԸ-ն 1 հա վարելահողը շնողցիներից գնել է 560 հազար դրամով եւ հարցնում են. «Այդ ինչպե՞ս է պատահել, որ գյուղապետը գերեզմանոցի հարեւանությամբ գտնվող 1 հա-ից էլ պակաս հողի համար վճարել է 1,5 մլն դրամ»:

Հայկազ Քոչինյանի կողմից ակնհայտ անարդյունավետ ծախսումներ են կատարվել նաեւ գերեզմանոցի նոր տարածքում. 19,3 մլն դրամով ընդամենը ցանցապատվել է տարածքի շրջակայքն ու 3 քառ. մ-ի վրա կառուցվել փոքրիկ մի տնակ` հուղարկավորության բահերի եւ քլունգների համար:

Բարեկարգման որեւէ աշխատանք այստեղ չի կատարվել: Շնողցիներից ոմանք նաեւ փաստում էին, որ տանիքների վերանորոգման ժամանակ գյուղապետը նորի փոխարեն օգտագործել է գյուղի մշակույթի պալատի եւ մանկապարտեզի տանիքների հին թիթեղն ու շիֆերը:

Նրանք «Հետքին» խնդրում էին պարզել, թե տանիքին թիթեղ քաշելու համար գյուղապետն ի՞նչ նախագիծ է կազմել, ինչպե՞ս է կոչվում նախագծող կազմակերպությունը եւ որտե՞ղ է գումարի փոխանցումը հավաստող փաստաթուղթը:

Ուզում էին իմանալ, թե նախատեսած գումարներով Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանի ինչը պետք է վերանորոգվի: 1,5 տարի առաջ կապիտալ վերանորոգման ենթարկված մանկապարտեզի տանիքը նորից է է վերանորոգվել: Մանկապարտեզի տնօրենը համայնքապետի կինն է:

Գյուղացիները արժանահավատ չեն համարում նաեւ մի քանի տարի առաջ կապիտալ վերանորոգման ենթարկված արվեստի դպրոցի վերանորոգման համար հատկացված 12,1 մլն դրամի ծախսումները: Հ. Քոչինյանը հրաժարվեց հեռախոսով մեզ պարզաբանումներ տալ այս հարցերի վերաբերյալ:

«Դուք դատախազության աշխատող չեք, որ Ձեր հարցերին պատասխանեմ,- ասաց նա, ապա դժգոհեց,- Շնողում էլ մարդ չեք թողել, սաղին հարցուփորձ եք արել ծախսերի ու վերականգնված գումարի մասին»:

Շնողցիներից մեկն էլ լոռեցու միամիտ անկեղծությամբ եզրահանգեց. «Թե հարամ բան չունի արած, Հայկազն ինչու՞ է խուսափում պարզաբանումներից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter