
«Ասպարեզը» դատապարտում է նախագահական գրասենյակի խտրականությունը Գյումրիի լրագրողների նկատմամբ
Այսօր՝ Գյումրի կատարած այցի ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմը արգելել է նրա հետ հարցազրույցին մասնակցել մի շարք տեղական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, այդ թվում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի, www.asparez.am կայքի, «Հինգշաբթի» շաբաթաթերթի, «Ցայգ» և «ԳԱԼԱ» ՀԸ լրագրողներին, «Ազատություն» ռադիոկայանի և «Առավոտ» օրաթերթի տեղական թղթակիցներին:
Մինչ Ս.Սարգսյանի' Գյումրու նորակառույց հիվանդանոցի բացմանը ժամանելը նախագահական պալատի մամուլի պատասխանատուն հավաքված լրագրողներին տեղեկացրել է, թե վերջինիս հետ ոչ մի հարցազրույց չի նախատեսված: Մինչդեռ Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց կատարած շրջայցից հետո հենց հիվանդանոցի ներսում կազմակերպվեց հարցազրույց, որին մասնակցել են երևանյան մի շարք լրատվամիջոցներ, «Հ1» հեռուստաընկերության տեղական թղթակիցը, և մարզի մյուս լրագրողների աչքի առաջ ներս են հրավիրել նաև «Շանթ» ՀՌԸ Գյումրու թղթակցին:
Տեղական մյուս լրատվամիջոցների լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ լրատվամիջոցների միջև խտրականություն դրվեց, և ինչո՞ւ մյուսներն էլ ներս չհրավիրվեցին' լրատվության պատասխանատուն պատճառաբանել է, թե «ներսում տեղ չկար», և առաջարկել է օգտվել իրենց արած հարցազրույցի տեսագրությունից, որը հրապարակվելու է ավելի ուշ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատապարտում է տեղացի լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքը, այն գնահատում է որպես խոսքի ազատության սահմանափակման խայտառակ դեպք և խտրականություն նույն մասնագիտության ներկայացուցիչների տարբեր խմբերի նկատմամբ:
Դժվարանում ենք կռահել այս վերաբերմունքի իսկական դրդապատճառները, գուցե աշխատակազմը մտահոգ է եղել, որ տեղացի լրագրողները չպլանավորած ու արտասցենարային հարցեր էին հղելու Սերժ Սարգսյանին: Իսկ ներսում տեղ չլինելու մասին պատճառաբանությունները ուղղակի ծիծաղելի են. հիվանդանոցը բազմաթիվ սպասասրահներ ու դահլիճներ ունի:
ՀՀ նախագահի աշխատակազմը պարտավոր է պատշաճ և հիմնավոր բացատրություններ ներկայացնել հանրությանը այն մասին, թե ինչով էր պայմանավորված այսօրվա խտրականությունը լրագրողների նկատմամբ:
Հրավիրում ենք ՀՀ ոստիկանապետի ուշադրությունը վերը նկարագրված փաստերին և պահանջում քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի առաջին մասի հատկանիշներով. «…1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:…»:
Լրագրողներին խորհուրդ ենք տալիս իրենցից փակ այդ հանդիպման մասին գրելիս օգտվել լրագրության գեղարվեստական ժանրերից:
«Ասպարեզ» ակումբ
04 սեպտեմբերի, 2012
Մեկնաբանել