
Այս տարի Սանահինը կազատվի իր վրա աճող բույսերից (լուսանկար)
2012 թ. նախատեսված է հեռացնել Սանահին վանական համալիրի պատերի և տանիքների վրա աճած բուսածածկը, մաքրել ու հիդրոֆոբ նյութով ջրամեկուսացնել ծածկասալերի կարաններն ու ճեղքերը, կատարել ծածկասալերի նոր տաշ ու շարի և քանդման ու վերաշարման աշխատանքներ: Այս մասին «Հետքին» հայտնեց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
Սանահինի առավել վտանգված հատվածների (1-ին փուլ) վերականգնման նախագծային աշխատանքները կատարվել են 2011 թ., իսկ վերականգնողական աշխատանքները մեկնարկել են 2012 թ.: Առաջին փուլի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 154 մլն դրամ (նախատեսված է 2012-2014 թթ. hամար):
«Համալիրի վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեի կողմից, միաժամանակ աշխատանքներ են տարվում մասնավոր ներդրողներ և հովանավորներ ներգրավվելու ուղղությամբ»,- հայտնում է Արև Սամուելյանը: Վերականգնողական աշխատանքները կատարում է «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ն:
Սանահինի վրա աճող ծառերն ու միջնադարյան հուշարձանի վիճակը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվորեն քննարկվել 2011-ի հուլիսին և բողոքի ու քննադատությունների ալիք բարձրացրին: Վանական համալիրի ծածկասալերի մի զգալի մասը թափվել է, քայքայվել: Այդ պատճառով հուշարձանի վրա առատ բուսածածկ է աճում, իսկ անձրևաջրերը ներթափանցում են միջնադարյան կառույցի մեջ՝ վնասելով այն:
Լոռու մարզի Սանահին վանական համալիրը 966թ. հիմնել է հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը: Համալիրի ամենահին շինությունը Սբ. Աստվածածին եկեղեցին է, որը 928-944 թթ. կառուցել է Աբաս Ա Բագրատունի թագավորը: Վանքի գլխավոր տաճարը Ամենափրկիչ եկեղեցին է, որը 957-966թթ. կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը՝ Խոսրովանույշ թագուհին:
Պարսպի մեջ առնված հիմնական խումբը բաղկացած է 3 եկեղեցուց, գրատուն-մատենադարանից, գավթից (1181 թ.), նախագավթից (1211 թ.), հոգևոր դպրոցի գրատան սրահներից և դամբարաններից: Սբ. Աստվածածին եկեղեցու արևելքում է Սբ. Գրիգոր եկեղեցին: Սանահինի գրատուն-մատենադարանը (1063 թ.) ամենահինն ու ամենամեծն է հայկական գրատներից: Վանական համալիրը ներառում է նաև Սբ. Հարություն եկեղեցին (13-րդ դ.), Զանգակատունը (13-րդ դ.), Զաքարյանների դամբարանը (12-13-րդ դդ.), Աղբյուրը (1831 թ.), Գր. Տուտեորդու մահարձանը (1184 թ.): 10-11-րդ դարերում վանական համալիրը եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն դպրոց՝ Սնահինի համալսարան:
Սանահինն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:
Լուսանկարներում պատկերված է Սանահինի ներկայիս վիճակը:
Մեկնաբանել