HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական գահի բանագնացները Երեւանում-3

Սկիզբը  

«Одобрямс»-նե՞ր եվրոպամետ վարչապետից ու նախարարներից 

ՀՀ կառավարությունում Կոսաչեւի հանդիպման հաղորդագրությունն առավել քան ժլատ է: Հանդիպման մասնակիցներին հիշատակելուց բացի, ընդամենը նշվում է, որ ՀՀ վարչապետն Տիգրան Սարգսյանն ու Կոնստանտին Կոսաչեւն քննարկել են «հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիները, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները»: 

Դժվար է հավատալ, որ ռուս զրուցակիցները ՀՀ վարչապետի հետ ի թիվս «առեւտրատնտեսական կապերի ընդլայնման», անդրադարձած չլինեին ռուսալեզու կրթական հաստատություններին վերաբերող նախաձեեռնությունների` գործնականում կյանքի կոչման վերաբերող հարցերը, քանի որ դրանց գաղափարները քննարկել էին ՀՀ կրթության նախարարի հետ ու համաձայնեցրել: Դա նաեւ տարօրինակ ու անհավանական կլինի այն առումով, որ այդ նախաձեռնությունների կենսագործումը պահանջում է միջկառավարական համաձայնագրի հղմամբ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների ընդունում: Այս առումով ռուսական կողմի համար պետք է կարեւոր լիներ հավաստիացումներ ստանալ, որ դա տեղի կունենա: 

Թե ինչու ՀՀ կառավարության մամլո հաղորդագրության մեջ դրա մասին խոսք չկա` իբրեւ օրակարգային խնդիր, հարցեր է հարուցում:  Եթե ԱԳ նախարարի ու մյուս պաշտոնյաների հետ Կոսաչեւը քննարկում է հումանիտար ոլորտում համագործակցության հարցերը, ապա հաստատապես ՀՀ վարչապետի հետ այն կքննարկեր:  Մանավանդ, կառավարության որոշումներից է կախված լինելու դրանց իրականացումը: 

Նույն կերպ տարօրինակ է, որ Կոսաչեւի հունիսյան այցի շրջանակներում նրա ու Էկոնոմիկայի նախարարի հանդիպման մանրամասները տեղադրված չեն նախարարության կայքէջում, ինչպես որ տեղեկատվություն չկա ՀՀ մշակույթի նախարարի հետ նրա հանդիպման մասին: Անշուշտ. դա կարող է ունենալ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ, սակայն այս ամենում զուգադիպություններն ու տարօրինակությունները, կարծեք թե, մի փոքր շատ են ստացվում, ու նաեւ` տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալիս: 

Սակայն տնտեսության ոլորտի ու «Ռուսհամագործակցություն» գործակալության առնչության մասին մեկ այլ տեղեկատվություն է առկա Էկոնոմիկայի նախարարության կայքէջում: Պարզվում է, դեռեւս մարտի 21-ին նախարար Տիգրան Դավթյանն ինքն էր այցելել «Ռուսհամագործակցություն» գործակալության հայաստանյան ներկայացուցչության Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն, ծանոթացել «այն նորարարական նախագծերին, որոնք փորձագիտական գնահատական ստանալով երաշխավորվել են ծրագրի օպերատոր հանդիսացող «Սկոլկովո» ինովացիոն հիմնադրամի ծրագրերի գրանցամատյանում ընդգրկվելու համար»: Ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը եւ Տիգրան Դավթյանը անդրադարձել են «Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի հետագա գործունեությանը, նորարարական ծրագրերի առաջխաղացման գործում Հայաստանի կառավարության մասնակցության հնարավորություններին, ԱՊՀ անդամ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրին Հայաստանի մասնակցությանը եւ այլ հարցերին»: 

Էկոնոմիկայի նախարարը հենց իր այդ այցելության ընթացքում է նշել, որ «ներկայացված նորարարական ծրագրերը տնտեսության տարբեր ոլորտներում լայն կիրառությու կարող են ունենալ, եւ դա վկայում է այն մասին, որ այսօր Հայաստանն ունի այն անհրաժեշտ ներուժը, որը կարող է միջազգային շուկայում պահանջարկ ունեցող արտահանելի ինովացիոն արտադրանք ապահովել»: Դավթյանը նաեւ «շեշտել է որ պետությունը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները նմանատիպ ծրագրերի առաջխաղացման ապահովման ուղղությամբ» եւ «հավելել, որ հայ-ռուսական համագործակցության բարձր մակարդակը թույլ է տալիս տեսանելի արդյունք ակնկալել»: Իսկ թե ռուսաստանյան ծագման ի՞նչ նորարարական ծրագրեր է պատրաստվում ՀՀ կառավարությունը ներդնել տնտեսության ոլորտում, ինչպե՞ս է մասնակցելու ՀՀ կառավարությունը դրանց առաջխաղացմանը, դրա մասին առավել հանգամանալից կարող են խոսել ու գնահատական տալ այդ ոլորտի արհեստավարժ մասնագետները: 

Հավանաբար մարտին իր արած այդ առաջարկն է լրացուցիչ խթան դարձել, որ այս մի նախարարը նույնպես ներառվի Կոսաչեւի հուլիս 4-ի այցի զրուցակիցների թվում: Սակայն դա ռուսական կողմի շահագռգռություններից ընդամենը մեկը կարող էր լինել... 

ԵՄ-Հայաստան բանակցություններն ու բանակցորդները Ռուսաստանի ուշադրության կենտրոնում 

Ընդհանրապես նկատելի է, որ Կոսաչեւին հանդիպած հայ պաշտոնյաների մեջ են մտնում կառավարության այն անդամները, որոնք կամ հայտնի են իրենց եվրոպամետ հայացքներով, կամ ի պաշտոնե խթանում են Հայաստան-ԵՄ հարաբերությունները: ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը ոչ միայն ՀՀԿ միջազգային քարտուղարն է Եվրոպայի ժողովրդական կուսակությունում (ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները պետք է պարտադիր Հայաստանի եվրոպական տեսլական ունենան), այլեւ այս պահին որպես նախարար իրականացնում է Հայաստանի նախագահությունը Բոլոնյան համաձայանագրի քարտուղարությունում: Կոսաչեւի այցի ընթացքում մյուս զրուցակիցն էլ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էր, ում ղեկավարած գերատեսչությունը Եվրամիության հետ բանակցություններ է վարում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ: 

Այս համատեքստում, դեռեւս մինչեւ Կոսաչեւի այցը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հունիսի 19-ից 20-ը Բրյուսելում սկսել էր «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը, որի ժամանակ քննարկվել էին ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցային ուղղություններին առնչվող հարցեր»: 

Թե ի՞նչ է սա նշանակում ապագայում Հայաստանի վրա Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական ազդեցության թուլացման տեսանկյունից, առավել լավ հասկանում են հենց Ռուսաստանի իշխանությունները: Ուստի Մոսկվայից Հայաստանի ունեցած ցանկացած տեսակի ակնկալիք պետք է որ Ռուսաստանի իշխանությունների համար լծակի վերածվեր  Հայաստանում Եվրամիության հետագա ներխուժումը կանգնեցնելու համար: Դրանից զատ, Հայաստանի եվրոպական ընթացքն ու այն կառավարող պաշտոնյաների զսպման, նրանց հետ «հումանիտար աշխատելու» անհրաժեշտությունն առաջանում էր նաեւ այն պատճառով, որ ՀՀ վարչապետը ամիսներ առաջ հոդվածով աննպատակահարմար էր համարել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, իսկ ավելի ստույգ` Մաքսային միությանը Հայաստանի միանալը:       

Թվարկվածին գումարվում է նաև այն, որ այսօր առավել քան երբեւէ Ռուսաստանի իշխանություններին է, որ նախկինում իրենց կողմից աչքաթող արված կամ քիչ կարեւորված կրթական, գիտական, մշակութային, քաղաքացիական հասարակության, մի խոսքով` հումանիտար ոլորտում  Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ կապերի հետագա խորացումը ռուսական անգործության խորապատկերին սպառնում է Հայաստանի վրա Մոսկվայի ազդեցության իսպառ կորստով: Անվիճելի փաստ է, որ կրթության ու գիտության ոլորտը աստիճանաբար եվրոպականցվում է բոլոնյան գործընթացի շրջանակներում, Արեւելյան գործընկերության շրջանակներում քաղաքացիական չափման ներքո ԵՄ-ն համախմբել ու համակարգում է հայաստանյան քաղաքացիական հասարակության պիտանի եւ գործող, անգամ` դրա անպիտան հատվածը` այդպիսով իր վերահսկողության տակ առնելով գրեթե ողջ հանրային-հումանիտար ոլորտը: Հետեւաբար, Հայաստանի եվրաինտեգրումն առաջ տանող կառավարության առանցքային պաշտոնյաների հետ ռուսական կողմի հանդիպումներն առանձնակի կարեւորություն պետք է ստանային Հայաստանի եվրաընթացքի արագությունը վերասհսկելի պահելու տեսանկյունից:  

Եւ վերջապես, ՀՀ կառավարությունն ու էկոնոմիկայի նախարարությունը ռուսական գերուշադրության ներքո հայտնվելու մեկ այլ կարեւոր պատճառ էլ ունեն: Ինչպես 2010թ. նոյեմբերի 12-ին հայտարարել էր «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդատու Վիկտոր Կրիվոպուսկովը, «Ռուսաց լեզուն ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների արդիականացման լեզուն է»: Իսկ ռուսական ներդրումները հայկական տնտեսության մեջ պատկառելի են (2011թ. աշնան դրությամբ օտարերկրյա ներդրումների 57 տոկոսը), ինչպես որ պատկառելի է Հայաստանի տնտեսության մեջ ռուսական մասնաբաժինը (նույն թվականի տվյալներով մոտավորապես 1500 ռուսական ընկերություններ)»: 

Այսպիսով, ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւի` հունիսի 4-ին Հայաստանյան կատարած այցը արձանագրեց, որ. 

1. ՌԴ նախագահին միջնորդավորված հետաքրքրում է, թե պաշտոնական Երեւանն ու Հայաստանի իշխանությունները որքանով են պատրաստակամ խորացնել ու զարգացնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները բոլոր ձեւաչափերում ու ոլորտներում, եւ արդյո՞ք հավատարիմ են նախկինում իրենց տված հանձնառություններին: Կոսաչեւի բոլոր զրուցակիցները` ՀՀ նախագահից, վարչապետից, մինչեւ ԱԳ, Կրթության ու գիտության եւ Էկոնոմիկայի նախարարներ դրականորեն են արձագանքել հայ-ռուսական հարաբերությունները քաղաքական, միջխորհրդարանական, կրթական, գիտական, առեւտրատնտեսական ու իննովացիոն ոլորտներում խորացնելու ռուսական առաջարկին: 

2. ՌԴ իշխանությունների կողմից գերկարեւորվող թիրախներից մեկը հումանիտար ոլորտն է, որի կապակցությամբ 2011թ-ի աշնանը Մոսկվայում ստորագրվել էր հումանիտար ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագիր` ապագա տասնամյակում կրթության, գիտության ու հանրային ոլորտների զգալի ռուսիֆիկացման մեծագույն հեռանկարով: Այդ համատեքստում ռուսական իշխանություններին հետարքրքում է, թե ի՞նչ «ակտիվ քայլերով» են իրականացվում «նախանշված» ծրագրերը, եւ ի՞նչ նոր նախաձեռնությունների է պատրաստ հավանություն տալ պաշտոնական Երեւանը: Այն փաստը, որ հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցության միջկառավարական համաձայանգիրը կնքվել է, երբ ՌԴ վարչապետ է եղել 2012թ. վերստին նախագահ դարձած Վլադիմիր Պուտինը, վկայում այն մասին, որ դա իր գաղափարն է եղել, ինչի համար էլ նա ձեռնամուխ է եղել գործնականում դրա կյանքի կոչմանը: Իսկ եթե դա իր գափարն էլ չէ, ապա նախագահ Պուտինը ի ցույց է դնում, որ դրա ջատագովն է ու այն կարեւորում է ռուսական շահերի առաջմղման տեսանկյունից: 

(շարունակելի) 

Ստյոպա Սաֆարյան

Վերլուծաբան

Մեկնաբանություններ (2)

դավիդ
Զուսպ, հավասարակշիռ, չծախվող ,,Հետք,, , պատմությունը, վստահ եմ, կրկնվելու միտռւմ ունի;Միաբևեռ աշխարհը ապագա չունի;Այլնտրանքը, մրցակցությունը մարդկության պատմության շարժիչ ուժն են;Ավաղ, դարի պատերազմից հետո;Դա է այս ազգի լինելիության միակ ճանապարհը;Ճիշտ է, իմ սրտով չէ,բայց ճիշտն է;Ոչինչ, որ գրում, կիսվում եմ;Ախր ես խոսելու, գրելու,մտածելու,ազատության պահանջ ունեմ;Ինձ միայն ասում են`ՍՈՒՍ; Ծախուներին էլ եմ գրամ, բայց այլ բաներ, աշխարհի թերթերին այլ,;Հայերենը մոռանալ էլ չեմ ուզում, ձրի գարին վնաս չէ, նաև դրա համար եմ գրում; ,
Հովնան
Հենց սկզբից էլ պարզ էր, որ մեր երկրի ղեկավարները օտարալեզու դպրոց ասելով ռուսական դպրոցներ բացելու` Պուտինի հանձնարարությունն էին կատարում... Պատճառները շատ են, բայց պատճառներից մեկն էլ այն է, որ իրենք իրենց ավելի ցածրակարգ մարդիկ են համարում, քան ռուսներին: Մի?թե այդպիսի ողորմելիներին թույլ ենք տալու, որ շարունակեն հավատարիմ ծառայել հայաոչննչացման քաղաքականության շահերին, որ ռուսներն իրականացնում են սկսած 1828թ.-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter