
Ալավերդու զարգացման ծրագիրը պետք է սկսել բնակիչների ամենատարրական պահանջները բավարարելուց (վիդեո)
Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ասում է, որ Ալավերդու սոցիալ-տնտեսական զարգացման 2008-2012թթ.-ի քառամյա ծրագրում ընդգրկված խոշոր աշխատանքները կատարվել են: «Խոսքն առաջին հերթին կոշտ կենցաղային աղբավայրի ծրագրի, քաղաքի լուսավորության համակարգի ընդլայնման, նախադպրոցական հիմնարկների կապիտալ վերանորոգման եւ այլ խնդիրների մասին է»,- ասում է քաղաքապետը: Վերջինս նաեւ խոստովանում է, որ քառամյա ծրագրով նախատեսված շատ խնդիրներ չեն լուծվել ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով: «Դրանք կլուծվեն հաջորդ քառամյա ծրագրով»,- հուսադրում է քաղաքապետը: Այդուհանդերձ, Ալավերդու զարգացման քառամյա ծրագիրը շրջանցել է քաղաքի մեծ չափերի հասնող արտագաղթը եւ այն կանխելու համար միջոցառումներ չի նախատեսել:
«Արտագաղթի վերաբերյալ քաղաքի մասշտաբով համակարգված որեւէ վիճակագրություն չկա»,- տեղեկացնում է Արտավազդ Վարոսոսյանը: Ալավերդցի Ոդիսեւս Իսրայելյանը կարծում է, որ արտագաղթը կանխելու համար քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի էպիկենտրոնում պետք է դրվի բնակչության բարեկեցության ապահովումը, որը պետք է սկսել ալավերդցիների ամենատարրական պահանջները բավարարելուց: «Մենք շատ մեծ-մեծ բաներից ենք խոսում, բայց մարդու հիգիենան ամենակարեւորն է: Ալավերդու բոլոր բնակիչները չէ, որ կարող են իրենց բնակարաններում ջրի տաքացուցիչներ տեղադրել: Քաղաքում բաղնիք ունենալն անհրաժեշտություն է»,- ասում է Ոդիսեւս Իսրայելյանը:
«Ալավերդիում մի ժամագործ չկա: Մեր տան պատի մեծ ժամացույցը փչացել էր, մարդ ենք գտել, ուղարկել ենք Երեւան, որ այնտեղ վերանորոգեն, մի հատ կարի արհեստանոց չկա, որ կարիքի դեպքում տանես շորդ վերանորոգես: Ում հարցնում ես, ասում է էնքան հարկ են ուզում, ես ի՞նչ գիտեմ, կարող եմ էդքան հարկով աշխատել»,- դժգոհում է Ալավերդու թիվ 12 դպրոցի ավագ ուսուցչուհի Կարինե Կոլոլյանը:
Քաղաքի գրեթե նույն փողոցներում ամեն տարի կատարվում են նորոգման աշխատանքներ, սակայն անհասկանալի տրամաբանությամբ, Ալավերդու փողոցների մայթերը դուրս են մնում վերանորոգումից: «Է~, որ թվի փոսեր կան մայթերին, մայթերով չես կարողանում քայլել, քայլելու ուրիշ տեղ էլ չունենք»,- հիասթափված ասում է ուսուցչուհին, ով նաեւ խոր ափսոսանք է հայտնում Ալավերդու կիսաքանդ «Լալվար» կինոթատրոնի շենքի համար: «Հիմա հեռուստացույցով անճաշակ սերիալներով են զբաղեցնում մարդկանց, բայց կինոթատրոնը, երբ գործում էր, տնից դուրս էինք գալիս, կարգին ֆիլմեր էինք նայում, քնարկում եւ շփվում էինք»,- նշեց Կ. Կոլոլյանը:
Ալավերդի քաղաքի մեջ են մտնում Ակներ եւ Սանահին գյուղական թաղամասերը: Քաղաքապետարանի քառամյա ծրագիրն այս գյուղերի զարգացման խնդիրներին նույնպես անտարբեր է մնացել: «Մեր սարերի խոտն այս տարի չհնձեցինք, ճանապարհ չկա, գյուղացիները չկարողացան գնալ սարերի խոտը հնձելու»,- հայտնեց Ակների թաղապետ Գառնիկ Ծատինյանը: Ակները 350 գլուխ խոշոր եղջրավոր անասուն ունի: Գյուղում ոռոգման ջուր չկա, վարելահողերը չեն մշակվում, օգտագործվում են որպես խոտհարքներ, ակներցիները հնձել են միայն այդ խոտհարքների խոտը: Թաղապետը Ակների ամենակարեւոր խնդիրը համարեց գյուղի ոռոգման ջրի հարցը: «Գյուղ եկող եւ գյուղամիջյան ճանապարհների վիճակն էլ տեսնում եք, էլի»,- ասաց նա: Ըստ Գառնիկ Ծատինյանի, Ակների 650 բնակիչներից 100 մարդ արտագաղթել է գյուղից:
Ակներեցի 80-ամյա Սանդրո Հակոբյանը, սակայն կարծում է, որ Ակներից բացակայում է շուրջ 250 մարդ: «Հլե, վայթե 300-ն էլ ըլեն բացակա: Երիտասարդ մարդ չկա մեր գեղըմ, շատ պատահական կհանդիպես երիտասարդի: Գեղի մասին ի՞նչ ասեմ, էս հուշարձանը տեսնում ես՝ ջուր չկա, ակումբը քանդվեց, եկեղեցին քանդվել ա, մի տիրութին անող չկա, չգիտեմ ոնց տի ըլիլ մեր գեղի վիճակը: Մեր ակումբը հմի էս ծառն ա»,- գյուղի հնամենի հսկա բռնչքին ցույց տալով ասաց ծերունին: Ակումբի վթարային լինելու պատճառով այս տարի Ակների ակումբի վարիչ եւ թատրոնի դերասանուհի Ռուզաննա Կոնինյանի 50-ամյակը բռնչքու տակ են նշել: «Էդ խո՞ւ չի ուրիշ տեղացի, Լոռվա ծնունդ տղա է քաղաքապետը, որ ուզենա մի գործ կանի անպայման»: «Գործ չի՞ ուզում անել»,- հարցրի ծերունուն: «Երեւի, ես ի՞նչ իմանամ ինչի չի անում: Ռուզանի 50-ամյակին ինքն էլ էր ստի: Ամեն բանի մասին էլ ասինք, բայց էն որ ասում են`փուշը պտի կենտ-կենտ հանեն: Դե, որ շատ բան ասենք, կարող ա սկի մինն էլա չկատարի»,- եղավ պատասխանը:
Ակների գյուղական թաղամասի ակումբի ու գրադարանի վերանորոգման խնդիրը քաղաքապետարանը նախատեսել էր լուծել այս քառամյա ծրագրով, սակայն դրանք թղթի վրա են մնացել: Արտավազդ Վարոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ քառամյա ծրագրով հնարավոր չի եղել լուծել նաեւ Սանահին գյուղական թաղամասի ջրամատակարաման խնդիրը: «Վաղը նախագծողները քաղաքում են լինելու, Սանահինի ջրամատակարաման ներքին ցանցի նախագծային աշխատանքներն սկսելու համար»,- ասաց նա: Ստեղծված իրավիճակում Ակների եւ Սանահինի գյուղացիները չեն կարողանում վճարել իրենց հողի հարկերը:
Բյուջետային հաշվետվության համաձայն՝ համայնքի բյուջեով նախատեսված հողի հարկի 6,8 մլն դրամ հարկային եկամուտներից 2012թ.-ի հոկտենբերի 26-ի դրությամբ քաղաքապետարանը հավաքագրել է 2,8 մլն դրամը: Քառամյա ծրագրով նախատեսվել է լուծել քաղաքային զուգարանների խնդիրը, իսկ քաղաքի Հայպետշին թաղամասի զուգարանը, որից շարունակում են օգտվել շուկայի 50-ից ավելի առեւտրականներ, շարունակում է մնալ հակասանիտարական վիճակում, զուգարանի գարշահոտությունը սփռվում է շուկայի ողջ տարածքով, իսկ զուգարանի հարեւանությամբ տեղադրված է «Արզնի» մթերային խանութը:
Բազմաթիվ են Ալավերդու քառամյա ծրագրում տեղ գտած, սակայն չլուծված խնդիրները: Դրանց մեջ իր «պատվավոր» տեղն է ունի Սանահինի գյուղացիների Ս.Սարահարթ թաղամասում թափառող անասունների խնդիրը, որի լուծման համար պահանջվում է ընդամենը հետեւողական աշխատանք: Այդուհանդերձ, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հաջորդ քառամյա ծրագրի տրամաբանությունը տեսնում է արդյունաբերական Ալավերդու տնտեսության մյուս ճյուղերի, այդ թվում մինչեւ 40-50 աշխատատեղով մանր ու միջին ձեռնարկությունների ստեղծման մեջ: Դրանք, ըստ քաղաքապետի, կլուծեն նաեւ քաղաքի կանանց աշխատատեղի խնդիրը:
Մեկնաբանել