
Աղավնատուն գյուղում բացվեց Սուրբ Աննա եկեղեցին
Երեկ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում տոն էր. 3 տարվա շինարարությունից հետո բացվեց Սուրբ Աննա եկեղեցին: Գյուղը սրբավայրեր շատ ունի, սակայն գործող եկեղեցի չուներ: Եկեղեցին կառուցվել է բարերար Վահան Ավագյանի կողմից: Նա Աղավնատուն գյուղում է ծնվել եւ այժմ բիզնես-գործունեություն է ծավալում ՌԴ-ում:
Եկեղեցու բացման արարողությանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատգամավորներ եւ այլ հյուրեր:
Վարչապետը շրջեց եկեղեցու տարածքում, մասնակցեց օծման արարողությանը, այնուհետեւ գյուղի կենտրոնական փողոցում բացված սեղանների շուրջ տոնեց եկեղեցու բացումը: Բարերարը եկեղեցու բացման առիթով մատաղ էր տալիս:
Աղավնատուն գյուղի ավագանին երեկ պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց եկեղեցու շինարար Գագիկ Գրիգորյանին: 3 տարի շարունակ նա է հսկել եկեղեցու շինարարությունը:
Սուրբ Աննայի բակում տեղադրվել են նաեւ 17 խաչքարեր, որոնցից 10-ի պատվիրատուն Վահան Ավագյանն է:
Խաչքարերի հեղինակ, քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ երբ բարերարը կառուցել է եղեկեցին, գյուղից դուրս գտնվող գործարարները փորձել են այս գործին եւս մասնակցություն ունենալ եւ յուրաքանչյուրն իր կողմից մեկական խաչքար է պատվիրել, ինքն էլ իր որդու եւ եղբայրների հետ սիրով պատրաստել է դրանք: Նրանք 14 խաչքարերի հեղինակն են:
Ռ. Նալբանդյանն ասաց, որ քանդակագործության մեջ ավելի շատ տեղ է տալիս խաչքարերի պատրաստմանը` որպես ազգային արժեք: Հարցին, թե ինչն է պատճառը, որ եկեղեցիներ կառուցվում են, սակայն դրան զուգահեռ ավելանում են աղանդավորների թիվը, Ռուբիկ Նալբանդյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Իմ կարծիքով պատճառը քարոզչական է: Աղանդավորները հսկայական աշխատանքներ են տանում, իսկ մեծ գյուղերում, ասենք, եկեղեցին կառուցվում է, սակայն քարոզիչն իր սենյակում պարփակված է, երբեք տներ չի այցելում, օջախներում կան հիվանդներ, իսկ Տեր հայրը պետք է իր համայնքի բոլոր բնակիչների անուններն իմանա, նրանց վիճակի մասին իմանա, նրանց այցի գնա: Աղանդավորները ներխուժում են ներս, դուռը փակում ես, էլի ներս են մտնում, պարզ է, որ 10-ից թեկուզ 2-ը կգնա նրանց հետեւից»:
![]() |
![]() |
Վահան Ավագյանն ասաց, որ իր երազանքն է եղել եկեղեցու կառուցումը եւ հիմա կարող է հոգեպես հանգստանալ, քանի որ եկեղեցին արդեն իրականություն է: Նրա միջոցներով ամբողջությամբ ասֆալտապատվել է Ռոզա Ավագյանի անվան փողոցը, անցկացվել է գիշերային եւ տոնական լուսավորություն: Գյուղացիները կատակում են, որ նշված փողոցը դարձել է «Հյուսիսային պողոտան»: Դպրոցի ճանապարհը նույնպես ասֆալտապատվել է, եւ աշակերտները կարող են անձրեւոտ օրերին հանգիստ դպրոց հաճախել:
Վահան Ավագյանը համագյուղացիներին խոստացել է, որ եկեղեցու կառուցումը միակ բարեգործությունը չի լինելու Աղավնատան համար:
Երեկ մինչ ուշ գիշեր գյուղում տոնական տրամադրություն էր: Համերգային ծրագրով հանդես եկան հանրապետության երգիչ-երգչուհիները` Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Անդրեն, Սոֆի Մխեյանը, Ալլա Լեւոնյանը, Էրիկը, Սիլա Հակոբյանը, Աիդա Սարգսյանը եւ այլք: Տոնական միջոցառումը վարում էին Նազենի Հովհաննիսյանն ու Ավետ Բարսեղյանը: Ուղիղ ժամը 20-ին գյուղի կենտրոնից եւ երկու ծայրերից միաժամանակ հրավառություն կատարվեց, որը տեւեց մոտ 10 րոպե: Ավետ Բարսեղյանը չթաքցրեց, որ հանրապետությունում տեսած ամենալավ հրավառությունն էր: «Շատ միջոցառումներ ենք վարել, բայց այսպիսի հրավառություն չէինք տեսել»,-ասաց հաղորդավարը:
Մեկնաբանություններ (52)
Մեկնաբանել