HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Րաֆֆու փողոցի բնակիչներից ուզում են խլել կանաչապատ այգին

Այսօր առավոտյան Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 19 շենքի բակում գտնվող այգին փորձում էին պարսպապատել: Բնակիչներն անմիջապես արձագանքել են կատարվող գործողություններին, ինչի արդյունքում շինարարական խումբը հեռացել էր` իր հետևից թողնելով պարսպի հիմքի համար փորված փոսերը:

Տեղանքի մասին մոտավոր պատկերացում տալու համար նշենք, որ այդ մի թիզ կանաչ տարածքը ոչ միայն մոտակա շենքերի երեխաների համար որպես խաղատեղի է ծառայում, այլ նաև, գտնվելով  կանաչից զուրկ «Մալաթիա» տոնավաճառի և հսկայական սննդի շուկայի հարևանությամբ, թթվածին տվող սակավաթիվ օազիսներից մեկն է:

Շինարարական խումբը ղեկավարող անձը ներկայացել էր որպես Դմիտրի Անդրիասյան, սակայն, ինչպես հետագայում պարզեցինք բնակիչներից, իրական Դմիտրի Անդրիասյանը, ով անմիջական կապ ունի բնակելի շենքի բակում գտնվող հանրային կանաչ տարածքի սեփականացման հետ,  ընդամենը 22 տարեկան է, իսկ նրա անվամբ ներկայացողը մեծահասակ է եղել: Ինչևիցե, սա դեռ հարցի ոչ այնքան առանցքային կողմերից է:

Երբ բնակիչների ահազանգով գնացինք Րաֆֆու փողոց, կանաչ տարածքում կառուցապատումն արդեն դադարեցվել էր, բնակիչները բահերով լցնում էին ինքնակոչ կառուցապատողների փորած փոսերը:

Տեղում գտնվող փաստաբան Լևոն Սահակյանը, ով ներկայացնում էր բնակիչների շահերը, «Հետքի» հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը:

Րաֆֆու 19 շենքի բակում գտնվող կանաչ գոտին եղել է ընդհանուր օգտագործման տարածք: 2009 թ. փետրվարի 27-ին, քաղաքապետարանի որոշմամբ այդ տարածքից մի հատված` 308,7 քմ, օտարվել է Դմիտրի Աշոտի Անդրիասյանի օգտին: 2010թ.-ի մարտի 1-ին ևս 93,54 քմ օտարվել է նույն մարդուն:

Իրավաբանի դիտարկմամբ, հանրային այդ տարածքը բնակիչներից խլելու համար փորձել են օգտագործել դեռևս անկախության առաջին տարիներից կիրառվող օրենքը, ըստ որի` ինքնակամ կառույցները կարող են դառնալ պետության սեփականությունը, որից հետո վաճառվել մասնավորին: Սակայն դա վերաբերվում է, օրինակ, սեփական տներին և հանրային տարածքից հեռու գտնվող շինություններին: Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` արգելվում է ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով փոխանցել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց:

Քաղաքապետարանն Անդրիասյանին այդ տարածքը տվել է հիմք ընդունելով այն, որ այդտեղ կա քարե շինություն, որը, վերը նշված օրենքով, կարող էր որակվել որպես պետական սեփականություն և վաճառվեր մասնավորին, տվյալ դեպքում, Անդրիասյանին: Այդպիսի քարե շինություն այդ տարածքում երբեք չի եղել և չկա: 

Բնակիչները դատարան են դիմել քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու համար, որպեսզի այգին մնա որպես հանրային տարածք և չհանձնվի մասնավոր կողմին: Այժմ այդ գործը դատաքննական փուլում է, և դատարանի որոշմամբ, մինչև վերջնական վճռի կայացումը շենքի հարակից կանաչ տարածքի վրա արգելված է կատարել շինարարական որևէ գործողություն:

Ստացվում է, որ այսօր Րաֆֆու 19 շենքի բակում շինարարական աշխատանքների փորձ անողները անօրինական գործողություններ էին կատարում: Նրանց գործողությունները բնակիչների միջամտությամբ կանխվեցին, սակայն վերջիններս վստահ չեն, որ ապօրինությունները չեն կրկնվի և նոր շինարարական խումբ չի գա իրենց բակ:

Մեկնաբանություններ (1)

GAGIK
ARDEN ZZVEL ENK SRANC KORUPCIAIC U TALANIC,,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter