
Նախկին հավաքականից միայն ստվերն է մնացել
Այն, ինչ այսօր զգաց հայ մարզասերը Բուլղարիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելիս, մեկ բառով կարելի է նկարագրել՝ հիասթափություն: Խոստովանենք, սա այն թիմը չէ, ինչ տեսել ենք «Եվրո-2012»-ի ընտրական շրջափուլի ժամանակ: Մալթայի հետ խաղից հետո մեր ֆուտբոլիստները նշում էին, որ մեծ խոնավությունն իսկապես խանգարող հանգամանք էր լավ խաղի համար: Այդ փաստն ընդունելով հանդերձ՝ շեշտենք, որ արդեն երկրորդ խաղն անընդմեջ Վարդան Մինասյանի թիմը խաղում է միջակ թիմի խաղ, խաղ, որն իրավունք չունի ցույց տալ աշխարհում իր վարկանիշով 53-րդը համարվող ընտրանին:
Սկզբնամասում բուլղարների ակտիվությունն սպասելի էր: Դրանից հետո խաղն աստիճանաբար հավասարվեց, սակայն մալթացիների հետ խաղի նման չկային արագ ու սուր գործողություններ: Ու չի կարելի ասել, թե «մեղավորը» մրցակցի պաշտպաններն էին: Պարզապես հենց հայ ֆուտբոլիստները չէին ստեղծում նման պահեր: Եթե նախորդ խաղում իրենց ոչ բնորոշ դանդաղկոտությամբ ու ավելորդություններով աչքի ընկան Մխիթարյանն ու Մովսիսյանը, ապա այս խաղում նույնը տեսանք Մովսիսյանի ու Ղազարյանի կողմից: Սովորական, հասարակ դրվագներից մեկում, երբ պարզապես պետք էր մի պահ կասեցնել գնդակն ու դիպուկ փոխանցում կատարել, Մովսիսյանը մեկ հպումով փորձեց այդ ամենն անել ու ստացվեց իրապես անշնորհք մի բան: Գեւորգ Ղազարյանը երկրորդ կեսում Արասից հիանալի փոխանցում ստացավ, բայց ինքն էլ թերեւս չի կարող ասել, թե ինչ էր մտածում այդ պահին: Կարելի է խաբս տալ մեկ-երկու պաշտպանի, բայց ոչ ամբողջ օղակին:
Թե առաջին, թե երկրորդ խաղում տպավորություն էր, թե մեր ֆուտբոլիստները հաղթում են երկու-երեք գնդակի տարբերությամբ ու իրենց ավելորդ խաբսերի, «ֆինտերի» շռայլություն են թույլ տալիս: Այսպես չի կարելի. ֆուտբոլիստը իրավունք չունի մտածել գեղեցիկ գործողությունների մասին, երբ թիմը չի հաղթում: Չենք ասում, թե պետք չէ իռացիոնալ տարրեր կիրառել, բայց ոչ այն ժամանակ, երբ դա ուղղակի հանգեցնում է գնդակի կորստի, ու ավելի պարզ տարբերակ կա գրոհ սկսելու կամ եզրափակելու համար:
Ընդհանրապես երկուստեք վտանգավոր շատ պահեր չեղան Բուլղարիա-Հայաստան խաղում: Առաջին կեսի վերջնամասում գնդակը Մխիթարյանի հարվածից հետո դիպավ պաշտպանի ձեռքին ու դուրս եկավ անկյունային: Մխիթարյանը 11-մետրանոց պահանջեց, բայց կարծես թե մրցակցի ֆուտբոլիստի ձեռքերը հպված էին մարմնին, իսկ այդ դեպքում, ըստ օրենքի, մարմինն ու ձեռքը մեկ ամբողջություն են համարվում: Հենց այս դրվագին հաջորդեց միակ գոլը: Եվ կրկին զգալ տվեց թիմի 40-ամյա ավագ Սարգիս Հովսեփյանի տարիքը: Այո, տարիքը, որովհետեւ մի քանի տարի առաջ աջ եզրում իրեն շատ լավ զգացող Հովսեփյանը նման իրավիճակում մրցակցին հազիվ թե թողներ այդպիսի փոխանցում կատարել: 44-րդ րոպեին նա պարզապես հապաղեց, տրվեց Պոպովի խաբքին, որը ցույց տվեց, թե ահա պիտի հետ փոխանցում կատարի, սակայն նետվեց առաջ ու գնդակը փոխանցեց դարպասային հրապարակ. ոչ Բերեզովսկին, ոչ էլ կենտրոնական պաշտպանները ի զորու չեղան փակել գնդակի ոչ բարդ ընթացքը: Արդյունքում Մանոլեւը արեց այն, ինչ պարտավոր էր՝ 1-0:
Շատերը խոսում են կենտրոնական պաշտպանների մասին, սակայն մոռանում ենք, որ այսօր հիմնական խնդիրը իրականում աջ պաշտպանի գոտին է: 40-ամյա Հովսեփյանը մեծ ավանդ ունի հավաքականում, սա նրա 131-րդ հանդիպումն էր, նա 20 տարի խաղում է ազգային թիմում, նրա երկարամյա ավագն է: Բայց ամեն ինչ պետք է ավարտել բարձր նոտայով. դժվար է հրաժարվել նման փորձառու խաղացողից, սակայն փաստերը հենց դա են հուշում: Մալթան ու Բուլղարիան արագությամբ շատ եւ շատ են զիջում թե Իտալիային, թե Չեխիային եւ թե Դանիային: Ուրեմն այս պարագայում պետք է պատրաստ լինենք ավելի մեծ փորձությունների հենց թեկուզ պաշտպանության աջ եզրում:
Հայաստանը ցույց տվեց, թե ինչ է խաղային անկարգապահությունը
Առաջին ամենավառ դրվագը Կառլեն Մկրտչյանի սիմուլյանտությունն էր: 0-1 պարտվելիս նա տուգանային հրապարակ ներխուժեց ու, երկու պաշտպանի արանքով գնդակն անցկացնելով, այնքան անշնորհք ձեւով նետվեց խոտածածկին, որ ամեն ինչ ավելի քան ակնհայտ էր: 0-1 հաշվով պարտվող թիմի ֆուտբոլիստի ուշքն ու միտքը չպիտի լինի մրցավարից 11-մետրանոց հայցելը կամ տուգանային նշանակելը, ինչպես երկրորդ կեսի որոշ դրվագներում տեսանք մերոնց կատարմամբ: Կառլենի սիմուլյանտությունից ու վաստակած արժանի դեղին քարտից հետո մրցավարը ի վնաս մերոնց աչք փակեց որոշ պահերի, երբ կարելի էր տուգանային նշանակել: Երկրորդ պահը. դաշտի կեսում Մարկոսը խախտեց կանոնները, սակայն Արթուր Եդիգարյանը հետեւից նետվեց մրցավարի ուղղությամբ ու դժգոհություն հայտնեց տուգանային նշանակելու առիթով: Շվեյցարացի մրցավար Շտուդերը գրպանից նորից հանեց դեղինը: Մերոնց ստացած 5 դեղիններից այս 2-ը ամենաանհեթեթ, անիմաստ քարտերն էին:
Խաղի վիճակագրության համաձայն՝ 19 անգամ կանոնները խախտել են բուլղարները, 12 անգամ՝ հայերը: Եվ իսկապես մրցակիցը անդուր ֆուտբոլ էր խաղում ամբողջ 90 րոպե: Շարունակ խախտումներ, վտանգավոր սահանկումներ, պրեսինգ: Սա հատուկ է սլավոնական եւ բալկանյան թիմերին, որոնք միշտ էլ բարդ մրցակից են եղել հայկական թիմերի համար:
Փաստ է այն, որ «Եվրո-2012»-ից հետո մեզ համար այլեւս հեշտ չի լինելու, որովհետեւ բոլորը զգուշանում են Հայաստանի հավաքականի արագ գործողություններից: Հետեւաբար պատահական չէր, որ նույնիսկ եզրերում գնդակ մատակարարող տղաները գցում էին մեր թիմի խաղի տեմպը: Առաջին կեսում դա զայրացրեց Մովսիսյանին, իսկ 0-1-ից հետո՝ 77-րդ րոպեին, երբ շատ բան արդեն պարզապես չէր ստացվում, Ղազարյանը տրվեց գնդակ մատակարարողի, ըստ էության, սադրանքին ու հարվածեց գնդակով: Գեւորգը արդեն մեկ դեղին ուներ, սակայն ոչ թե հետեւեց երկրորդը, այլ անմիջապես կարմիրը: Խաղային անկարգապահության հերթական վառ օրինակը: Որքան էլ դժվար լինի պարտվելիս չտաքանալ, չտրվել մրցակցի մանր ու մեծ սադրանքներին, ֆուտբոլիստը պարտավոր է սառնասիրտ լինել ու ամեն ինչին պատասխանել ոչ թե նմանապես, այլ խաղով ու գոլով:
Ի՞նչ եղավ դրանից առաջ, երբ կարմիր ստացավ Մարկոսը: Մխիթարյանը կամա թե ակամա հրեց պաշտպանին, ու բուլղարները վրա տվին, սկսվեց քաշքշոցը: Հաղթող թիմին սա միայն ձեռնտու էր. խաղալ դիմացինի նյարդերի հետ, նրան հունից հանել: Արդյունքը տեսանք. Մարկոսը հարվածեց ձեռքով մրցակցի դեմքին ու հեռացվեց, իր արժանի երկրորդ դեղինն ու ապա կարմիրը ստացավ նաեւ Դյակովը, զգուշացվեց նաեւ դարպասապահ Միխայլովը, ով ամենաագրեսիվներից էր: Ու վիճելու համար շուտով պատժվեց նաեւ Հովսեփյանը: Հերթական անիմաստ դեղինը: Հավաքականի ավագը գոնե պետք է սառնասրտություն պահեր:
Հոկտեմբերի 12-ին Երեւանում կայանալիք իտալացիների հետ դժվարագույն խաղում երկու դեղինի պատճառով չի խաղա նույն Սարգիս Հովսեփյանը, ով զգուշացվել էր նաեւ Մալթայում, կիսապաշտպանությունն իրենց կարմիրներով զգալի թուլացրին Մարկոսն ու Ղազարյանը: Դե արի ու այսքանից հետո դրական արդյունք պահանջիր այդ խաղում...
Ծանր վիճակ
Վարդան Մինասյանը լուրջ ու ծանր խոսակցություն պետք է վարի թիմի հետ: Անցյալ շրջափուլում, երբ Դուբլինում մեր թիմը հայտնվել էր ծանր վիճակում, 10 հոգով խաղում էր 11 հոգու դեմ, պարտվում էր 0-2 հաշվով ու մրցավարն էլ չէր փայլում անաչառությամբ, համախմբվածության ու միասնական ոգու շնորհիվ կարողացավ գոլ խփել ու մինչեւ վերջ արժանի ֆուտբոլ ցուցադրել: Իսկ Սոֆիայում պարզապես քաոս էր թե կարգապահության, թե թիմային խաղի՝ համակցվածության, արագության եւ այլ գործոնների առումով:
Թիմի անշուք խաղից տպավորություն է ստեղծվում, թե լավ մարզավիճակում չէ, սակայն սա հենց այն ժամանակահատվածն է, երբ ֆուտբոլային մրցաշրջանը եռման փուլում է. խոսքը վերաբերում է թե դրսում, թե ներքին առաջնությունում խաղացողներին: Ուրեմն ո՞րն է պատճառը. հոգեբանությու՞նը: Երեւի, բայց ոչ միայն: Չի կարելի ասել, թե թիմը թերագնահատել է Մալթային ու Բուլղարիային, չի նվիրվել խաղին, սակայն անհերքելի փաստ է, որ չկա որակ. մի բան, որը տեսել ենք այս նույն տղաների կատարմամբ: Կհասցնի՞ այս վիճակում ճիշտ ելք գտնել Մինասյանի մարզչական շտաբը՝ թիմը բերել կազմակերպվածության նախկին մակարդակին, վերացնել առաջ եկած շատ ու շատ թերություններ՝ փոխանցումների հսկա խոտան, օղակների փոխօգնության ու փոխլրացման պակաս, թիմային անկարգապահություն ու սառնասրտության բացակայություն, ճիշտ փոխարինողներ Հովսեփյանին, Մարկոսին ու Ղազարյանին... Սա հարց է, որի պատասխանը կտեսնենք միայն հոկտեմբերի 12-ին:
Հ.Գ. Այսօր կայացած մյուս խաղում Իտալիան իր հարկի տակ 2-0 հաղթեց Մալթային ու 2 խաղից հետո վաստակած 4 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ Բուլղարիան, Հայաստանը 3 միավորով 3-րդն է, Չեխիան ու Դանիան 1 խաղում 1-ական միավոր են վաստակել, իսկ Մալթան 2 խաղից հետո ձեռնունայն է:
Լուս.՝ Getty Images-ի
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել