
Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները
Հայկ Դեմոյան
Ցավակցական նոթեր Գևորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» գրության շուրջ
Շատերը կարող են համաձայնել այն մտքի հետ, որ ոչ միայն մարդու դեմքը, այլև գրվածքների շարադրանքն ու ոճը հանդիսանում են նրա հոգեկան ներաշխարհի ու բարդույթների արտացոլանքը: Հոգեբան պետք չէ լինել հասկանալու համար, որ Գ. Յազըճեանի` մաղձի ու թույնի առատ պաշարով համեմված վերոհիշյալ գրությունը բնութագրում է հոգեկան լուրջ խնդիրներ ու բարդույթներ ունեցող անձի, ով առիթը բաց չի թողնում իր համախոհների հետ միասին և իրենց հատուկ ոճով տարբեր հեղինակությունների բաշից մազափունջ պոկելով` ստանալ հոգեթերապևտիկ կարևորություն ունեցող ինքնաբավարարում:
Գ. Յազըճեանը սիրում է գրել: Եվ դա ոչ միայն նրա համար, որ իր ազգանունը հենց նշանակում է «գրող»: Գրելը, տեղի ու անտեղի քննադատելը նրա տարերքն է: Ավելին, նա նույնիսկ հաշվում է գրվածքների բառերի քանակը: Մերօրյա գրասեր-գավառագիտունը, վերջերս իրեն հատուկ ժրաջանությամբ անդրադարձավ ՀՑԹԻ կայքէջում տեղադրված իմ հեղինակած «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» անգլերեն հոդվածի հայերեն թարգմանությանը` ցուցաբերելով նախանձելի մանրակրկիտություն: Գ. Յազըճեանը ոչ ավել ոչ պակաս ութ էջ էր տրամադրել մեկ ու կես էջի սահմաններում գրված իմ հոդված-թռուցիկը «հերձելու» համար:
Երկար սպասված ու նախապատրաստված խայթոցի մոլուցքն այնքան մեծ էր, որ այս անհանգիստ գրչակը չէր ցանկացել հասկանալ, որ
ա. թանգարանի էլեկտրոնային թռուցիկը գիտական հրապարակում չէ, այլ հակիրճ, մեկ ու կես էջի սահմաններում թեզերի տեսքով հրապարակվող լրատու, ուր սեղմ ներկայացվում են առանցքային հասկացություններ ու մեկնաբանություններ` մինչ դրանց մանրամասնումը գիտական ընդարձակ հրապարակումների միջոցով.
բ. հոդվածի ձևաչափի սահմաններում անհրաժեշտություն չկար մեկ ու կես էջը լցնել 18-րդ դարի հայոց պատմությամբ, օսմանյան հրովարտակների բովանդակային վերլուծությամբ ու Արմեն Այվազյանով, նամանավանդ, որ վերջինիս ներկայացված թեզերը ամփոփվում են 18-րդ դարով, իսկ հետագայում գրանցված փաստերի մասին, ի մասնավորի Էնվերի հրամանի, նրա և ոչ մի գրության մեջ հղում չկա: Այլ կերպ ասած` սեփական գիտելիքների պակասը Այվազյան-Յազըճեան երկյակը որոշել էր լրացնել այսպիսի պոռթկումով, որի դրդապատճառների մասին կխոսենք ստորև:
գ. Գ. Յազըճեանը, թերևս, Ա. Այվազյանի դրդմամբ կամ նրա հեղինակած հոդվածը ստորագրելով, ցուցաբերել է անհարկի շտապողականություն` հայտնվելով, մեղմ ասած, հիմար իրավիճակի մեջ, քանզի հրապարակային պաշտպանության ներկայացվող իմ դոկտորական ատենախոսության առաջին գլխում, որտեղից վերցված են վերոհիշյալ հոդվածի թեզերը, երկու հղում կա Ա. Այվազյանի 1997թ. անգլերեն աշխատությանը, իսկ աշխատանքի առաջաբանում նշվում է, որ «հայ հեղինակներից Ա. Այվազյանը անդրադարձ է կատարել այս հիմնախնդրին` վերլուծելով դրանք թրքական ցեղասպանական քաղաքականության լույսի ներքո»: Այս փաստը կարող են հաստատել այն հետազոտողները, ում հետ առիթ եմ ունեցել խոսել այդ մասին: Վերընթերցե́ք այս տողերը, պարո́ն Յազըճեան, եթե չեք գտնվում գիտակցության մթագնման մեջ կամ ձեզ չի պատել ինքնամոռացության հասցնող ատելության մոլուցքը: Հղումը Ա. Այվազյանի աշխատանքին արվել է մի կողմ թողնելով նրա մարդկային ու անհատական հատկանիշները` ելնելով միմիայն գիտական էթիկայի պահպանման պահանջներից:
Այլ կերպ ասած` բնավ կարիք չունեմ իմ անձի շուրջ հավելյալ ուշադրություն գրավելու համար տրվել ճղճիմ ու ավելորդ փառամոլությանը կամ ինձ վերագրել մտքեր ու թեզեր, որոնք վաղուց հրատարակվել են և ունեն հեղինակներ:
դ. Գիտության մեջ, որքանով ինձ հայտնի է, չկա գրված կամ չգրված որևէ օրենք, երբ վաղուց հրատարակված փաստաթղթին հղում պետք է տալ ավելի ուշ դրան անդրադարձած մեկ այլ գիտնականի աշխատանքից: Միգուցե հետայսու հայոց պատմիչների գործերին ևս կարտոնվի հղում տալ Ա. Այվազյանի գրությունների միջոցով, եթե նորին պայծառափայլությունը բարեհաճել է դրանց ևս անդրադառնալ: Այս առումով ձեր տխրահռչակ գրության մեջ ինձ ուղղված մեղադրանքներն ուղղակի ծիծաղելի են և հավելյալ մեկնաբանությունների կարիք չունեն:
ե. Ձեր պնդումները, թե այս հոդվածով ցանկացել եմ առանձնացնել Արցախն ու Հայաստանը, կամ էլ հայ ժողովրդի առանձին հատվածները Թուրքիայի կողմից ցեղասպանություն իրականացնելու ծրագրերի մեջ, լոկ վկայում են ձեր միջակ ինտելեկտուալ կարողությունների, ինչպես նաև հուզական աֆեկտի մեջ գտնվելու պատճառով սթափ տրամաբանելու անկարողության մասին: Ինչ վերաբերում է իմ քաղաքական հովանավորների մասին ձեր զարգացրած թեզին, ապա հակված եմ մտածելու, որ նման «բացահայտումները» միտված են կոծկելու էժանագին պոպուլիզմով ու ինքնահավանության մոլուցքով տառապող ձեր լյումպենացված խմբակի անարդյունավետ ու պարապ գործունեությունը:
զ. Իմ հրապարակման նպատակն էր սեղմ ներկայացնել արցախահայության դեմ թրքական տարբեր վարչակարգերի կողմից ցեղասպանական գործողությունների իրականացման փորձերի համեմատական վերլուծությունը: Առաջին թեզը հաստատելու համար հղում է տրվել 1967թ. հրատարակված «Հայ-ռուսական հարաբերությունները 18-րդ դարում» փաստաթղթերի ժողովածուին, երկրորդի դեպքում` 1995թ. հրատարակված Ջ. Լանդաուի «Պանթուրքիզմ. Իրեդենտիզմից համագործակցություն» աշխատությունը, իսկ երրորդի դեպքում` իմ հեղինակած «Թուրքիան և ղարաբաղյան հակամարտությունը. պատմա-համեմատական վերլուծություն» մենագրությանը, որի հրատարակման տարեթվի տեխնիկական վրիպակի շուրջ (2006թ.-ի փոխարեն նշվել էր 1995թ.) ձեր խորքային անդրադարձներն ու դավադրական տեսությունների շարանը բնորոշում է ձեր իրական մտադրությունները ու վերլուծելու կարողությունների սահմանափակվածությունը:
զ. Մեջբերում Գ. Յազըճեանի մտքի առկայծումներից. «Սակայն Ղարաբաղը չէր կարող լինել «թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտ» թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ խնդրո առարկա ժամանակահատվածներում (1720-ական, 1918-1921 և 1990-ական թվականներ) այնտեղ կային հայկական զինված ուժեր, որոնք, ինչպես ընդունում է ինքը Դեմոյանը, արդյունավետ դիմադրություն ցույց տվեցին օսմանյան ու ադրբեջանական զորքերին: Ուստի` Ղարաբաղում թուրքական ցեղասպանական փորձերի անջատ դիտարկումը հակապատմական է` թելադրված ներկա պահին հարմարվելու ցանկությամբ»: Պարո́ն Յազըճեան, ես սիրով կարժանացնեի ձեզ իմ համեստ գովասանքին, եթե կարողանայիք պարզաբանել այսպիսի «գոհարներ» շաղ տալու ձեր տրամաբանությունը և հընթացս ինքներդ ստուգեիք հայերեն գրագետ տեքստ շարադրելու ձեր կարողությունները:
է. Երկու տարի առաջ ինձ առաջին անգամ «պատվեցիք» «պալատական պատմաբան» տիտղոսով, որը պետք է խոստովանեմ, շատ բարձրացրեց իմ տրամադրությունը: Երբ պատեհ առիթ եղավ պարզաբանումներ ստանալ այդ առիթով, դուք ցուցաբերեցիք ձեզ հատուկ փոքրոգություն և անսկզբունքայնություն` կտրականապես հրաժարվելով ընդունելու ձեր իսկ կողմից հրապարակված և ստորագրված նյութի հեղինակությունը, ուր այդպիսի արտահայտություն կար: Այլ կերպ ասած` ձեզ հզոր եք զգում, երբ որևէ մեկին քննադատում և պարսավում եք հեռվից, սակայն վերածվում եք թուլակամ մի անձի` գրվածի ու ասվածի մասին հաշվետու լինելու ժամանակ: Եվս մեկ հավելյալ բնորոշիչ մարդկային, ի մասնավորի տղամարդկային ձեր տեսակի մասին պատկերացումներ կազմելու համար:
Հ.Գ. Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչու՞ իր դարակազմիկ գիտական ու մտավոր ժառանգությունը վտանգելու համար ինձ դատափետելու և հերթական ազգապահպան բացահայտումների համար հանդես չի գալիս հենց ինքը` այդ ժանրի սիրահար Ա. Այվազյանը, և այդպիսի կարևոր ու համազգային նշանակության գործը վստահել է Գ. Յազըճեանին` թաքնվելով նրա գրչի հետևում: Կարծես թե կռահում եմ թե ինչու…
Հ.Հ.Գ. Ու՞ր էիք դուք, պարո́ն Յազըճեան, և ինչու՞ էր լռում ձեր «բեղուն» գրիչը, երբ ձեր պաշտպանյալը 2008թ. սեպտեմբերին, թրքական մամուլին հղում տալով, հրապարակեց և ի լուր աշխարհի տարածեց ստահոդ մի լուր առ այն, թե իբր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ անջատվել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի գիշերային լուսավորությունը: Թրքական քարոզչության խայծը կուլ տալով` իրեն ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն հորջորջող անձն արդյունքում վարկաբեկեց թե́ Հայաստանի Հանրապետությունը, և թե́ Ծիծեռնակաբերդը:
Փորձեմ կռահել: Միգուցե այդ ժամանակ հայրենասիրական ու ազգապահպան ձեր յուրահատուկ ու եզակի գենը գտնվում էր նիրհի ռեժիմի մեջ:
Այն ժամանակ մենք ձեռնպահ մնացիք Ա. Այվազյանի դավաճանական այս արարքը պատժելուց` թրքական կողմին հրճվանքի առիթ չտալու համար: Սակայն, ինչպես երևում է, տարիներ շարունակ քեն էր պահվել` անհաջող ժամանակ ու առիթ ընտրելով վտանգավոր այդ քայլն ու դրա հետևանքներն այս կերպ ու ձեր միջոցով կոծկելու համար:
Ձեր ճամարտակումները, պարո́ն Յազըճեան, որևէ առնչություն չունեն գիտության ու գիտական պարկեշտության հետ, քանզի ձեր ու ձեր նմանների «վաստակն» ու դրանց հետևանքները շատերին են հայտնի: Բաշիբոզուկային գործելաոճը շատերին է վանել մերժվածների ձեր խմբակից, որի հանդեպ կարող եմ տածել միմիայն խղճմտանքի զգացում և առաջնորդվել հռոմեական հայտնի սկզբունքով` «անցավորաց մասին կամ լավ, կամ ոչինչ»:
Տվյալ դեպքում նախընտրում եմ վերջինը:
02. 04. 2011
Լուսանկարը` genocide-museum.am-ի
Մեկնաբանություններ (53)
Մեկնաբանել