HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր հէկ է կառուցել նաև բնապահպանության նախարարության աշխատակիցը

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-11 

Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելը շահավետ բիզնես է, եւ այս բիզնեսով սկսել են զբաղվել բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց հարազատներն ու բարեկամները, որոնց անուններով հաճախ ձևակերպված են այդ հէկերը։ 

Կոտայքի մարզի Գառնի համայնքում 3 փոքր հիդրոէլեկտրակայան է գործում, որոնցից մեկը կասկադ է, իսկ երկուսն ավելի հին են և կառուցված են գյուղից ներքև գտնվող ձորի մեջ: Առաջինը «Գառնի» անունը կրող փոքր հէկն է: Հիմնադրվել է 2004թ. և, ըստ լիցենզիայի, գործելու է մինչև 2019թ.: «Գառնի» փոքր հիդրոէլեկտրակայանը 1000  կՎտ դրվածքային հզորության է, այն ոչ թե բնական ջրահոսքի, այսինքն` գետի վրա է, այլ հաշվարկային հէկ է՝ կառուցված է Գառնի գյուղի ոռոգման ջրատարի գործող դյուկերի վրա: 

«Գառնի» փհէկը գործարկում է «Նարէներգո» ՍՊԸ-ն: «Նարէներգո»-ի հիմնադիրներից մեկը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանն է, մյուսը նրա ազգականն է` Յուրիկ Նարիմանյանը: 

Վոլոդյա Նարիմանյանից փորձեցինք ճշտել, թե ինչ կապ ունի ինքը այս հէկի հետ: Սկզբում, երբ հարցրինք՝ արդյոք իրե՞ն է պատկանում հէկը, Վ. Նարիմանյանը ժխտեց. «Իմ հէկը չի դա»: Մեր հաջորդ հարցին, թե ումն է, պատասխանեց, թե չգիտի: Վ. Նարիմանյանին հիշեցրինք, որ «Նարէներգո» ՍՊԸ-ում ինքը գրանցված է որպես հիմնադիր, որից հետո նա խոստովանեց, որ մասնակցություն ունեցել է, հիմա չունի: 

«Նախաձեռնություն ենք արել կառուցելու, դրանից հետո ես մասնակցություն չունեմ,- ասաց Վ. Նարիմանյանը և շարունակեց,- երբ աշխատանքները սկսվել են, ես հավատարմագրային կառավարման եմ հանձնել մեկ ուրիշին ու հիմա մասնակցություն չունեմ»: Թե ում է տվել հավատարմագրային կառավարման, Վ. Նարիմանյանն այդպես էլ չցանկացավ ասել: 

«Շահույթ ստանու՞մ եք հէկից» մեր հարցին Վ. Նարիմանյանի պատասխանն անորոշ էր. «Դեռ չեմ ստացել կամ ստացել եմ, դա ի՞նչ կապ ունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter