HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրականության և երևակայության տիրույթում

Փարեմուզյանի «քլնգումները»

«Հետք» էլեկտրոնային թերթը հոկտեմբերի 12-ին հրապարակել է Լարիսա Փարեմուզյանի «Մարզի հիմնախնդիրները մարզային թերթի էջերում ներկայացվում են միայն բարձրաստիճան չինովնիկների բերանով» դեկլարատիվ վերնագրով հոդվածը:

Սկսենք վերնագրից: Եթե հոդվածագիրը մի քիչ ուշադիր թերթեր «Լոռու մարզի» հավաքածուն, կնկատեր, որ միայն իր հայրենի Ալավերդու, Թումանյանի տարածաշրջանի գյուղերի հիմնախնդիրների մասին գրեթե յուրաքանչյուր համարում հրապարակում կա, չհաշված մյուս տարածաշրջանները և մարզկենտրոն Վանաձորը: Նա կարող էր նաև ամբողջությամբ լսել մեր հարցազրույցի ձայնագրությունը և արձանագրել, որ թերթի հրապարակումների արդյունքում բազմաթիվ հիմնահարցեր են լուծվել Վանաձորում և այլ բնակավայրերում:

Մարզի հիմնահարցերը միայն մարզպետի բերանով բարձրաձայնելու մասին հոդվածագրի հարցին, ես ոչ թե պատասխանել եմ, որ վերջին տարվա, այլ վերջին մի քանի համարներն է հավանաբար նայել ինքը:

Լ. Փարեմուզյանը դա չի արել, որովհետև նախատրամադրվածությունը, «քլնգումների» արդյունքում որևէ արտառոց բան գտնելու մարմաջը նրան խանգարել է:

Ես օրինակ ասել եմ, որ բաժնետոմսերի վերաբաշխումը կատարվել է նախկին մարզպետի օրոք, իսկ Արթուր Նալբանդյանի օրոք այն պաշտոնական տեսք է ստացել, վավերացվել բոլոր ատյաններում, իսկ հոդվածի հեղինակը խառնել է նաև այս պարզունակ փաստը, գրելով, որ մարզպետը որպես բաժնետեր չի կարգավորել իր հարաբերությունները «Լոռու մարզ» թերթի հետ: Նորից եմ կրկնում՝ հենց Արթուր Նալբանդյանի օրոք են կարգավորվել այս հարցերը: Ես ասել եմ, որ վերջին երկու տարում մարզպետարանից և Վանաձորի քաղաքապետարանից մենք գումար չենք խնդրել, իսկ նա գրել է, որ տարեկան 200-300 հազար դրամ ֆինանսավորում են ամեն տարի:

Ինչ վերաբերում է Լոռու մարզպետին, նա երբեք ոչ մեկին չի հրահանգավորել այս կամ այն հայտարարությունը մեր թերթում տպագրել:

Իսկ ինչ վերաբերում է թերթի խմբագրությանը մեքենա տրամադրելու մասին իմ «երազանքին»՝ ես չեմ օգտագործել այդ բառը, այլ ուղղակի ասել եմ, որ եթե շահույթ ունենանք, լրացուցիչ գումարները կհատկացնեմ աշխատավարձերը բարձրացնելուն ոչ թե մեքենա գնելուն, որը վատ չէր լինի, եթե ունենայինք:

Հոդվածում կան նաև այլ սխալներ ու վրիպումներ, որոնց չարժե անդրադառնալ: Զավեշտական են Լ. Փարեմուզյանի մեկնաբանությունները «Երկունք» թերթի վերաբերյալ: Հոդվածում գրված են իմ պարզաբանումները, որ թերթը զուտ գրական թերթ է և եզակի այդ առումով, իսկ Փարեմուզյանը մեզ մեղադրում է դատարկվող գյուղերի, լոռեցի մարդու հոգսերի և ցավերի մասին չգրելու մեջ:

Թերթում բազմաթիվ են սուր և դիպուկ հրապարակախոսական հոդվածներ են տպագրվել մեր գրական կյանքի բարելավման և այլ թեմաներով՝ չշեղվելով «Երկունքի» բնույթից, որը Լ. Փարեմուզյանը «չի նկատել»: Թերթում նաև հրապարակախոսական, նույնիսկ քաղաքական բնույթի գեղարվեստական գործեր են տպագրվել, որոնք նույնպես նա անտեսել է, գրելով, որ միայն լիրիկական բանաստեղծություններ ենք տպագրում:

Ընդհանրապես, ճիշտ կլիներ «Երկունքի» մասին նա կարծիք հարցներ Երևանում ապրող գրականագետներից և գրողներից, ոչ թե առանց թերթը կարդալու, կամ նույնիսկ թերթելու՝ ենթադրություններ աներ:

Իրեն հետաքննող լրագրող համարող Լարիսա Փարեմուզյանն իմ կարծիքով որևէ հատուկ հրահանգ չի ստացել դրամաշնորհային այն ծրագրի ղեկավարներից, որի շրջանակներում կատարել է ուսումնասիրությունը: Ուղղակի հարկավոր էր լինել ավելի օբյեկտիվ և գրել այն, ինչ լսել է և տեսել: Ինքը հեգնանքով գրել է, որ այդ թերթերը դարձել են խմբագիրների հանապազօրյա հացը վաստակելու միջոց, մոռանալով խմբագրակազմը: Ուրեմն այդ հացը պետք է վաստակել՝ առանց ցեխ շպրտելու ուրիշների վրա, որն իրեն չի հաջողվում:

Մանվել Միկոյան
«Լոռու մարզ» և «Երկունք» թերթերի գլխավոր խմբագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter