HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը մերժեց Արման Ավետիսյանի հայցն ընդդեմ Լեւոն Բարսեղյանի

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 11 ամիս լսվելուց հետո հուլիսի 10-ին ավարտվեց Արման Ավետիսյանն ընդդեմ Լեւոն Բարսեղյանի` վիրավորանքի եւ զրպարտության գործով հայցի դատաքննությունը: Դատավոր Ա.Խաչատրյանի վճռով հայցը մերժվեց ամբողջությամբ: 

Հայցվոր «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը, համարելով, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.am կայքում եղած երեք հրապարակումները («Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով», «Կան բաներ, որ չեն ներվում», «Ընտանեկան կապալի՞ն» էին հարվածելու») իրեն ուղղված վիրավորանքներ եւ զրպարտություններ են պարունակել, չբավարարվելով իր եւ կայքի խմբագիր, հրապարակումներից մեկի հեղինակ, ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հետ հեռախոսային պայմանավորվածության հիման վրա կայքում  պատասխանի հրապարակմամբ, 2011-ի օգոստոսին հայցով դիմել էր դատարան, պահանջելով 500.000 դրամ որպես հասցված վիրավորանքի համար փոխհատուցում, 1.500.000 դրամ որպես զրպարտության համար փոխհատուցում, եւ 200.000 դրամ որպես փաստաբանական ծառայության համար փոխհատուցում, ընդամենը` 2,2 մլն դրամ, ինչպես նաեւ` պատասխանողի կողմից «ներողության տեքստ»-ի հրապարակում: 

Դատավարության ընթացքում կողմերը փորձեցին բանակցություններով հասնել հաշտության համաձայնության, ինչը չհաջողվեց: 

Ըստ պատասխանող Լեւոն Բարսեղանի, դատարանը ուներ հայցը մերժելու երեք անկախ հիմքեր. 1. Հայցային վաղեմության ժամկետի խախտումը; 2. Հայցվորի անունից պատասխանի հրապարակված լինելը կայքում; 3. Հրապարակումներում վիրավորանքի եւ զրպարտության բացակայությունը: Դատարանը, չծանրաբեռնելով իրեն, առանց մնացած հանգամանքները հաշվի առնելու, որոնք պատասխանողի ներկայացուցիչները լիարժեք կերպով ներկայացրել են (պատասխանը` 52 էջ, հոդվածագրի քննադատությունները հիմնավորող փաստական հանգամանքներն ապացուցող մեկ տասնյակից ավելի տեսագրություններ եւ ձայնագրություններ, վկայություններ եւ այլն), հենվելով միայն հայցային վաղեմության ժամկետի խախտման հանգամանքի վրա` հայցը մերժել էր ամբողջությամբ: 

Դատաքննության ընթացքում հայցվոր Արման Ավետիսյանը, պատասխանելով Լ.Բարսեղյանի այն հարցին, թե համարո՞ւմ է, որ Գյումրուց որմնանկարները տանելիս խախտել է գյումրեցի արվեստագետների հետ պայմանավորվածությունն այն մասին, որ առանց իր հետ բանակցած գյումրեցիների համաձայնության կամ իմացության որմնանկարները չի տանի, ասաց, թե ընդունում է, որ խախտել է պայմանավորվածությունը: 

Դատաքննության ընթացքում արված մի շարք այլ բացահայտումների մասին կլինի առանձին հաղորդագրություն: 

Անկախ այն հանգամանքից, հայցվորը կբողոքարկի այս վճիռը վերաքննիչ դատարան, թե ոչ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ապասառեցնում է Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրուց տանելու պետական քաղաքականության, գործողությունների կասկածահարույց դրվագների, որմնանկարները վերականգնող հիմնադրամի գործառույթների, այդ գործառույթների հրապարակայնության, տարբեր որմնանկարների վերականգնման միավոր գների տարօրինակ տարբերությունների եւ այլ հանգամանքների հետաքննությունը, որը սառեցրել էր դատաքննության ընթացքում դատարանի եւ հայցվոր կողմի վրա ճնշում գործադրելու համար չմեղադրվելու համար: 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտնում է, որ այս գործով Լեւոն Բարսեղյանի ներկայացուցիչներն են եղել Արտակ Զեյնալյանը եւ Վահե Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter