HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւան-Ստեփանակերտ չվերթը` թեսթ տարածաշրջանի ու միջազգային հանրության համար

Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը, ամեն մեկը` յուրովի, ակնհայտորեն նախապատրաստվում են Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը` ակնարկելով կամ հայտարարելով, թե պատրաստ են դիմակայել ավելիին, անգամ` լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Միջազգային հանրությունն իր հերթին ակնդետ հետեւում է դրան` ժամանակ առ ժամանակ չթաքցնելով օրավուր աճող իր մտահոգությունը: Բուն իրադարձությունը շարքայիններից չէ եւ սպառնում է էական լարվածություն մտցնել տարածաշրջանում:

Օդանավակայանի վերագործարկման կապակցությամբ անցած տարի պաշտոնական Ստեփանակերտի եւ Երեւանի արած առաջին հայտարարություններն ու Բաքվի պատասխանները դրանց, մինչեւ այժմ Հայաստանի, ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ սպառնալից հոխորտանքների փոխանակությունը վկայում են նրա մասին, որ այն ոչ միայն ունակ է վտանգել բանակցային գործընթացը, այլեւ անգամ ռազմական բաց առճակատման առիթ դառնալ ու ի չիք դարձնել տարածաշրջանային փխրուն խաղաղությունը:

Առանց այն էլ միջազգային հանրության համար վերջին տարիներին ու հատկապես ամիսներին խնդրահարույց է դարձել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցելու Երեւանի ու Բաքվի հանձնառության իրագործումը: Եթե Ադրբեջանը 2006թ-ից է պաշտոնապես դժգոհություններ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում «անպտուղ» ու «անարդյունք» բանակցություններից, ապա Երեւանը այս տարվա սեպտեմբերից` Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո կասկածի տակ դրեց իր պատրաստակամությունը բանակցելու մի վարչախմբի հետ, որը հերոսացրեց 2004թ. Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի ոճրագործին:

Հակամարտության կողմերի գերսպառազինման ու Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրություն սանձազերծելու անթաքույց մտադրության եւ հատկապես սույն թվականի մայիսից սադրիչ գործողությունների, ու ընդհանրապես, հայ-ադրբեջանական թշնամական հարաբերությունների այսպիսի վատթարացման պայմաններում Ստեփանակերտի օդանավակայանի բացումը վառոդով լցված տակառ հիշեցնող տարածաշրջանում, հիրավի, կարող է դետոնատորի էֆեկտ ունենալ:

Սպառնալից նախազգուշացումներ ICAO-ին ու նրա միջոցով

1974թ. կառուցված, սակայն 1992թ. փետրվարին ղարաբաղյան պատերազմի պատճառով գործունեությունը դադարեցրած Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքները սկսվեցին 4 տարի առաջ: Պլանավորված էր, որ այն պատրաստ կլինի շահագործման հանձնել 2011թ. գարնանը:

Արդեն 2010թ սկզբից Երեւանում հնչող հայտարարությունները վկայում էին, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը մոտ ապագայի հարց է: Փետրվարի 3-ին Արմավիա ընկերության նախագահ Միքայել Բաղդասարովը հայտարարեց, որ իր ավիաընկերությունը պատրաստ է նաեւ ներքին ավիափոխադրումներ իրականացնել, եթե քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շահագործման ընդունի ռեգիոնալ օդանավակայաններ: Նա նաեւ հայտնեց, որ այդ նպատակով իր ընկերությունն առաջիկայում ձեռք կբերի 48 տեղանոց նոր АТФ 42-500 ինքնաթիռ: Թեպետ Բաղդասարովը խոսել էր Գյումրիի գործող եւ Գորիսի ու Կապանի չգործող օդանավակայանների  մասին, սակայն ներքին ավիափոխադրումների նրա հայտը վերաբերում էր առաջին հերթին Ստեփանակերտի օդանավակայանին: Ըստ Բաղդասարովի` դրա կառուցումից հետո Ստեփանակերտ-Երեւան չվերթը կիրականացնի «ԱրցախԱվիա» ընկերությունը. «Մենք, իհարկե, օգնում ենք եւ կարծում ենք, որ այդ չվերթի հետ կապված ոչ մի խնդիր չի լինի:

Հավանական ավիափոխադրողներից մեկի հայտարարությունը մի կողմից, օդանավակայանի մոտալուտ շահագործման հեռանկարը մյուս կողմից, չէին կարող չանհանգստացնել Բաքվին: Դա կանխելու նպատակով Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունը (ԱՔԱՊՎ) 2010թ. հոկտեմբերին նամակ  ուղարկեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), որով «նախազգուշացրեց, որ Ադրբեջանը փակել է Ղարաբաղի օդային տարածությունը», եւ որ «Ստեփանակերտի ուղղությամբ իրականացվելիք ցանկացած չվերթ անօրինական է»` անուղղակի սպառնալով օդանավերի ֆիզիկական ոչնչացմամբ: Իր պատասխան նամակում ICAO-ն խորհուրդ էր տվել Բաքվին «միանալ որոշ կոնվենցիաների, ջանքեր գործադրել տարածաշրջանում բացասական միջադեպերից խուսափելու նպատակով»:

Որքան էլ նամակի ողջ բովանդակությունը չհրապարակվեց, այդուհանդերձ, անգամ այս ձեւակերպումը վկայում էր, որ ICAO-ն ոչ միայն մտահոգություն էր հայտնել «բացասական միջադեպերի» կապակցությամբ, այլեւ, կարծես թե, ակնարկել էր այն հարուցողի` Ադրբեջանի միակողմանի պատասխանատվության մասին: Իսկ թե ինչ կապ ունի որոշ կոնվենցիաների` Ադրբեջանի միացած չլինելը այս ամենի ու Արցախի օդային տարածքում օդանավերին հարվածելու նրա իրավունքի հետ, միայն ենթադրություններ կարելի է անել:

Այդուհանդերձ, այս նամակից հետո պաշտոնական Բաքուն հարկադրված էր երկրորդ նամակն ուղարկել ICAO-ին` նախ պարզաբանելով, թե ինչ է նշանակում «փակված օդային տարածություն», ապաեւ փորձելով պատասխանատվության դաշտ ներքաշել հայկական կողմին` ICAO-ի միջնորդությամբ նրան էլ «նախազգուշացնելով» հետեւանքների մասին: «Այդ հարցը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո մեր կողմից եւս մեկ անգամ նախազգուշացրեցինք ICAO-ին այն մասին, որ Ադրբեջանը փակել է Ղարաբաղի օդային տարածությունը, որը գտնվում է երկրի զինված ուժերի տրամադրության ներքո: Այդ կապակցությամբ մենք խնդրեցինք ICAO-ին` հակառակ կողմին նախազգուշացնել այդ առնչությամբ, որպեսզի խուսափեն միջադեպերից»:

Ըստ ադրբեջանական կողմի բարձրաձայնման` ICAO-ից հայտնել էին, որ Ադրբեջանի նամակը փոխանցվել է հայկական կողմին:  Բաքվի, Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ օդային կրքերի թեժացան, իսկ Ադրբեջանի ԱՔԱՊՎ-ի ու ICAO-ի միջեւ նախորդած նամակագրությունն էլ հրապարակային դարձավ այն բանից հետո, երբ 2011թ. գարնանը հայտարարվեց Ստեփանակերտի օդանավակայանի մոտալուտ շահագործման մասին:

Մարտ 2011թ.: Օդային կրքեր Բաքվի ու Ստեփանակերտի միջեւ

2011թ. մարտի 10-ին պաշտոնական Ստեփանակերտը ազդարարեց, որ ժամում 100 ուղեւոր թողունակությամբ օդանավակայանի շինարարությունն ավարտված է, ենթակառուցվածքների մոնտաժային աշխատանքները` կատարված, իսկ օբյեկտի տեխնիկական հագեցվածության ապահովման ու սպասարկման սարքավորումների մոնտաժման աշխատանքները ընթացքի մեջ են: Օդանավակայնի ղեկավարությունը տեղեկացրեց, որ ապրիլի 15-ին կիրականացվի օդանավակայանի բոլոր համակարգերի առաջին ստուգողական տեխնիկական միացումը, իսկ մայիսի 9-ին` Ստեփանակերտը պատրաստվում է ընդունել առաջին ուղեւորներին: Սկզբնական շրջանում կանոնավոր թռիչքները պետք է իրականացվեին երկու օրը մեկ, ըստ անանուն աղբյուրի` առայժմ Գյումրիից եւ Երեւանից: Առանց հստակեցման նաեւ ակնարկվեց, որ հետագայում  օդային հաղորդակցություն կհաստատվի այլ երկրներ հետ: Թռիչքները պետք է իրականացներ «Air Artsakh»-ը, ըստ ամենայնի CRJ-200 (Canadian Regional Jet) ընտանիքի օդանավերով, որոնք զարգացնում են 800-900կմ/ժամ արագություն եւ ունեն թռիչքի 4.000կմ երկարություն: (Արմավիայի ու ՀՀ կառավարության հակասությունների սրման խորապատկերին, հավանաբար որոշվել էր ավիափոխադրման իրավունքը տալ ոչ թե «ԱրցախԱվիա»-ին, այլ նորաստեղծ «Air Artsakh»-ին):

Ի պատասխան Երեւան-Ստեփանակերտ կանոնավոր թռիչքներ գործարկելու Ստեփանակերտի այս հայտարարության` Ադրբեջանում քաղաքացիական ավիացիայի բարձրաստիճան ներկայացուցիչները Երեւանից Ստեփանակերտ ու հակառակ ուղղութամբ թռչող քաղաքացիական թե ռազմական ցանկացած օդանավ խփելու բացահայտ սպառնալիքներ տեղացին:

Մարտի 16-ին Ադրբեջանի ԱՔԱՊՎ տնօրեն Արիֆ Մամեդովը, ներկայացնելով 2010-ի աշնանից ի վեր ICAO-ի ու ԱՔԱՊՎ-ի միջեւ նամակագրությունը, հստակ դարձրեց Բաքվի նամակների նախազգուշական տոնն ու ենթատեքստը. ««Ավիացիայի մասին» օրենքի համաձայն, նույնիսկ հնարավոր է այնտեղ (Լեռնային Ղարաբաղ-հեղ.) ուղեւորվող ինքնաթիռների ֆիզիկական ոչնչացում», որոնք «կպատրաստվեն վայրեջք կատարել Լեռնային Ղարաբաղի գրավյալ Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքում հայկական կողմի կառուցած օդանավակայանում: Նա վերստին հիշեցրեց, թե «Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ, այն փակ է»:

Պաշտոնական Ստեփանակերտն այս սպառնալիքներին արձագանքեց անմիջապես նույն օրը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նախազգուշացրեց, որ պլանավորված չվերթները խափանելու ցանկացած փորձ ԼՂՀ զինվորականների կողմից կարժանանա «համարժեք պատասխանի». «Եթե Ադրբեջանն այդպիսի քայլերի դիմի, ապա դա կբերի անկանխատեսելի հետեւանքների»,-նախազգուշացրեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը: «Այդպիսի սպառնալիքները մեզ չեն վախեցնում, այլ միայն վարկաբեկում են Ադրբեջանին: Մենք, ինչպես եւ պլանավորված է, շարունակում ենք մեր օդանավակայանի շահագործումը»,-հավելել էր Բաբայանը: ԼՂՀ քաղաքացիական ավիացայի վարչության ղեկավար Դմիտրի Ադբաշյանն էլ իր հերթին, լուրջ չհամարելով Բաքվի սպառնալիքները, հավելեց, «Նրանք այդպիսի լուրեր են տարածում, վախեցնում են: Դա իրենց գործն է: Ես նրանց փոխարեն չեմ կարող երաշխիքներ տալ: Նրանք ինչ ասում են, կարող են անել… Մենք քաղաքացիական ավիացիա ենք, իսկ քաղաքացիական ավիացիան քաղաքականությունից դուրս է, ապահովում է մարդկանց ամենամեծ իրավունքներից մեկը: Կարող է մարդը հիվանդ է, ուզում է Ստեփանակերտից Երեւան գնալ` բուժօգնություն ստանալու համար: Ինչո՞ւ այդ մարդիկ պիտի ավելի քիչ իրավունքներ ունենան, քան, ասենք, Ադրբեջանի քաղաքացիները»:

Մարտի 19-ին այս սպառնալիքներին արձագանքեց Բաքվում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Հղում կատարելով շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 17-ի հայտարարությանը, նա նշեց. «Ինչպես բազմիցս հայտարարել են համանախագահները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չկա: Այդ կապակցությամբ, ուժի կիրառման սպառնալիքները, այդ թվում` քաղաքացիական ավիացիայի դեմ, որն ինքնին վտանգ չի ներկայացնում, անընդունելի են եւ հակառակ են այն պարտավորություններին, որ վերցրել են Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները խաղաղ կարգավորման գործում»: Նա նաեւ հավելել էր. «Մենք կողմերին կոչ ենք անում միասին աշխատել, որպեսզի առեւտրային անվտանգության բոլոր հարցերը լուծվեն մինչեւ Լեռնային Ղարաբաղում նոր օդանավակայանի պլանավորված բացումը»:

Մարտի 23-ին ուշագրավ գնահատական հնչեց նաեւ Երեւանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի կողմից: Հաստատելով, որ Ադրբեջանում իր գործընկերն ամբողջովին արտահայտել է ԱՄՆ դիրքորոշումը, նա հավելեց. «Նման սպառնալիքները բացարձակ անընդունելի են եւ հակասում են այն սկզբունքներին, որոնց պետք է հետեւի Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում: Մենք լրջորեն ենք ընկալում այդ խնդրի կարգավորման բոլոր սկզբունքները, սակայն մեր համար ամենակարեւորը համարվում է ուժի չկիրառման սկզբունքը»:

Պատկերավոր ասած` Մարի Յովանովիչը հասկացրեց, որ եթե Ադրբեջանի համար կարեւոր է տարածքային ամբողջականության, իսկ Հայաստանի ու ԼՂՀ-ի համար` ժողովուրդներին ինքնորոշման սկզբունքները, որոնք ԱՄՆ-ի համար էլ են կարեւոր, սակայն գերտերության համար առավել կարեւոր է ուժի չկիրառումը` տարածաշրջանում խաղաղության պահպանումը: Ասել է թե` Ադրբեջանին թույլ չի տրվի վտանգել հենց ԱՄՆ-ի համար ամենակարեւոր սկզբունքը: 

Թվում էր, թե ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման հնչեցումից հետո օդային կրքերը կհանդարտվեն, հատկապես երբ Ադրբեջանին շատ հստակ ուղերձ էր ուղարկվել արկածախնդրության չդիմելու կապակցությամբ: Սակայն հաջորդած հայտարարություննրով Ադրբեջանը հասկացրեց, որ չի պատրաստվում Երեւանի ու Ստեփանակերտի հետ քննարկել թռիչքների անվտանգության շուրջ պայմանավորվելու, օդանավակայանի սերտիֆիկացման եւ այլ հարցեր: Իսկ նախկինում հնչեցված սպառնալիքներին էլ ավելացան նորերը. օդային շրջափակման դիպաշարեր, դրանում ներգրավելով Հայաստանին, Թուրքիային, եւ այդ ամենը` զուգակցված «ռազմական մկանների» ցուցադրությամբ: Շանտաժի իր քաղաքականությամբ Արեւմուտքի ու ԱՄՆ-ի համար Բաքուն կատարյալ էր դարձնում պատկերացող մղձավանջը` այդ կերպ հասնելով խնդրի միջանկյալ հանգուցալուծման որոշակի տարբերակի, որը թույլ կտար կանխել առաջին չվերթն ու պահել իր դեմքը… 

Շարունակությունը` հաջորդիվ

Ստեփան Սաֆարյան
Վերլուծաբան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter