
SOS. Ձորագետը նորից աղտոտվում է
Երեկ Ստեփանավան քաղաքից Մանիա Մելիքջանյանը ահազանգել է, որ Ձորագետը նորից աղտոտվում է. «Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը, անտեսելով բնապահպանական նորմերը, շարունակում է հանքի մեծածավալ թափոնները լցնել անդրսահմանային Ձորագետ գետը, սարսափ և զայրութ առաջացնելուվ տեղի հանրության և հովեկների մոտ: Ահազանգել ենք տեղական իշխանության ներկայացուցիչներին, պատասխանել են՝ անզոր են այդ երևույթները կանխելու, իսկ հանքարդյունաբերողները մեզ պատասխանում են, որ իրենց կատարածը նորմալ աշխատանքային երևույթ է:
Սույն լուրջ խնդրին լուծում տալու համար դիմել ենք բնապահպանության նախարարության թեժ գիծ՝
պարոն Պեպանյանին…Սպասում ենք...Խնդրում ենք…Բոլոր պատկան մարմիններին և շահագրգիր օղակներին՝ օգնել կանխելու սույն անօրինականությունը հանուն մեր և հետագա սերունդների»,- գրում է Ստեփանավանի Օրհուս կենտոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը:
Հայաստանի Օրհուս կենտրոնների իրավաբան Արթուր Գրիգորյանն այսօր զանգահարել է «Սագամար» ընկերության փոխտնօրեն Նաիրա Պապյանին և տեղեկացրել աղտոտման մասին, վերջինս բառացի պատասխանել է.
«Մենք կիրակի օրը չենք աշխատում, որևէ տեղեկատվություն չենք կարող ձեզ տրամադրել: Դիմեք «Գլոբալ Մեթալզ» ընկերությանը, մենք հաստատում ենք, որ ոչ մի թափոն չենք լցրել Ձորագետ, որովհետև հանքավայրն աշխատում է փակ ջրաշրջանառության ցիկլով»:
«Որտեղի՞ց է աղտոտվում Ձորագետը, մենք դեռ կպարզենք»,- գրում է Ա. Գրիգորյանն ու հիշեցնում, որ այսօր Ստեփանավանի Օրհուս կենտրոնը Ստեփանավանի երիտասարդների նախաձեռնող խմբի հետ համատեղ կազմակերպում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքի և բնապահպանական նորմերի խախտման:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել