HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրացական լեռներում մնացած հայ լեռնագնացը ուղղաթիռ է խնդրում, այլապես դիմելու է ծայրահեղ քայլի

Վրաստանի Ուշբա լեռը բարձրացած հայ լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանը արդեն 2 օր է` փրկարարական օգնության է սպասում, բայց վստահ չէ, որ այն կհասնի: Քիչ առաջ նա հեռախոսակապ է հաստատել իր հարազատների հետ եւ հայտնել, որ ձյան առատ տեղումների պատճառով իր վիճակը գնալով բարդանում է, իսկ սննդի եւ ջրի պաշարը` սպառվում: Անդրանիկ Միրիբյանը, ով նախկին փրկարար է, կապվել է թե Վրաստանի, թե Հայաստանի փրկարար ծառայությունների հետ եւ խնդրել իր հետեւից ուղղաթիռ ուղարկել, քանի որ ոտքով փրկարար լեռնագնացներ ուղարկելը չափազանց վտանգավոր է, բացի այդ, ոտքով Ուշբա սար հասնելու համար Սվանեթիի փրկարարներին անհրաժեշտ է 3 օր: Լեռնագնացին, սակայն, ոչ ոք հստակ չի ասել` եղանակային բարենպաստ պայմանների դեպքում ուղղաթիռ կգնա նրա հետեւից, թե ոչ:

«Ես պատրաստ եմ այստեղ 2-3 գիշեր սպասել, եթե պետք լինի, 1 շաբաթ էլ այստեղ կմնամ` սոված-ծարավ, միայն թե վստահ լինեմ, որ ուղղաթիռ կուղարկեն: Եթե ոչ, ապա անհիմն հույսեր տալով նրանք կարող են սպառել իմ միջոցները, որոնք շատ սուղ են, ու ես կհայտնվեմ կրիտիկական վիճակում, երբ այլեւս ոչինչ հնարավոր չի լինի անել: Այսինքն ինձ համար այս պահին ամենակարեւոր հարցն է` կլինի ուղղաթիռ, թե ոչ: Դրանից կախված էլ որոշում կընդունեմ: Ես պատրաստվում եմ ծայրահեղ քայլի գնալ ու ռիսկի դիմելով վաղը առավոտյան՝ ժամը 5-6-ին, փորձելու եմ իջնել ներքեւ, քանի որ համոզված չեմ, որ ուղղաթիռ կլինի: Չէի ուզի, որ ինձ համար այլ փրկարարներ վտանգեին իրենց կյանքը` փորձելով եղանակային այսպիսի պայմաններում բարձրանալ լեռը: Դրա համար ուղղաթիռը  լավագույն տարբերակն է` մարդկային կյանքի ռիսկի գործոնը նվազեցնելու համար»,- հարազատներին ասել է Անդրանիկ Միրիբյանը: Ըստ նրա` որքան փրկարարներն ուշանում են, այնքան իջնելն իր համար վտանգավոր է դառնում: Առատ ձյունը ձնահյուսի վտանգ է ստեղծում: Նա նաեւ փոխանցել է, որ պատրաստ է վճարել ուղղաթիռով փրկարարական ծառայության դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter