HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գետահովիտի բնակիչները պահանջում են դադարեցնել նոր հէկի կառուցումն ու Քոքոբելյանների հէկի գործունեությունը

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը -10 

Գետահովիտում վտանգված է մարդու կյանքը: Սողանքները ավելի քան 20 անգամ ավելացել են տարածքում: Գետահովիտ գյուղի բնակիչներն ուզում են, որ դադարեցվի «Խաչաղբյուր 2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը, ավելին, կանգնեցվի նաև «Խաչաղբյուր 1» փոքր հէկի աշխատանքը: 

Այսօր կայացած մամուլի ասուլիսում գետահովիտցիների տեսակետը ներկայացրեց գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը: Վերջինս մանրամասնում է, որ սողանքային վտանգից բացի հէկը իրենց համայնքում այլ խնդիրնել է ստեղծել. «Մենք ունենք ջրի խնդիր` կապված «Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» հէկերի հետ, վտանգվում է Իջևան քաղաքի և Գետահովիտ համայնքի խմելու ջրի հարցը: Գետի ավազանն այնպիսին է, որ գոյանում է մեծ տարածքում. գետը հոսում է արևմուտքից արևելք, ու ավազանը ձևավորվում է գետի վերին հատվածներում, ներքևում գրեթե ջրեր չկան, այսինքն` խմելու ջրերը վերին հատվածներից մտնում են ընդերք` մաքրվելով դուրս են գալիս գետափնյա հատվածներում: Եթե ջրերը լցնում են խողովակների մեջ, բնականաբար այլևս ընդերք չեն մտնի, որպես խմելու ջուր պիտանի չեն լինի, ու կկտրվի մեր ջուրն ամբողջությամբ»,- ասում է Գետահովիտի բնակիչը: 

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի` հէկը պետք է լինի 2960 կՎտ հզորության: Նախագծի համաձայն` պետք է ապահովի մշտական աշխատանքով 3 կամ 7 անձի: Մինչդեռ Արթուր Ավագյանը համոզված է, որ ոչ մի սոցիալ-տնտեսական խնդիր այդ հէկը չի լուծելու իրենց համայնքում, քանի որ իրենց ապրուստը մեծամասամբ կապված է անտառի հետ, իսկ եթե Խաչաղբյուր գետում ջուր չլինի, անտառին չորացում է սպառնում, և  թթվածնով հարուստ օդը գետն այլևս չի բերի բնակավայրեր: «Դա ունի առողջության պահպանման, էսթետիկ հաճույքի և հոգեկան նորմալ վիճակի վերականգնման համար կարևոր նշանակություն մեզ համար»,- ավելացնում է Արթուր Ավագյանը: 

Գետահովիտ գյուղի բնակիչները ոտքի են կանգնել և բնապահպան-ակտիվիստների հետ փորձում են արգելել «Խաչաղբյուր 2» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը: Շինարարությունը նախարարի հրահանգով դադարեցվել է և ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի հէկի կառուցման ու փաստաթղթերի օրինականությունը: Հանձնաժողովը օրերս տեղազննություն անցկացնելու նպատակով մեկնել է Գետահովիտ:  

«Մեգաէներջի» ՍՊԸ-ն է կառուցում նշված փոքր հէկը, որը պատկանել է ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանին: Այս տարվա հունիսի 7-ին Խաչատուր Քոքոբելյանը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որի որոշմամբ Խաչատուր Քոքոբելյանին թույլ է տրվել իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասը վաճառել ՀՀ քաղաքացի Գեղամ Աղաջանյանին: Հիշեցնենք նաև, որ «Խաչաղբյուր 1»-ը,  որը աշխատանքները նույնպես գյուղացիներն ուզում են դադարեցնել, հենց Քոքոբելյանների ընտանիքինն է, և միայն այս տարվա կեսերին են Քոքոբելյանները որոշել վաճառել հէկը կառուցող ընկերության բաժնեմասը մեկ ուրիշին, սակայն նախնական թույլտվությունները Խաչատուր Քոքոբելյանն է ստացել: 

Այս տարվա սեպտեմբերի սկզբին Ենոքավանի համայնքի ղեկավարը որոշում է կայացրել իր կողմից շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչել, իսկ հողհատկացման փաստաթուղթը դեռևս մնում է: Չգիտես ինչու` հանրային լսումները անցկացվել են Ենոքավան գյուղում, իսկ Գետահովիը ամբողջությամբ անտեսվել է, չնայած, ըստ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի, հէկը` ջրառից մինչև կայանի շենքը, գտնվում է Գետահովիտի վարչական տարածքում: 

«Մեգաէներջի» ՍՊԸ-ն այժմ Գեղամ Աղաջանյանին է պատկանում, տնօրենը` Երեմ Սարգսյանն է, իսկ հէկի տնօրենը, եթե այն կառուցվի, պետք է դառնա Ալբերտ Մկրտչյանը: Վերջինս «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեն. «Ես չգիտեմ, թե իրենք ինչի են ուզում հասնել, որը որ չեն հասնելու, լրատվամիջոցներով սուտ հայտարարություն կա, որ մենք չունենք ոչ մի փաստաթուղթ: Իրենք տեղյակ էլ չեն, իրենց երևի ձեռք է տալիս, որ ասեն` մենք չունենք փաստաթուղթ, դրա հիման վրա որոշել են նման բան կազմակերպել»,- բնապահպանների ակցիաների մասին կարծիք հայտնեց Ալբերտ Մկրտչյանը: 

Ա. Մկրտչյանը նշեց, որ իրենք դեռևս ոչ շենքի, ոչ ջրընդունիչ կայանի կառուցման աշխատանքներ չեն կատարել, միայն խողովակաշարի անցկացման աշխատանքներն են իրականացնում: Իսկ սերվիտուտի պայմանագիր երկու համայնքից` թե Ենոքավանից, թե Գետահովիտից ունեն: 

«Գրված է, որ շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ խողովակաշարն անցնում է ավտոճանապարհին զուգահեռ: Հիմնականում այնտեղ ավտոճանապարհ չկա, իսկ ծառահատումների անհրաժեշտություն ոչ թե չկա, այլ արդեն կատարվել են, ու պետական լիազոր մարմինը պետք է գնահատական տա, թե ինչքան ծառահատումներ են հատվել»,- ասում է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը և նշում, որ չնայած հնչեցրած բազմաթիվ ահազանգերին` դեռևս ծառահատման վերաբերյալ որևէ ակտ ԲՆ-ն չի կազվել: 

Գետահովիտի բնակիչների և բնապահպան-ակտիվիստների բողոքի ակցիայից հետո բնապահպանության նախարարի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբ: Օրերս աշխատանքային խումբը տեղազննություն է իրականացրել: Խմբում ընդգրկված ակտիվիստ, իրավաբան Մերի Խաչատրյանն ասում է, որ իրավիճակը գնահատելով և ուսումնասիրելով փաստաթղթերը` պարզ է դառնում, որ դրանց մեջ ակնհայտ անհամապատասխանություն կա: Օրինակ` բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ նշված պնդումը, որ խողովակաշարը անցնելու է գետի կողքով և բնությանը վնաս չի հասցնելու, չի համապատասխանում իրականությանը, քանզի տեղազննության ժամանակ արդեն իսկ արձանագրվել է, որ 100-ից ավելի ծառեր են հատված կամ արմատախիլ արվել, խողովակաշարը հատել են գետը, կան նաև նախագծային խախտումներ: 

«Ոնց կարելի է նման շինարարություն անել, որ ծառ չհատվի, բայց դրա համար կա օրենքով ծառահատման համար նախատեսված թույլատրելի սահմաններ, դրա համար պետական վճարումներ են արվում, մենք էլ ասել ենք, որ եթե կտրենք մի հատ ծառ, տասնապատիկը կամ քսանապատիկը մենք պիտի տնկենք: Ամեն ինչ վերականգնվող բաներ են»,- նշում է «Մեգաէներջի» ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Մկրտչյանը: 

Ըստ ակտիվիստների` կարևոր խախտումներից է նաև այն, որ հէկը բնության հատուկ պահպանվող տարածքում է գտնվում`«Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի տարածքում, ինչն անթույլատրելի է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով: «Պետք է պահանջել և գործի մեջ պետք է լինի կենսառեսուրսների քաղաքականության մշակման գործակալության կարծիքը, արդյոք կառուցվող հէկի տեղը ճի՞շտ է նշված, արդյոք կա՞ արգելավայ»,-հարցնում է Մ. Խաչատրյանը: 

Լևոն Գալստյանն էլ ասում է, որ Իջևանի պետական արգելավայրը սկսվում է 900 մ բարձրությունից, իսկ հէկի խողովակաշարն անցկացվելու է 860-ից մինչև 1220 մ բարձրությունը, բնականաբար կընկնի «Իջևանի» արգելավայրի տարածքում: 

Բնապահպան-ակտիվիստները պնդում են, որ հանձնաժողովը սեղմ ժամկետներում պետք է հարցում կատարի Կադաստրի պետական կոմիտե և ստանա Ենոքավանի համայնքապետարանի կողմից հողհատկացման հիմքերը, արգելավայրերի հստակ հատակագծերը, քարտեզները: Կառավարությունը հաստատել է արգելավայրերի ցանկը, բայց հրապարակված չեն դրանց քարտեզները և ճշգրիտ տվյալները: 

Հէկի փաստաթղթերում բացակայում է ինժեներատեխնիկական եզրակացությունը, որը, ըստ իրավաբանի, շատ կարևոր է, քանզի Գետահովիտի տարածքը սողանքավտանգ է: «Մենք կարծում ենք, որ «Խաչաղբյուր 2» հէկի կողմից ներկայացված աշխատանքային նախագիծը լուրջ վերանայման կարիք ունի, և պետք է անհապաղ ուժը կորցրած ճանաչվի Շրջակա միջավայրի վրա փորձաքննության դրական եզրակացությունը: Պետական և տեղական մարմինների անփույթ աշխատանքի արդյունքում տնտեսվարողին ֆինանսական ծախսի տակ են գցել»,- ավելացնում է Մերի Խաչատրյանը: 

Նախագծի բնապահպանական մասում նշվել է, որ ցածր նշանակության հողեր են գտնվում հէկի կառուցման տարածքներում, ինչը նույնպես իրականությանը չի համապատասխանում, քանզի դրանք հիմնականում անտառային հողեր են: Ստացվում է, որ նախագիծը պատրաստողները սխալ տեղեկատվություն են ներկայացրել համապատասխան գերատեսչությանը, որն էլ այդ ամենը չստուգելով հաստատել է: Բնապահպան-ակտիվիստները համոզված են, որ նմանատիպ «փնթի» վիճակում են նաև Հայաստանում կառուցված մյուս փոքր հէկերն ու դրանց փաստաթղթերը: 

Ակտիվիստները դիմել են վարչապետին` պահանջելով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել հանրապետության փոքր հէկերը ուսումնասիրելու նպատակով` ներառելով փոքր հէկերի հետ առնչություն ունեցող բոլոր լիազոր մարմիններին, ովքեր տալիս են փորձագիտական կամ մասնագիտական եզրակացություններ: Ակտիվիստները խնդրել են, որպեսզի միջգերատեսչական հանձնաժողովը ուսումնասիրի ոլորտը և մշակի փոքր հէկերի` շրջակա միջավայրի վրա սոցիալ-տնտեսական գնահատման համալիր մեթոդաբանությունը: Բացի դրանից, պահանջում են վարչարարական միջոցներ ձեռնարկել արդեն իսկ կառուցման լիցենզիա ստացած փոքր հէկերի շինարարության գործընթացը ժամանակավոր կասեցնելու ուղղությամբ` մինչև դրանց ազդեցության գնահատման համալիր մեթոդաբանության մշակումը: Ակտիվիստները սպասում են վարչապետի պատասխանին:

Մեկնաբանություններ (1)

Shura
Es bnapahpanner@ chgiten te iranq inchi hamar en kochvac bnapahpan . joxovurd mi xangareq mer gorcacrarnerin aranc ajn el ashxatatex chunecox Hayastanum ashxatatex stexcelun . ajl gnaceq MEC AXTA( Hrazdan) u ajntexi axbanoci harc@ luceq vor 2 amis varvuma voch mi ardzaganq chka bnapahpanneri motic. Kaskac e arajanum vor mer erkrum bnapahpannern el en ajspes kochvac

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter