HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Օսկանյանը, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի մրցակցող ստրատեգիաները

Սկիզբը
 
Ինչպես եւ պլանավորված էր ի սկզբանե` մինչեւ ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանի անդամակցությունը, համամասնական-մեծամասնական ընտրակարգի շուրջ քննարկումներից եւ ինքնուրունություն ստանալուց հետո ԲՀԿ-ը ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ ձեռնամուխ եղավ միասնական շտաբի ձեւավորմանը:  ԲՀԿ-ի շուրջ քաղաքական ուժերի պաշտոնական համախմբան համակարգողի պատասխանատու գործը վստահվեց նրա համամասնական ցուցակում հանգրվանած Հմայակ Հովհաննիսյանին: Շտաբի աշխատանքներին հրավիրված «Ժառանգությունը» միայն անդրանիկ նիստին մասնակցեց, քանի որ նրա երկու` հիմնարար փաստաթուղթը առաջին դեմքերի մակարդակով ստորագրելու եւ բոլոր տեսակի ընտրակեղծիքների, այդ թվում` նախընտրական բարեգործությունների ու ընտրակաշառքների դեմ պայքարելու առաջարկները չբավարարվեցին: 
 
Շտաբը կազմավորած ուժերի կողմից «Ժառանգության» հատկապես առաջին առաջարկի մերժումն իր մեջ այն ուղերձն էր պարունակում, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջին դեմքերը չեն ցանկանում օրինականացնել իրենց համագործակցությունը կամ խուսափում են այն ի ցույց դնել, դրանով իսկ հստակ դարձնելով, որ նրանք  միմյանց ստրատեգիաներում ունեն ոչ թե ռազմավարական, այլ մարտավարական կարեւորություն: Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձրաձայնեց հունիսի 26-ի հանրահավաքում, ՀԱԿ-ին պետք էր կոալիցիայից դուրս եկած ԲՀԿ` իշխանական մոնոլիտը թուլացնելու համար: Իսկ ԲՀԿ-ին պետք էր ՀԱԿ-ը` ընդդիմադիր գուներանգ ստանալու, ՀԱԿ-ի խորապատկերին իր չափավոր ընդդիմադիր կեցվածքով ավելի լայն զանգվածների առջեւ ՀՀԿ-ին այլընտրանք ներկայանալու եւ նրան հակակշռելու համար, ինչպես որ հունվար-փետրվար ամիսներին ազդարարել էր Վարդան Օսկանյանը: 
 
ՀԱԿ-ի «թավշյա հեղափոխության» ստրատեգիան գրեթե նույնանում էր Օսկանյանի «նոր իրավիճակի, ուժերի նոր հարաբերակցության ու նոր հնարավորության» ստարտեգիայի հետ, քանի որ երկուսի հիմքում էլ ընկած էր նոր խորհրդարանում ընդդիմադիր պատկառելի ներկայության եւ ուժերի նոր հարաբերակցության միջոցով ՀՀԿ-ից կառավարության ձեւավորման իրավունքը վերցնելն ու պետական ապարատը ճեղքելը: Տարբերությունն այն էր, որ այդ դիպաշարում ՀԱԿ-ը իրեն էր պատկերացնում գլխավոր դերում` հուսալով, թե այդ համագործակցության արդյունքում կվերցնի նաեւ «իշխանությունից դեպի ընդդիմություն անցման մեջ» գտնվող ու «իշխանական ռեպրեսիաների» տակ հայտնված ԲՀԿ-ի ընտրազանգվածը, իսկ «առնետավազք-հեղափոխության» ժամանակ իշխանական ռեսուրսը կթեքվի դեպի իր կողմը: ԲՀԿ-ը էլ իրեն էր պատկերացնում փոփոխությունների առանցքում` ճշգրիտ հաշվարկելով ստանալ նաեւ ընդդիմադիր էլեկտորատի ձաները, ինչը եւ տեղի ունեցավ:  
 
ՀՀԿ-ին անհանգստացնում էր ոչ միայն մրցակցից պարտության վախը (որ առկա խաղի կանոնների պայմաններում ԲՀԿ-ը ավելի մեծաթիվ քվեներ կստանա, ինչի հավանականությունը, իրոք, մեծ էր) ու կառավարություն կազմավորելու իրավունքի, կամ որ նույնն է` իշխանության կորստի հեռանկարը, այլեւ նրան անպատկերացնելի զայրացրել էր «խորհրդարանում ուժերի նոր հարաբերակցության» ԲՀԿ-ի ստրատեգիան. 2011թ. փետրվարի 17-ի թարմացված կոալիցիոն հուշագրով ՀՀԿ-ը ու ԲՀԿ-ը պարտավորվել էին նոր խորհրդարանում էլ պահպանել ուժերի նախկին հարաբերակցությունը` ստատուս-քվոն: Ըստ այդմ, դժվար չէ պատկերացնել, թե որքան դավաճանված էր իրեն զգում ՀՀԿ-ը եւ ում էր մեղադրում հուշագրի պարտավորություններին ուխտադրուժ լինելու մեջ` ԲՀԿ-ի ու նրա նոր ստրատեգ Վարդան Օսկանյանին (ինքը ՀՀԿ-ը այդ ստրատեգիայի իրական հեղինակ տեսնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին):
 
ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ստրատեգիաների վրա այնքան մեծ քաղաքական, վարչական ու ֆինանսական ռեսուրսներ էին ներդրվել, որ խորհրդարանական ընտրությունների կոնֆլիկտը ձեւավորվեց հենց այդ առանցքով: «Ժառանգությունը» եւ ընտրություններում ներգրավված այլ քաղաքական ուժեր, որոնց տեղը կոնֆլիկտի կողմերը այդ մրցակցող ստրատեգիաներում երկուստեք սահմանել էին լավագույն դեպքում իբրեւ դիպաշարին օժանդակող, այն էլ` մանիպուլյացիոն ձեւերով, այդպես էլ չկարողացան ընտրական կոնֆլիկտը տեղափոխել իշխանություն-ընդդիմություն առանցք:   
 
Արդեն խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր էր գնահատել թե որքանով է Վարդան Օսկանյանի ներգրավումը քաղաքականության մեջ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում լուծել առաջադրված խնդիրները, որոնցով շահագրգռված էին (կամ կարող էին լինել) ԲՀԿ-ից սպասումներ ունեցող ներքին ու արտաքին դերկատարները: 
 
Ստրատեգիաների մասնակիորեն ձեռքբերված արդյունքները
 
Չնայած ընտրությունների շրջանում ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համախմբմանը, նոր խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների ու պատգամավորների թվի ավելանալուն, թե ԲՀԿ-ին, թե ՀԱԿ-ին չհաջողվեց արձանագրել ցանկալի արդյունքը. նոր խորհրդարանում պահպանված էր ուժերի նախկին հարաբերակցությունը: Սակայն, դա ամենեւին Վարդան Օսկանյանի ասած «քաղաքական իրավիճակը փոխելու մեծ հնարավորությունը» չէր, քանի որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը միասին տնօրինեցին տեղերի բացարձակ մեծամասնությունը: Առավելագույնը, ինչ կարող էին միասնաբար անել ընդդիմադիր ուժերն ու քաղաքական դաշտում իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ը, դա կառավարությանը ծրագիրն ու նախաձեռնությունները քննադատելը, դրանց «դեմ» քվեարկելն է(ր), եւ ամենակարեւորը` ԱԺ աշխատանքները վիժեցնելը քվորումի տապալման միջոցով: 
 
Սկզբից եւեթ ՀՀԿ-ին առավելապես մտահոգեց ընդդիմության հենց այս վերջին հնարավորությունը, ինչը արժեզրկեց ՀՀԿ-ի վերցրած բացարձակ առավելությունը: Իսկ ընտրություններից հետո ԲՀԿ-ի շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերի թուլացումը, որի օբյեկտիվ պատճառը նրանց ներսում աճող հիասթափություններն էին ընտրական շրջանի ստրատեգիաներից ու առաջնորդների որոշումներից, կատարելապես նվեր էին ՀՀԿ-ի համար, եթե նա անգամ որեւէ եղանակով` մանիպուլյացիոն կամ ուղղակի, չմիջամտեր էլ ներկուսակցական այդ գործընթացներին: ՀԱԿ-ի ներսում դժգոհությունների լուրջ ալիքն արդեն վաղուց էր սկսվել, իսկ ԲՀԿ-ը հայտնվել էր երկու նախագահների դաշտերի ճնշման տակ:        
 
Սակայն մինչեւ ԲՀԿ-ի վերահսկելիության հարցը այլ եղանակներով ու մեթոդներով լուծելը, ՀՀԿ-ը նրա հետ կոալիցիա կազմելու ու նրան ավելի կանխատեսելի պահելու մի վերջին փորձ կատարեց: Ընտրությունների արդյունքները միանգամայն բավարար էին ՀՀԿ-ի համար` ԲՀԿ-ին ներկայացնելու, թե ինքը հարգել եւ կատարել է նրա հանդեպ 2011-ի փետրվարի 17-ի հուշագրով ստանձնած պարտավորությունն ու պայմանավորվածությունը. նոր խորհրդարանում պահպանված էր ուժերի համամասնությունը` մեծությամբ ՀՀԿ-ը առաջինն է, իսկ ԲՀԿ-ը` երկրորդը, եւ երկուսն էլ նոր խորհրդարանում ավելացրել են իրենց ներկայությունը, ինչպես եւ ամրագրել էին թարմացված հուշագրում: Այլ հարց է, թե որքանով էր ԲՀԿ-ը համարում, որ ՀՀԿ-ը կապ ունի իր տեղերի ավելացման հետ: ԲՀԿ-ը եւ Օսկանյանը հայտարարում էին, թե իշխանության/ՀՀԿ կիրառած տեխնոլոգիաների ու կեղծիքների պատճառով ընտրությունները չեն արտացոլում հասարակության իրական պատկերը: Ասել է թե` համաձայն չեն, որ ՀՀԿ-ը պետք է առաջինը լիներ: Վարդան Օսկանյանի պարագայում այդօրինակ հայտարարությունը այլ ուղերձ էլ ուներ. ԲՀԿ-ի նոր ստրատեգիայի հիմնական նպատակը ձեռք չի բերվել ոչ թե այն պատճառով, որ անկարող եւ անունակ են եղել, այլ որ ՀՀԿ-ը դա թույլ չի տվել ընտրակեղծիքների միջոցով; 
 
Ինչեւէ, նոր կառավարության ձեւավորումը ՀՀԿ-ն վերածեց 2011թ. փետրվարյան հուշագրով իր համար կարեւոր` ԲՀԿ-ի մեկ այլ պարտավորվածության ամրագրման փորձի. այն է` կառավարությունում ԲՀԿ-ի համարժեք ներգրավում նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածության սատարման դիմաց: Ինչպես հետագայում ԲՀԿ-ամերձ մի քանի լրատվամիջոցներ միաժամանակ հրապարակեցին 3 շաբաթ տեւած Սարգսյան-Ծառուկյան վերջին բանակցությունների օրակարգը, ԲՀԿ-ն թե առավելագույն նպատակին հասնելու, թե խուսանավելու, եւ թե անցանկալի առաջարկը մերժելու համար որդեգրեց բավականին հետաքրքիր մարտավարություն` պահանջել կառավարության արմատական փոփոխություն ու երկրի տնտեսական ու քաղաքական կուրսի վերանայում: 8 կետից բաղկացած «հակաճգնաժամային» փաթեթը ներառում էր հետեւյալ նախապայմանները, «որոնց բավարարման դեպքում ԲՀԿ-ն կհամաձայնվեր մաս կազմել կառավարությանը. 1. Փոխվում է վարչապետը, 2. Կառավարությունը կոչվում է ոչ թե կոալիցիոն, այլ հակաճգնաժամային, 3. Նոր վարչապետին նշանակում է Սերժ Սարգսյանն` իր հայեցողությամբ, 4. Ս. Սարգսյանի, որպես միասնական նախագահի թեկնածուի նախապայմանը հանվում է, 5. Իշխանության բոլոր օղակներում, այդ թվում կառավարությունում ներգրավվելու առաջարկ է արվում ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, «Ժառանգությանը», 6. Նոր վարչապետն ունենում է լայն լիազորություններ, 7. ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում իր քվոտայով կառավարություն գործուղել ոչ կուսակցական, բայց մեծ հեղինակություն ունեցող մասնագետների: Նույնն ակնկալում է ՀՀԿ-ից: 8. Ստեղծվում են բոլոր նախապայմաններն առաջիկա ՏԻՄ ընտրություններն ազատ եւ թափանցիկ անցկացնելու համար»: 
 
Մի կողմից սպասելի էր, որ դա անիրատեսական է ու հասկանալիորեն մերժվելու է Սերժ Սարգսյանի կողմից: Անգամ հրաշքի դեպքում` երբ դա կայանար,  ուժերի նման դասավորվածության պարագայում ԲՀԿ-ն կրկին դառնում էր առանցք այնպիսի ուժերի միջեւ, որոնք միմյանց հետ տարբեր բնույթի կոնֆլիկտներ ու հակադրություններ ունեն: Եւ այստեղ արժե վերստին հիշել փետրվարի սկզբին Վարդան Օսկանյանի կողմից ԲՀԿ-ին տրված այն գնահատականը, թե ԲՀԿ-ը «այս տարիներին որեւէ քաղաքական ուժի հակակրանք չի առաջացրել եւ ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցության մեջ մտնելու լայն հնարավորություն ունի» (Վարդան Օսկանյանի հարցազրույցը «168 ժամ» թերթին, 4 փետրվարի 2012 թ.)   
 
Եթե ՀՀԿ-ն բավարարեր ԲՀԿ-ի այդ առաջարկը, ապա նրա նա իր առաջնորդով կարող էր համարել, որ լուծել է հավակնոտ քաղաքական ուղեգծի հիմնական խնդիրը` վարչապետի պաշտոնի վականսիա առաջացնելը: Եթե ՀՀԿ-ն չբավարարեր դա, ապա ԲՀԿ-ը ծանրակշիռ փաստարկ էր ձեռքբերում կոալիցիան լքելու, ինչպես նաեւ` նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու պարտավորությունից հերթական անգամ խուսափելու համար: 
 
Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի  3-շաբաթյա բանակացություններից հետո, ինչպես հայտնի է, իրադարձությունները զարգացան երկրորդ դիպաշարով: Այդ ընթացքում իրարամերժ տեղեկություններ էին հրապարակվում կողմերի համաձայնության գալու մասին: Չափանց ուշագրավ էր, թե այդպիսի լուրերին ինչպես էին արձագանքում նախեւառաջ ԲՀԿ երկու թեւերը:  Մի խումբը չէր բացառում, որ հանուն երկրի զարգացման ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ ոչ ինքնանպատակ կոալիցիա կազմի (Նաիրա Զոհրաբյան), համատեղ կառավարում իրականացնի (Տիգրան Ուրիխանյան): Ոմանք էլ խոչընդոտ չէին տեսնում, թե ինչու նախագահական ընտրություններում ԲՀԿ-ը չպետք է սատարի Սերժ Սարգսյանին (Վարդան Բոստանջյան);  
 
Սակավաթիվ «անջատողականները»` ի դեմս Վարդան Օսկանյանի, Հմայակ Հովհաննիսյանի,  բացառում էին ՀՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմելը եւ մտահոգություն հայտնում նման հեռանկարի կապակցությամբ: Այդ թեւից հիշարժան էր «Ռեգնում» գործակալությամբ Հմայակ Հովհաննիսյանի հնչեցրած զեկուցում-ահազանգը մայիսի 19-ին: Նա նոր կառավարությունում ԲՀԿ-ի` մի քանի ավել նախարարական պորտֆելներ ստանալու փաստը արդեն համարել էր կայացած ու տեխնիկական լուծման փուլում: Հմայակ Հովհաննիսյանը դա գնահատել էր իբրեւ «ավտոմատ համաձայնում միասնական նախագահական թեկնածուի` ի դեմս երկրի ղեկավարի», «փաստացի հրաժարում իր թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելուց», ինչը հղի է «ԲՀԿ-ի` իբրեւ ինքնուրույն ուժ, ներուժի փոշիացմամբ», եւ որ «դա իր հայացքներին դեմ է ու նա պատրաստվում է հրաժարվել իր մանդատից»: Համապատասխան միջավայրերում այդ ուղերձի վերծանումը հավասարազոր էր նրան, թե ԲՀԿ առաջնորդը այլեւս հրաժարվում է ԲՀԿ-ի նոր ստրատեգիայից ու կուրսից: Ըստ իս, այստեղ է թաքնված Ծառուկյան-Հովհաննիսյան զրույցի ու վերջինիս կողմից ինքնաբացարկի դիմում գրելու պատճառները: 
 
Շատ վերլուծաբաններ ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական թնջուկի հանգուցալուծումը գնահատեցին ԲՀԿ ստրատեգիայի ու նպատակների տեսանկյունից: Այդ տեսանկյունից, անշուշտ, ԲՀԿ նվազագույն նպատակը` կոալիցիան լքելը ապահովված էր: Սակայն, երբ խնդրի լուծմանը նայում ենք ՀՀԿ-ի ստարտեգիայի ու մտահոգությունների դիտանկյունից, ապա այն նաեւ իշխանության ներսում ԲՀԿ-ի ավելացող կշռից ձերբազատվելու անխուսափելի քայլ էր: Հատկապես, երբ ԲՀԿ-ում օսկանյանական թեւը շարունակում էր լծված մնալ ավելի մեծ խնդրի` իշխանությունը նախ կիսելու, ապա վերցնելու առաջադրանքին: Իշխանության ներսում անկայունության նման «օազիսը» ինքնին վտանգավոր էր հենց ՀՀԿ-ի համար: Հետեւաբար «անհնազանդ» ԲՀԿ-ին իշխանության մեջ ու ռեսուրսներին մոտ չթողնելը այդ հեռանկարից խուսափելու ճանապարհ էր եւ հավասարապես բխում էր ՀՀԿ-ի շահերից: 
 
Չնայած երկուսի համար էլ նվազագույն նպատակի ձեռքբերմանը (ՀՀԿ-ն իշխանությունից դուրս հանեց անկայունության օջախը, իսկ ԲՀԿ-ն ստացավ ազատություն), այդուհանդերձ օսկանյանական բեւեռը այս անգամ էլ հռչակվեց իբրեւ առավելագույն նպատակին հասնելու խոչընդոտ, որը խաթարում է ներքաղաքական ստատուս-քվոյի պահպանությանը: Ինչպես նշվեց, ԲՀԿ-ի այդ բեւեռից առաջինը լիկվիդացվեց Հմայակ Հովհաննիսյանը: Իսկ հունիսի 12-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) մեղադրանքով մայիսի 25-ին Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթասի» դեմ հարուցված քրեական գործի մասին: 
 
Վարդան Օսկանյանի տապալված նախագահական թեստը
 
Այսպիսով, Վարդան Օսկանյանին այլ «անջատողականների» հետ միասին հաջողվել էր ընդամենը մասամբ լուծել առաջադրված խնդիրը: Նրանց հաջողվել էր բավականին բարդ խուսանավումների արդյունքում «անկախացնել» ԲՀԿ-ին, քաղաքականացնել նրան այն աստիճան, որ ընտրություններում դառնա իշխող ՀՀԿ-ի հիմնական հակակշիռը, այդպիսով` մրցակցային դարձնել ընտրությունները, ինչը կարեւոր էր հատկապես միջազգային դերակատարների համար: Սակայն, իր այդ առաքելության պատճառով Օսկանյանն առաջին անգամ փետրվարին թիրախ դարձավ ՀՀԿ-ի համար որպես ներկոալիցիոն անդորրը խանգարող: 
 
Օսկանյանին ու նրա թեւին հաջողվեց նաեւ առանցքային երկու ուժերի` ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին համախմբել ԲՀԿ շուրջ: Սակայն, այնքանով որքանով ԲՀԿ-ը հոգ չտարավ ընտրություններում նաեւ նրանց արդյունքների մասին, անմիջապես մայիսի 6-ից հետո ստացած արդյունքների պատճառով այդ կուսակցություններում սկիզբ առած ներքին դժգոհությունները թուլացրին ոչ միայն ԲՀԿ գործընկերներին, այլեւ հարց հարուցեցին այդ ուժերի ու ԲՀԿ-ի հետագա համագործակցությունը շարունակելու առնչությամբ: 
 
Երկրորդ անգամ Օսկանյանն ու նրա թիմը ՀՀԿ-ի թիրախը դարձան հունիսին` նոր կոալիցիայի շուրջ բանակցությունների շրջանում, քանի որ ՀՀԿ-ին չհաջողվեց ԲՀԿ-ին պարտադրել կատարելու 2011թ. փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրի վերջին պարտավորությունը` նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելը: Եւ կրկին` երկրորդ ու երրորդ նախագահների ճնշման ներքո հայտնված ԲՀԿ-ն կարողացավ պահպանել իր ինքնուրույնությունն ու ազատությունը` հրաժարվելով նոր կոալիցիայի մասը կազմել: 
 
Սակայն այս ամենի կողքին չլուծված մնաց հիմանական խնդիրը, որն առաջադրվել էր «քաղաքականացված» ԲՀԿ-ի նոր ստրատեգիայով. ԱԺ-ում ուժերի նոր դասավորվածության միջոցով նոր իրավիճակի ստեղծումը եւ կառավարությունը վերցնելը: Իսկ անհասանելի մնացած գերկարեւոր այդ նպատակների կողքին ԲՀԿ-ի անկախությունն ու քաղաքականացվածությունը, ի դեմս Օսկանյանի նոր ստրատեգիայի, կուսակցության ու նրա առանցքային դեմքերի համար ավելի շատ խնդիրներ, քան առավելություններ ստեղծեցին: Դրա արդյունքում օբյեկտիվորեն իրավիճակ էր ստեղծվում, որ Օսկանյանն ու նրա ստրատեգիան ԲՀԿ-ի ներսում շատերի համար առավելապես գլխացավանք համարվեին, քան թե ճանապարհ դեպի երանելի հնարավորությունը` իշխանությունը վերցնելը: 
 
Այս ամենին ավելանում է ԲՀԿ-ի արտաքին քաղաքական կուրսի վրա ներազդելու Օսկանյանի անկարողությունը, եթե, իհարկե, նա ցանկացել է ներազդել դրա վրա: Անցած ամիսների ընթացքում չափազանց տեսանելի էր, որ ԲՀԿ-ի եվրասիական-ռուսական կողմնորոշման վրա ավելի մեծ ազդեցություն թողնում է Ռոբերտ Քոչարյանի դաշտը: Հենց նրա շրջանակներին հարող խմբերն  սկսեցին ՌԴ նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում հիմնել Պուտինի ակումբներ եւ Հայաստանում եվրասիական շարժման տարբեր օջախներ, որը հետագայում անգամ մրցակցության մեջ ներքաշեց ՀՀԿ-ին: Անգամ ԲՀԿ մինչընտրական համագումարին Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» ու Չինաստանի կոմունիստական կուսակցության ուղերձաբերների մասնակցությունը ողջույնի խոսքով արդեն իսկ խոսում էր կուսակցության արտաքին քաղաքական գծի մասին:   Փաստացի, Օսկանյանի մուտքը ԲՀԿ որեւէ կերպ չազդեց այդ կուսակցության արտաքին քաղաքական ուղեգծի վրա, ինչի ակնկալիք նրա քաղաքական ներգրավվածությունից կարող էին ունենալ եվրոպացի բարեկամները: Հարուցված քրեական գործով էլ կարծես ռուսական միջավայրին ուղերձ էր հասցվում, թե` տեսեք, թե ո՞վ է ռուսական կողմնորոշմամբ ու եվրասիական ինտեգրման ջատագով ԲՀԿ-ի նախագահի հավանական թեկնածուներից մեկը, ում ֆինանսավորում են արեւմտյան երկրները…  
 
Իսկ ԲՀԿ-ի եվրասիականացումը շարունակում էր խորանալ: Հունիսի կեսերին կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով նաեւ ԲՀԿ-ի պատվիրակն է Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից կազմակերպվող միջազգային ֆորումներում, ԲՀԿ-ի անունից ողջունեց «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությունը»: Իհարկե, հետագայում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը շտկում մտցրեց, թե խոսքը վերաբերում է հայ հասարակության շրջանում Եվրասիական միության գաղափարի քննարկմանը: ԲՀԿ-ը ոչ միայն ակտիվորեն մասնակցեց ԱՊՀ տարածքում եվրասիական շարժման երիտասարդական հավաքներին, այլեւ Հայաստանի երիտասարդության անունից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրեց Ծաղկաձոր, որտեղ ինքն էր օգոստոսի 23-27-ը կազմակերպում Եվրասիական երիտասարդական առաջին համաժողովը
 
Միայն այնքանով, որ հենց Օսկանյանի անձն էր դիտվում ԲՀԿ-ի նոր դիմագծի ու ուղեգծի մարմնավորումը ներքաղաքական կյանքում ու կուսակցության արտաքին կողմնորոշման կապակցությամբ ձեռքբերված արդյունքները ավելի շատ գնահատվելու էին իբրեւ նրա հնարավորությունների սահման: Այդ սանդղակով  երկրի ներսում ու դրսում Վարդան Օսկանյանի ներգրավման օբյեկտիվ գնահատական էր դառնալու, այն, որ նա հիմնականում ձախողել է նախագահակն թեսթը եւ անունակ է հասնել հիմնական արդյունքներին: Անշուշտ, սա չի նշանակում, թե նա որեւէ արժեք չի բերել քաղաքական կյանք կամ ԲՀԿ: Դա նրա հարուցած քաղաքական բանավեճը եւ խթանած մասնակցությունն է, Սիվիլիթասն է` իբրեւ հիմնադրամ, Սիվիլնեթը` իբրեւ լրատվամիջոց: Պատահական չէ, որ հարուցված քրեական գործի մասին կարծիք հայտնած ԱՄն դեսպանը արժեք համարեց հենց Սիվիլիթասն ու նրա լրատվամիջոցը, որի կայացման գործում արեւմտյան մի շարք կառավարություններ լուրջ ներդրումներ են կատարել: Բայց ոչ ավելին: Հետեւաբար, արտաքին ու ներքին միջավայրերում նրա պաշտպանությունն ու սատարումն էլ համապատասխան էին լինելու Վարդան Օսկանյան քաղաքական գործիչին վերագրված այդ կարեւորությանը: Ոչ ավելին եւ ոչ իբրեւ նախագահի ֆավորիտ թեկնածու, ով ունակ է բեկում ապահովել քաղաքական կյանքում: 
 
Ոչ միայն այս վերլուծությունից (կուսակցությունների ներքին վիճակներից, Վարդան Օսկանյանի անձի ու հավակնությունների նկատմամբ նրանց վերաբերմունքից), այլեւ արդեն իսկ հնչած հայտարարություններից ակնհայտ է, թե ինչ ելք է ունենալու ԱԺ-ում Վարդան Օսկանյանին պատգամավորական անռենմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությայն քվեարկությունը: Այն առայժմ դեռեւս քրեական հետապնդման մասին չէ, այլ ավելի շատ նախագահացուների շարքից Վարդան Օսկանյանին դուրս բերելու մասին: Ահարոն Ադիբեկյանն արդեն ազդարարել է, որ այդպիսի թեկնածու ընդդիմության համար չկա (չի կարող լինել): 
 
Ինչպես հայտարարել են կամ կանխատեսելի է` միջնորդությանը «կողմ» են քվեարկելու ՀՀԿ-ը, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը երկփեղկված է, Նիկոլ Փաշինյանի թեւը` «կողմ», Լեւոն Զուրաբյանի թեւը` «դեմ», ՀՅԴ-ը` «դեմ», իսկ «Ժառանգությունը», «դեմ» դիրքորոշմամբ հանդերձ, չի մասնակցելու քվերակությանը: «Դեմ» է քվեարկելու նաեւ ԲՀԿ-ը, թեպետ նրանց շարքերում անակնկալներ եւս հնարավոր են: Թե կոնկրետ այլ ինչ մոտիվացիաներ ու դրդապատճառներ են ընկած «դեմ» քվեարկությունների տակ, կամփոփենք վերջին մասում:
 
Իսկ «Ո՞վ է ուզում դառնալ նախագահ» խաղը շարունակվում է եթերում…. 
 
Շարունակությունը հաջորդիվ  
 
Ստյոպա Սաֆարյան,

Վերլուծաբան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter