
Փոխգնդապետը գողացված «Յաշիկի» համար ստիպված է վճարել կրկնակի
Հայաստանյան դատարանների իրարամերժ վճիռները
Փոխգնդապետ, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ֆինանսական տեսչության նախկին պետ (ներկայումս կադրերի տրամադրության տակ է) Գեւորգ Մարտիրոսյանը 2005 թ. որդու համար «Mersedes-Benz-G400» է գնել՝ 44 հազար ԱՄՆ դոլարով: Թանկարժեք ավտոմեքենան վաճառել է փոխգնդապետի որդու ուսանողական ընկերը՝ այն ժամանակ Սլավոնական համալսարանի ուսանող, Ախալքալաքի բնակիչ Արայիկ Շառոյանը:
«Գումարի դիմաց Արայիկը ստացական ստորագրեց, եւ տղայիս հետ մեկնեցին Ախալքալաք, որ ավտոմեքենան վերագրանցեն որդուս անունով: Թիֆլիսում հընթացս նա իմ տված գումարից 20 հազարով նոր ավտոմեքենա՝ «Mercedes-ML» է գնել, իսկ վերագրանցման հարցը գլուխ չբերեցին»,- պատմում է փոխգնդապետը: Ըստ նրա՝ դրանից հետո ամիսներ շարունակ թե Արայիկը եւ թե նրա հայրը՝ Արամ Շառոյանը, տարբեր պատճառաբանություններով ձգձգել են վերագրանցման, հետո նաեւ գումարը վերադարձնելու իր պահանջը: Իսկ որոշ ժամանակ անց հանկարծ իմացել է, որ Արայիկ Շառոյանի պապը՝ Վարդեւան Խդրյանը, դիմել է դատարան եւ նշել, որ վաճառված ավտոմեքենան իր անունով է, գնորդն ընդամենը կանխավճար՝ 2000 դոլար է տվել, իսկ գումարի մյուս մասն այդպես էլ չի վճարել:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Խդրյանի հայցը բավարարել է եւ վճռել փոխգնդապետ Մարտիրոսյանից բռնագանձել գումարի չվճարված մասը՝ 42 հազար ԱՄՆ դոլարը: Ոչինչ չի փոխել նաեւ վերաքննիչ դատարանը:
«Ես անընդհատ գործուղումների մեջ էի եւ երբ վերադարձա, անմիջապես դիմեցի ոստիկանություն,- պատմում է փոխգնդապետը,- Արայիկ Շառոյանը սկզբում պնդել էր այն, ինչ պապն էր հայցում նշել: Բայց ես մեր տանը առքուվաճառքի «գործարքը» նկարահանել էի եւ տեսագրությունը հստակ ֆիքսել էր, որ ամբողջ գումարը՝ 44 հազարը, տեղում վճարում եմ: Արայիկը ստիպված ցուցմունքը փոխեց, թե «պապս չգիտեր, դրա համար է դատարան դիմել, ես նրան ընդամենը 2000 դոլարն էի տվել», եւ խոստացավ, որ ամեն ինչ կշտկեն` մի քանի օրում կամ գումարը կվերադարձնեն, կամ ավտոմեքենան կվերագրանցեն»:
«Շառոյանների ընտանիքը, ցանկանալով խաբեությամբ հետ վերցնել իրենց կողմից արդեն իսկ վաճառված ավտոմեքենան, Վարդեւան Խդրյանի անունից հայց են ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ իրենց ավտոմեքենան ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պայմանով,- գրել է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը,- այսպիսով, նկատի ունենալով Արայիկ եւ Արամ Շառոյանների կողմից կատարված գործողություններում առկա ՀՀ Քր.օր.-ի 178-րդ հոդվածի (Խարդախություն) հատկանիշները, որոշեցի՝ նախապատրաստված նյութերն ուղարկել Երեւան քաղաքի քննչական վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար»:
Սակայն 3 ամիս անց՝ 2006 թ. ապրիլին, քննիչ Տիգրան Սաֆարյանը, հաշվի առնելով այն, որ դատարանի վճռով արդեն բավարարվել է Վարդեւան Խդրյանի հայցը, որոշել է, որ խնդիրը քաղաքացիաիրավական բնույթի է, ուստի քրեական գործի հարուցումը մերժվել է:
Այնուհետեւ սկսվել է դատական կարուսելի փուլը. մի քանի անգամ տարբեր ատյաններում շրջելուց հետո, ի վերջո, օրինական ուժ է ստացել՝ փոխգնդապետ Մարտիրոսյանից 42 հազար դոլարը բռնագանձելու որոշումը: Այսինքն՝ դատարաններն ապացոււցված են համարել, որ նա մեքենայի դիմաց ընդամենը 2000 դոլար կանխավճար է վճարել:
Մինչդեռ ավելի ուշ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը վճռել է Արայիկ Շառոյանից բռնագանձել վճարված կանխավճարը՝ 2000 դոլարը, իսկ արդեն վերաքննիչ դատարանը որոշել է, որ հոգուտ փոխգնդապետի Արայիկից պետք է բռնագանձվի նաեւ 42 հազար դոլար: Վերաքննիչը, հիմք ընդունելով ոստիկանությունում Արայիկի տված բացատրությունը, հաստատված է համարել, որ նա ավտոմեքենան վաճառելիս ամբողջ գումարը՝ 44 հազար դոլարը, տեղում ստացել է: Ինքը՝ Արայիկ Շառոյանը, հետագայում հրաժարվել է ոստիկանությունում իր տված բացատրությունից՝ նշելով, որ այն գրել է գիշերով՝ հետաքննիչի պահանջով:
Այսպիսով, օրինական ուժ է ստացել միեւնույն գործի վերաբերյալ ՀՀ դատական ատյանների կայացրած միմյանց հակասող երկու վճիռ:
«Արայիկ Շառոյանն իր անունով «Volkswagen Passat» ավտոմեքենա ուներ՝ գնահատված 3 մլն դրամ: Դատարանը նրա գույքի վրա արգելանք էր դրել: Բայց երբ վճռվեց, որ Արայիկ Շառոյանը պետք է 44 հազար դոլարն ինձ վերադարձնի, մինչեւ դատարանը կատարողական թերթը կտար, շինծու դատական պրոցեսով նա այդ ավտոմեքենան արգելանքից հանեց ու վաճառեց,- ասում է Գեւորգ Մարտիրոսյանը,-վերջ, իր անունով նա էլ ոչ մի բան չունի»:
Այդ ընթացքում փորձաքննությամբ պարզվել է, որ «Mersedes-Benz-G400»-ն իրականում արտադրվել է ոչ թե 2003, այլ 2002 թվականին, եւ որ դրա համապատասխան թվանշանները վերադաջված են:
«Դրա համար էլ չէին կարողանում վերագրանցել,- ասում է փոխգնդապետ Մարտիրոսյանը:- Արայիկ Շառոյանը ցուցմունք է տվել, որ ինքը չի վերադաջել, դա արվել է Վրաստանում: Ավելին՝ պարզվել է, որ մյուս ավտոմեքենան՝ նրա գնած «Mercedes-ML»-ն էլ է վերադաջված, այսինքն՝ նա գողացված ավտոմեքենաների գործ է արել... Բայց ոչ մի բան էլի չարեցին. Արայիկ Շառոյանին հավատացին»:
Փոխգնդապետի խոսքերով՝ «Mersedes-Benz-G400»-ն այժմ ԴԱՀԿ հայեցողության տակ է, բայց իրեն ասել են, որ կարող է այն վերցնել:
«Վերցնեմ ի՞նչ անեմ: Նախ՝ մեքենան մինչեւ հիմա Վարդեւան Խդրյանի անունով է, հետո էլ՝ գողացված է. ինչի՞ս է պետք,- ասում է փոխգնդապետ Մարտիրոսյանը,- Շուտով Խդրյանի պահանջով հարկադիրները կգան ու ինձ կասեն՝ ունցածդ վաճառիր եւ մարդու փողը տուր՝ որպես խրախուսական պարգեւ: Սա է մեր արդարադատությունը»:
Հ.Գ. Մեր տեղեկություններով՝ Արամ Շառոյանն այժմ անազատության մեջ է Վրաստանում այլ գործով: Վրաստանում է նաեւ Արայիկը, սակայն վերջինիս հետ կապ հաստատել մեզ չի հաջողվել:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել