
Սերժ Թանկյան. «Հայտնեք Թեղուտի անտառը փրկելու ձեր գաղափարները» (վիդեո)
Մեր մոլորակի էկոլոգիական վիճակի վատթարացումը մարդկությանն ու մեր ողջ էկոհամակարգին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկն է: Կորպորացիաների գործունեության արդյունքում շարունակաբար աղտոտվում է ողջ մոլորակը՝ հողը, ջուրն ու օդը: Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ որ նա լինի, ենթարկվում է աղտոտման բացասական ազդեցությանը:
Որքան լավատեղյակ լինենք խնդրի պատճառների ու հետևանքների մասին, այնքան ավելի գիտակցված որոշումներ կկայացնենք և կկարողանանք փոխել մեր սովորությունները: Սա էլ իր հերթին կբերի ավելի մեծ փոփոխությունների՝ ազդելով ընկերությունների քաղաքականության ու գործունեության վրա:
Խնդիրը, որը ներկայացնում եմ, Թեղուտի անտառն է: 2011թ. Հայաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ եղա նաև Լոռու մարզում: Ես տեսա տեղի հրաշալի բնությունը, տեսա վեր խոյացող անտառը, որ դեռ կանգուն էր: Երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Պարզվում է՝ Թեղուտը՝ Հայաստանի վերջին և ամենալավ պահպանված անտառներից մեկը, կանգնած է իսպառ վերացման վտանգի առջև:
Պատճառը բաց եղանակով մետաղական հանքի ծրագրվող շահագործումն է, որի արդյունքում առաջանալու են 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով պոչամբար և 600 միլիոն տոննա այլ թափոններ:
Հետևանքները: Թեղուտի անտառը խիտ սաղարթով ծառերով, գետերով, հազվագյուտ բուսատեսակներով և կենդանատեսակներով մի բացառիկ էկոհամակարգ է, որը ներկայումս գտնվում է մեկընդմիշտ կործանման եզրին: Այս սքանչելի ազգային հրաշալիքն այսօր կանգնած է էկոլոգիական մեռյալ գոտու վերածվելու վտանգի առջև, որի ազդեցությունն առկա է լինելու հարյուրամյակների, եթե ոչ հազարամյակների ընթացքում:
Արդարացումը: Հանքավայրը շահագործող ընկերությունն ու նրանք, ովքեր կողմ են հանքի բացմանը, պատճառաբանում են, թե դրա արդյունքում երկիրը տնտեսական աճ կարձանագրի, իսկ տեղի աշխատողների կյանքը կդառնա ավելի բարեկեցիկ:
Իրականությունը: Ներկայում Հայաստանի մոտ 500 հանքից, որոնց թիվը շարունակաբար աճում է, երկիրը դեռևս էական եկամուտներ չի ստանում, և հանքարդյունաբերությունը զգալի, երկարաժամկետ դրական ազդեցություն չի ունեցել հանքավայրերում աշխատող բանվորների կենսամակարդակի վրա: Ինչ վերաբերում է Թեղուտի անտառին, ապա այստեղ հանքավայրում աշխատողների մեծ մասը պետք է լինի տեղի մոտ 360 բնակիչներից: Վերջիններս անգիտակցաբար վտանգում են ոչ միայն իրենց կյանքն ու առողջությունը, այլև իրենց երեխաների, թոռների և եկող սերունդների: Եվ այս ամենն՝ ընդամենը ամսական մոտ 150 դոլար եկամտի համար: Հանքավայրի շահագործման նախագծի համաձայն՝ հանքի շահագործումը տևելու է 25-30 տարի: Իսկ Թեղուտի անտառի գեղեցկությունը մենք կորցնելու ենք հազարամյակներով:
Այլընտրանքը: Բաց եղանակով հանքի շահագործումը կանխելու կամ ավելի ճիշտ դադարեցնելու համար չափազանց կարևոր է այդ շրջանի համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելը: Շրջանը գյուղատնտեսական առումով չափազանց բարեբեր է: Ակնհայտ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի նպատակահարմար է շրջանի և առհասարակ երկրի համար՝ թե տնտեսական և թե էկոլոգիական առումով: Այն գործարարները, ովքեր իսկապես շահագրգռված են Հայաստանի երկարաժամկետ զարգացմամբ, պետք է ուսումնասիրեն Թեղուտը՝ գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների և ոչ թանկարժեք մետաղների որոնման նպատակով, և ներդրումներ կատարեն կոլեկտիվ տնտեսությունների և փոքր բիզնեսի ստեղծման մեջ: Ի վերջո, ոչինչ այնքան կարևոր չէ, որքան շրջակա միջավայրը, գալիք սերունդների առողջությունն ու բարեկեցությունը:
Ինչ անել: Ծանոթացեք Թեղուտի հիմնախնդրին: Միացեք «Փրկենք Թեղուտը» բնապահպանական շարժմանը, ուսումնասիրեք խնդիրը, դրա հետևանքներն ու գոյություն ունեցող այլընտրանքային հնարավորությունները կամ հայտնեք Թեղուտի անտառը փրկելու ձեր գաղափարները:
Այցելեք www.Teghut.am, www.ecolur.org կայքերը և մասնակցեք այս գործին:
Ես Սերժ Թակյանն եմ:
Շնորհակալություն
Մեկնաբանել