
Բեկոր Փափազյանը դարձավ հանքարդյունաբերության զոհ
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը հունիսի 15-ից սեփական դիմումի համաձայն կլքի իր պաշտոնը:
Կառավարությունում «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ Բեկոր Փափազյանը իրականում դարձել է հանքարդյունաբերության զոհ: Նշենք, որ այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Տաթևի հարևանությամբ` Սվարանցում, չինական մի ընկերություն պետք է շահագործի երկաթի հանքավայր («Ինչու աննկատ մնացին չինական «ներդրումները»):
Բեկոր Փափազյանը, ինչպես նաև «Տաթևի վերածնունդ» ծրագրում ներդրումներ կատարած գործարարները անակնկալի էին եկել, որովհետև ներդրումային ծրագիրը սկսելիս որևէ մեկը իրենց չի տեղեկացրել, որ այստեղ պետք է հանքավայր շահագործվի: Հիմնական ներդրող Ռուբեն Վարդանյանը այս հարցով հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կարևորագույն «Տաթևի վերածնունդ» ծրագիրը զբոսաշրջության զարգացմանն է ուղղված: Հանքավայրի շահագործումն աղետալի հետևանքներ կունենա շրջակա միջավայրի համար («Ով է այն տղամարդը, որ կարող է փրկել Տաթևը»):
Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը հրապարակավ հայտարարել է, որ զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը անհամատեղելի են («Տաթևի հարևանությամբ երկաթի հանք կշահագործվի»): Իսկ նման հայտարարությունը «հարված» է հանքարդյունաբերության ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությանը: Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է առաջիկա տարիներին Հայաստանի «ողջ ընդերքը» շահագործել: Իսկ Բեկոր Փափազյանը դեմ է եղել Սվարանցի երկաթի և Հալիձորի ոսկու հանքավայրերի շահագործմանը: Դա նշանակում, որ նա պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին:
«Հետքի» հարցին, թե իր հրաժարականի իրական պատճառը Սվարանցի հանքավայրի շահագործումը չէ՞ արդյոք, Բեկոր Փափազյանը հրաժարվեց պատասխանել:
Իսկ Ազգային մրցունակության հիմնադրամի անցած շաբաթ տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր 20-րդ նիստում հաստատել է, որ Բեկոր Փափազյանի կատարած աշխատանքը խիստ կարևոր է եղել կառույցի հիմնադրման, զարգացման և ոլորտային ուղղությունների հստակեցման տեսանկյունից: Պրն. Փափազյանը բարեխղճորեն իրականացրել է իր առջև դրված հիմնական նպատակը` Հայաստանում գործարկել պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով առաջնորդվող կառույց: Նրա պաշտոնավարման արդյունքում նաև մեկնարկել են հիմնադրամի առանցքային և խոշորագույն ծրագրերը զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում` գրանցելով էական առաջընթաց»:
Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նոր գործադիր տնօրենը, բայց վստահաբար կարող ենք ասել, որ նա կողմ է լինելու Տաթևի հարևանությամբ երկաթի հանքավայրի շահագործմանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել