HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենամեծ փոքր հէկը պատգամավոր Հակոբ Հակոբյանինն է

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-7 

Վայոց ձորի մարզում` Արփա-Սևան թունելի մոտ է գտնվում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի (մականունը` Թունելի Հակոբ) փոքր հէկը՝ «Եղեգիս-1»: «Սա տարածքի ամենամեծ փոքր հէկն է»,- ասում է «Եղեգիսի 1» փհէկի հերթափոխի պետ Սերոժ Մանասերյանը: Եվ իրապես, «Եղեգիսի 1»-ը մինչև 10 ՄգՎտ հզորություն ունեցող փոքր հէկերի մեջ ամենամեծն է, զիջում է միայն Ողջիին, որի հզորությունը 10 ՄգՎտ-ից ավելի է: 

«Եղեգիս-1» փհէկը շահագործում է «Բազենք» ՓԲԸ-ն: Ընկերությունը Հակոբյանների գերդաստանն է հիմնադրել` պատգամավորը իր հարազատների հետ` եղբայրներ Հակոբ, Արմեն, Պարթև Հակոբյանները և Մելս Հակոբյանը: Արմեն Հակոբյանի հավաստմամբ` Մելս Հակոբյանը իրենց ազգակիցը չէ, այլ ընկերն է: 

Փոքր հէկը սնվում է Արփա գետի Եղեգիս վտակից` 4 կմ խողովակաշարով ջուրը հասնում է էլեկտրաէներգիայի արտադրման կայան: «Եղեգիս 1»-ի դրվածքային հզորությունը մոտ 10 ՄգՎտ է: Սակայն հերթափոխի պետն ասում է, որ երկու ագրեգատ է աշխատում փհէկում, յուրաքանչյուրը 4 մգվտ հզորությամբ էներգիա է արտադրում, և ջրառատ ժամանակահատվածում փհէկը տալիս է 8 մգվտ էլէներգիա: Առատ ջրի պայմաններում մեկ ագրեգատը մինչև 6 ՄգՎտ էներգիա կարող է արտադրել, սակայն այդքան չի արտադրում:

«Մենք ջրօգտագործման թույլտվություն որ վերցրել ենք, էդքան ջուր չենք կարող օգտագործել: Նախագծում նախատեսված հզորությունը չենք ստանում»,- ասում է պատգամավորի եղբայրը` փհէկի տնօրեն Արմեն Հակոբյանը:

Ձմռանը փհէկն ավելի քիչ էներգիա է արտադրում՝  հզորությունն իջնում է մինչև 1-2 ՄգՎտ-ի: «Եղեգիս-1»-ի տարեկան արտադրանքը հասնում է մինչև 30 մլն կվտ/ժամի: Ընկերությունը էներգիան ՀԷՑ-ին վաճառում է 23,461 դրամ/կՎտ/ժ-ով` ներառյալ ԱԱՀ-ն: 

«Բազենքը» ՓԲԸ-ն նախատեսում է երկրորդ խողովակաշարն անցկացնել, որպեսզի մեկ այլ ագրեգատ ևս աշխատի, սակայն Արմեն Հակոբյանն ասում է, որ դա դեռ միայն խոսակցություն է` ոչ նախագիծ կա, ոչ էլ հաշվարկ է արվել:

Տեղեկանք 1 

«Բազենքը» փհէկի շահագործման լիցենզիան ստացել է 2004-ին: Այդ թվականից էլ փհէկը գործում է: Արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Ա. Խաչատրյանը 2005-ի նոյեմբերին ՀՀ էներգետիկայի բնագավառում լիցենզավորման գործընթացում հայտնաբերված խախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու մասին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանին:  

2003-2005թթ.-ին տրված լիցենզիաներն ուսումնասիրելով՝ ուսումնասիրվող հանձնաժողովը արձանագրել է լիցենզիա ստացած առանձին կազմակերպությունների կողմից էլեկտրական կայանները սահմանված ժամկետում կառուցելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները խախտելու դեպքեր:

Արդյունքում պետական բյուջե են փոխանցվել լիցենզիա ստանալու համար մուծված  եւ ֆինանսական ապահովման երաշխիքային գումարները: Այսպես, 2004-2005թթ-ին հանձնաժողովի  որոշումներով ուժը  կորցրած են ճանաչվել «Բազենք» ՓԲԸ-ի և մի քանի այլ փոքր հէկերի կառուցման լիցենզիաները, եւ ընկերությունը պետական  բյուջե  է  փոխանցել   4,0 մլն  դրամ: «Լիցենզիաների պահանջները եւ պայմանները խախտելու համար հանձնաժողովը լիցենզավորված կազմակերպությունների լիցենզիաների դադարեցման եւ կասեցման վերաբերյալ որոշումներ ընդհանրապես չի ընդունել այն դեպքում, երբ արձանագրվել են լիցենզիայի համար նախատեսված  պետական տուրքը սահմանված ժամկետում  չմուծելու բազմաթիվ դեպքեր»,- արձանագրել է դատախազությունը:

Կիոտոն ու Հակոբյանների փհէկը 

Հայաստանում 3 հէկ կա, որոնք կառուցված են Կիոտոյի արձանագրության «Մաքուր զարգացման մեխանիզմի» շրջանակներում` «Արգիճին», «Ջրաձորը» և Հակոբյանների փհէկը:

Տեղեկանք 2

Կիոտոյի արձանագրությունն ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա) Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի երրորդ կոնֆերանսում՝ 1997թ. դեկտեմբերի 11-ին:  Այն ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարի 16-ին այն բանից հետո, երբ այն վավերացրին Կոնվենցիայի 55 կողմ երկիր: Կիոտոյի արձանագրությունը սահմանում է նորարարական «ճկունության մեխանիզմներ» արտանետումների կրճատման իրենց չափաբաժինների ապահովման  ընդհանուր անհրաժեշտ ծախսերի նվազեցման համար: Այդ մեխանիզմները թույլ են տալիս օգտվել այլ երկրներում արտանետումների նվազեցմանը կամ մթնոլորտից ածխածնի հեռացմանը նպաստող ծախսարդյունավետ հնարավորություններից: Հայաստանյան հէկերը կառուցվել են Մաքուր զարգացման մեխանիզմի (CDM) շրջանակներում, որը նախատեսվում է, որ Կիոտոյի արձանագրությանը միացած երկրներն իրականացնեն չներառված այլ երկրներում արտանետումների նվազեցմանը նպաստող ծրագրային գործողություններ` արտանետումների սերտիֆիկացված նվազեցումներ (ԱՍՆ-ներ) ստանալու դիմաց: Ներառված երկրները կարող են օգտագործել ձեռք բերված ԱՍՆ-ները Կիոտոյի արձանագրությամբ նախատեսված` արտանետումների նվազեցման իրենց ցուցանիշների ապահովմանը նպաստելու համար: Այս մեխանիզմներն ապահովված են վարկային միջոցներ ստանալու և ներառված երկրների արտանետումների նվազեցման ցուցանիշներն ապահովելու ուղիներով` այն դեպքում երբ առկա է նվազագույն ծախսով արտանետումների նվազեցման հնարավորություն: 

Հէկի տնօրենի տեղակալ Վահրամ Հակոբյանն ասում է, որ այլևս ձեռնտու չէ օգտվել Կիոտոյի արձանագրության քվոտաներից, քանի որ «շուկան շատ վատ վիճակի մեջ է». շատ ցածր է ԱՍՆ-ների (արտանետումների սերտիֆիկացված նվազեցումներ) արժեքը, և իրենց կուտակածները չեն կարող վաճառել:

«Դա ստեղ առանձնապես դեռ չի աշխատում, անցյալ տարվա կեսերից շուկայական գները նվազեցին և արդեն արդյունավետ չէ: Կիոտոյի պրոտոկոլը արդեն չի գործում, երկարացված է, բայց չի գործում, դա արդեն միջազգային խնդիր է»,- ասում է Վ. Հակոբյանը:

Հակոբյանների փհէկն այդ գործընթացը սկսել է 2004-ին` KFW վարկային ծրագրով:  Այդ ժամանակ ԱՍՆ-ի միավորը 18-20 եվրո է եղել, իսկ հիմա 2-4 եվրո արժե: Կիոտոյի արձանագրության համապատասխանության ամեն տարվա ստուգումներն ու գնահատումը արժե 10-12 հազար եվրո,  որը, ըստ Վ. Հակոբյանի, թանկ հաճույք է:

«Մենք ունենք կապիտալ, որը որ ուզում ենք վաճառել, որը որ պիտի վաճառենք, հիմա սպասում ենք, որ գինը բարձրանա շուկայում: Կուտակվում է, ինքը կորած տեղ չէ, տարիների արտադրածը կուտակվում է»,- շարունակում է Վահրամ Հակոբյանը:  

ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության շրջանակային կոնվենցիայի Հայաստանի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանն ասում է, որ եթե սովորական բիզնեսի տակ կարելի է ինչ-որ բան կառուցել,` լինի դա հէկ կամ այլ օբյեկտ, ապա դա չի կարելի Կիոտոյի արձանագրության տակ անել: Այսինքն՝ պետք է ապացուցվի, որ Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմը չկիրառելու դեպքում հէկը չի կարող կառուցվել: Արամ Գաբրիելյանն ասում է, որ միջազգային աուդիտը հետևում է, որպեսզի հանկարծ այնպիսի հէկեր չկառուցվեն, որոնք չարաշահեն նշված սկզբունքը: 

Տվյալ հէկի նախագիծը հաստատվել  է նախկին գների պայմաններում, CO2-ի կրճատումների (ԱՍՆ-ի) գինը բարձր է եղել և Կիոտոյի արձանագրության կայուն զարգացման մեխանիզմով հէկը կառուցելը ձեռնտու է եղել: 

Ա. Գաբրիելյանի խոսքով` հիմա ձեռնտու չէ, քանի որ Կիոտոյի արձանագրության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Կանադան, հետևելով ԱՄՆ-ի դիրքորոշմանը, դուրս է եկել Կիոտոյի արձանագրությունից, Ճապոնյան ու Ռուսաստանը հրաժարվել են շարունակել իրենց մասնակցությունն արձանագրությանը 2013թ.-ից, իսկ Եվրամիության երկները կշարունակեն իրենց մասնակցությունը, սակայն կհամագործակցեն միայն առավել նվազ զարգացած երկրների հետ, որոնց մեջ Հայաստանի Հանրապետությունը չի մտնում: Ստեղծված պայմաններում «Արտանետումների սերտիֆիկացված կրճատումների» գինն ընկած է, ուստի և հէկին էլ ձեռնտու չէ ամեն տարի մոնիտորինգ և ծախսեր կատարել, որպեսզի այդ կրճատումները հաստատվեն, և այն տնտեսումը, որ հէկն անում է շնորհիվ ԱՍՆ-ների վաճառքի, ավելի քիչ է, քան մոնիտորինգի արժեքը. «ԱՍՆ-ների վաճառքից ավելի քիչ գումար իրենց կգա, քան նրանք պիտի վճարեն դա հաստատելու համար»: 

Չնայած Կիոտոյի արձանագրության առաջին փուլն ավարտվում է 2012 թվականի ավարտով, սակայն այն նախագծերը, որոնք հաստատված են, պետք է շարունակվեն նաև 2012-ից հետո: 

Ներկայումս «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը» մտադրություն ունի մինչև 2012թ.-ի վերջը հասցնել հաստատել մաքուր զարգացման մեխանիզմով փոքր հէկերի կառուցման խմբակային`այսպես  կոչված «ծրագրային մոտեցմամբ գործողությունների» նախագիծ: 

Այնուամենայնիվ, փհէկի սեփականատեր և տնօրեն Արմեն Հակոբյանն ասում է, որ որպես բիզնես փհէկը «մաքուր և շահավետ» է: Ավելացնենք նաև, որ «Բազենք»  ՓԲԸ-ն խոշոր 1000 հարկատուների ցուցակում է: Ընկերությունը 2011-ին պետբյուջե է վճարել ավելի քան 86 մլն դրամ` զբաղեցնելով 838-րդ տեղը: Մինչդեռ 2010-ին ընկերությունն ավելի լավ դիրքերում է եղել` ավելի քան 129 մլն դրամ է հարկ վճարել` զբաղեցնելով հարկատուների ցանկի 585-րդ հորիզոնականը: 2012 ֆինանսական տարվա սկզբից հունվար-մարտ ամիսներում պետբյուջե վճարել է ավելի քան 15 մլն դրամ հարկ: 

Հակոբյանները նոր փոքր հէկ են ուզում կառուցել, սակայն պատգամավորի հետ զրուցել չհաջողվեց, քանի որ վերջինս այս օրերին Հայաստանում չէ: Իսկ նրա եղբայրը` Արմեն Հակոբյանը խուսափեց պատասխանել, թե որտեղ են նոր փհէկը կառուցելու: «Կսկսենք կառուցել, կասեմ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter