HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ է պատասխան տալու լոլիկի և կարտոֆիլի ցեցի հասցրած վնասների համար

Գյուղացիներին բաժանված ցորենի անորակ սերմնացուից ստացված ցածր բերքի վերաբերյալ դժգոհությունը դեռ չավարտված՝ գյուղացիները կրկին ահազանգում են: Այս անգամ նրանց ահազանգի թեման գյուղատնտեսական մշակաբույսերի նոր վնասատուի՝ ցեցի տարածումն է: Ամենայն հավանականությամբ, ցեցը բանջարեղենի սերմերի հետ ՀՀ տարածք է ներթափանցել Թուրքիայից:

Ցեցը արդեն մեծ վնաս է հասցրել կարտոֆիլին, լոլիկին, և այլ մշակաբույսերի: Ցեցի տարածմանը նպաստում են շոգ եղանակը, մոլախոտերի տարածվածությունը, գյուղատնտեսական վնասատուների դեմ համատարած պայքարի միջոցառումների կիրառման բացակայությունը և այլն:

Յուրաքանչյուր օրը, ժամը, րոպեն մեծ նշանակություն ունեն ցեցի բազմացման և տարածման տեսանկյունից: Որքան ցեցի դեմը շուտ առնենք, այնքան շատ քանակության գյուղմթերք կփրկենք վնասվելուց, և չենք թողնի, որ ցեցի համաճարակը տարածվի երկրով մեկ:

Հարց է առաջանում. ինչպե՞ս եղավ, որ ցեցը ներթափանցեց Հայաստանի տարածք: Որտե՞ղ էին գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան աշխատակիցները, ովքեր սահմանի վրա կամ լավ չեն աշխատել (ներմուծման թույլտվություն տալուց առաջ ինչպես հարկն է, չեն ստուգել բանջարեղենի սերմերը) կամ էլ մաքսանենգ ճանապարհով (առանց ստուգման), բանջարեղենի սերմերի հետ միասին ցեցը ներթափանցել է ՀՀ տարածք:

Բազմիցս նշել եմ, որ բանջարեղենի սերմերի ներկրումը Հայաստան լավ չի վերահսկվում: Այդ սերմերի հիմնական մասը մեր երկրի տարածք է ներթափանցում մաքսանենգ ճանապարհով: Այս հարցում համոզվելու համար կարելի է ցանքից առաջ շրջայց կատարել բանջարեղենի սերմերի վաճառքի շուկաները: Այնուհետև փորձեք սերմը գնելուց հետո սերմ վաճառողներից պահանջել սերմի ձեռք բերման փաստաթուղթ կամ հաշիվ-ապրանքագիր: Սերմեր վաճառողների հիմնական մասը չունի սերմերի ձեռք բերման անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը: Լավագույն դեպքում նրանք ձեզ կտրամադրեն ՀԴՄ կտրոններ:

Ի վերջո, հարց է առաջանում. ո՞վ է պատասխան տալու երկրի տարածք այդ վնասատու միջատի մուտքի համար:

Հիշենք, որ մի քանի տարի առաջ Վրաստանի սահմանով ՀՀ տարածք ներթափանցեց խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը, որի պատճառով համաճարակի զոհ դարձավ երկրի խոզերի գլխաքանակի կեսից ավելին: Սակայն մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել այդ աղետի համար, ավելին՝ համար առաջին պատասխանատու, գյուղնախարարության անասնաբուժության պետական տեսչության պետ Գ. Բաղիյանը նշանակվեց գյուղնախարարի առաջին տեղակալ:

Մնում է սպասել և տեսնել՝ հիմա՞ ում պաշտոնն են բարձրացնելու: Թե՞, այնուամենայնիվ, պայքարի լուրջ միջոցառումների միջոցով կանխվելու է եկող տարի սպասվելիք, օրինակ, կարտոֆիլի բերքի իսպառ ոչնչացումը:

Սարգիս Սեդրակյան
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ
«Կայուն զարգացման ծրագրի» քաղաքացիական համագործակցության նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter