HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ-ն քննարկում է Սաֆարովի արտահանձնման դեպքը

Քիչ առաջ Ազգային ժողովը արտահերթ նիստով սկսեց քննարկումները, որոնք վերաբերում են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստոմ անցնող ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թ. փետրվարի 19-ին քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը Ադրբեջանին:

Ազգային ժողովի հայտարարության տեքստում նշված է, որ Հունգարիան որպես ընդունող երկիր չի ապահովել մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը:

Ազգային ժողովն արձանագրում է նաեւ, որ հայ սպայի սպանությունը եւ այն կատարած հանցագործը Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար, ամենաբարձր մակարդակով արդարացվում եւ հերոսացվում էին, ուստի որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել եւ ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունները խրախուսելու համար:

Ազգային ժողովը հայտարարում է, որ Հունգարիայի իշխանությունը եւս կրում է կատարվածի համար պատասխանատվություն, ինչպես նաեւ դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսեւորած վարքագիծը եւ խորհրդարանական մակարդակով կասեցնում է Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները:

Ազգային ժողովը հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի միջեւ 2012 թ. օգոստոսի 31-ին իրականացված գործարքը:

Այժմ պատգամավորները հարցերով դիմում են հիմնական զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:

ՀՅԴ-ական պատգամավորներ Վահան Հովհաննիսյանն ու Աղվան Վարդանյանը փորձեցին պարզել՝ արդյոք հայտարարության տեքստի այն հատվածը, որով Ազգային ժողովը Հունգարիային մեղադրում է հանցագործության պատասխանատվությունը կրելու մեջ, ավելորդ չէ: Պատգամավորները պատճառաբանեցին, որ հանցագործությունից անցել է արդեն 8 տարի, եւ որեւէ անգամ Հայաստանը Հունգարիային չի մեղադրել պատասխանատվություն կրելու մեջ:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ վրդովված էր, որ ՀՀ խորհրդարանը չի ճանաչում ԼՂ Հանրապետությունը, սակայն հայտարարության մեջ զետեղված է, որ Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ըստ պատգամավորի` այս կետը երկակի ստանդարտներ է պարունակում եւ կասկածի տակ է դրվում ԼՂՀ-ի 20 տարվա անկախությունը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ կողմ է խորհրդարանական մակարդակով Հունգարիայի հետ հարաբերությունների կասեցմանը, սակայն առաջարկեց կոնկրետ պայմաններ թելադրել եւ պահանջներ առաջադրել, որպեսզի մեկ քայլ առաջ շարժվենք:

Արտակ Զաքարյանը հայտարարեց, թե Հունգարիային պահանջներ առաջադրելու մասին աշխատանքային խումբը քննարկում չի ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter