HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխարժեքի արժեւորումը Հայաստանում. անխուսափելի ծուղա՞կ, թե՞ վատ քաղաքականության հետեւանք

Մաս առաջին

Մոտավորապես վերջին 18 ամիսներին հայկական արժույթի` դրամի սաստիկ արժեւորման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանում ծնել են բանավեճեր եւ իրար են խառնել հույզեր:

Բանավիճող երկու կողմերից էլ թվեր են տարածում` առանց բացատրելու ոչ տնտեսագետ հանրությանը, թե դրանք ինչ կարող են նշանակել տնտեսվարող սուբյեկտների շարժառիթների համար այսօր եւ տնտեսության համար` ապագայում: Այս հոդվածի շրջանակներում ես կփորձեմ անել հենց դա: Կփորձեմ որոշակի լույս սփռել այն բանի վրա, թե ինչու եմ կարծում, որ դրամի փոխարժեքի արժեւորմանը զուգորդվող քաղաքականությունը (իր տնտեսական բոլոր հետեւանքներով) սխալ է եւ անընդունակ ընդդիմանալու այդ արժեւորման հիմնական պատճառներին: Առանց վտանգելու ներկայացվելիք ընդհանուր փաստարկի ուժը եւ ավելի լայն լսարանի (ոչ մասնագիտական) հասկանալի լինելու համար ես զերծ կմնամ վիճակագրությանը հղումներ անելուց, քանզի դրանք լայնորեն հասանելի են հայկական եւ միջազգային աղբյուրներից. տնտեսագիտական ինտուիցիան եւ մի քանի հիմնական փաստեր մեզ բավարար կլինեն: Մենք կդիտարկենք այս հարցին վերաբերող հիմնական տեսական փաստարկները եւ մանրամասնորեն կքննարկենք Հայաստանի յուրահատկությունները: Մինչ եզրակացությունների հանգելը մենք նաեւ կդիտարկենք դրամավարկային եւ բյուջետային քաղաքականության առումով հնարավոր պատասխան միջոցները, որոնք կարող էին իրագործվել 2 տարի առաջ, երբ իրավիճակը դեռ նոր էր վատանում եւ նույնիսկ այսօր, եւ կհամեմատենք դրանք իրականում որդեգրված քաղաքականության հետ:

Փաստեր եւ տնտեսագիտական հիմնական տեսություն  

Սկսենք բոլոր փաստերի եւ տեսական կանխագուշակումների թվարկումից, որը մեզ կօգնի հասկանալ խնդրի էությունը:

  1. Ամեն տարի Հայաստանը ստանում է մեծածավալ եւ կայուն դրամական փոխանցումներ (իր համախառն ներքին արդյունքի մոտ 1/5-ը): Սա` ի հավելումն արտասահմանյան անմիջական ներդրումների, որոնց գրավում է տնտեսությունը, ինչպես նաեւ բյուջեի ստացած վարկերի ու օգնությունների (հիմնականում` Համաշխարհային բանկից, բայց նաեւ` Մեծ յոթնյակի կառավարություններից):
  2. Հիմնական հոսքերը` հատկապես այս մեծության հոսքերը, անվանական փոխարժեքի (այն է` արտարժույթի մեկ միավորի դիմաց վճարվող դրամի քանակի) արժեւորման պատճառ են դառնում, քանի որ այդ մեծածավալ եւ տարեցտարի մեծացող արտարժույթի հոսքը երկիր մուտք գործելուն պես փոխանակվում է դրամի փոքրաթիվ եւ ֆիքսված քանակի հետ: Եթե ներքին շուկայում վաճառվող ապրանքների գները չեն իջնում` արտահայտելով անվանական փոխարժեքի այս արժեւորումը (քանի որ այդ ապրանքների մի որոշ մաս ներկրված է), ուրեմն իրական փոխարժեքը (այն է` արտարժույթի մեկ միավորով ներքին շուկայում գնված ապրանքի քանակը) նույնպես անպայման կարժեւորվի:
  3. Իրական փոխարժեքի արժեւորումը նվազեցնում է արտաքին մրցունակությունը եւ վնասում արտահանող ընկերություններին` հիմնականում նվազեցնելով արտահանվող ապրանքի քանակը: Այն նաեւ էժանացնում է ներկրվող ապրանքի գները եւ այդ պատճառով էլ մեծացնում է ներկրումների հոսքը: Փոքրածավալ արտահանման եւ մեծածավալ ներկրման զուգակցումը բերում է մեծ առեւտրային դեֆիցիտի:
  4. Անհրաժեշտության դեպքում եւ ճիշտ հանգամանքներում դրամավարկային, ֆինանսաբյուջետային, ինչպես նաեւ կառուցվածքային քաղաքականության չափորոշիչները կարող են օգտագործվել` փոխարժեքի արժեւորումը կանխելու համար եւ այդպիսով մեղմացնելու նրա ազդեցությունը առեւտրային հավասարակշռության եւ տնտեսության վրա:

Գնահատման հիմքեր

Մինչ Հայաստանի հանգամանքներում որդեգրված քաղաքականության գնահատականին անդրադառնալը, թույլ տվեք ներկայացնել քաղաքականության արդյունավետության գնահատման որոշ չափանիշներ: Իսկապես, մինչեւ քաղաքականության արդյունավետությունը գնահատելը անհրաժեշտ է պատասխանել հետեւյալ հարցերին.

  1. Փոխարժեքի արժեւորման հետեւանքները տնտեսության վրա ընդհանուր առմամբ դրակա՞ն են, թե՞ բացասական: Միանգամայն հնարավոր է, որ քաղաքականություն մշակողները առարկաները այլ կերպ տեսնեն եւ որոշեն չմիջամտել` մտածելով, որ փոխարժեքի արժեւորումից տնտեսությունը շահում է:
  2. Եթե փոխարժեքի արժեւորման ընդհանուր հետեւանքները բացասական են, ո՞ր պարագաներում քաղաքականություն մշակողները կմիջամտեն, որպեսզի մեղմեն այդ բացասական հետեւանքները: Միանգամայն հնարավոր է, որ չնայած ընդհանուր առմամբ հետեւանքները բացասական են, միջամտելը կարող է օպտիմալ տարբերակ չլինել, կամ էլ առկա միջոցները անարդյունավետ լինեն իրավիճակը կարգավորելու համար:

Առաջին հարցի պատասխանը համեմատաբար դյուրին է: Շատ մակրոտնտեսագետներ կհամաձայնեն, որ իրական փոխարժեքի արժեւորման օգուտները մեծաթիվ չեն: Դրանցից հիմնականը ներկրվող ապրանքների ավելի ցածր դրամով արտահայտված գինն է: Սա սովորաբար բերում է նրան, որ ներքին սպառողների գրպաններում ավելի շատ գումար կմնա (եթե գնորդները որոշեն շարունակել գնել ներկրված ապրանքների նույն քանակը, որովհետեւ այն ավելի էժան է այժմ), կամ ավելի շատ ներկրված ապրանքներ կսպառվեն (քանի որ սպառողները ներքին թանկ արտադրանքը կփոխարինեն էժան ներկրվածով): Բոլոր դեպքերում Հայաստանի ընկերությունների եւ անհատների սպառած ապրանքների ու ծառայությունների զամբյուղի ընդհանուր գինը կիջնի: Այնուամենայնիվ, սա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ ներքին գներն ազատ թողնվեն, այսինքն` երբ ներկրող ընկերությունները ցանկանան անվանական փոխարժեքի արժեւորումից ստացված իրենց շահույթի մի մասը ներքին շուկայի սպառողներին, այսպես ասած, փոխանցել` վերջիններիս իրենց ապրանքը համապատասխանաբար ցածր գնով վաճառելով: Սակայն, մրցակցությունը անհրաժեշտ նախապայման է այս կապի իրականացման համար, քանի որ մենաշնորհ ունեցող ներկրողները այս ամենը կամավոր չեն անի, այլ կնախընտրեն շարունակել սպառողներին վաճառել ներկրված ապրանքները հին գներով, որոնք եղել են մինչեւ փոխարժեքի արժեւորումը:

Այնուամենայնիվ, եթե կառուցվածքային խնդիրների (օր.` ներկրողների մենաշնորհը կամ էլ ներկրվող ապրանքների վարչական գները) պատճառով ներքին գները չեն կարգավորվում, փոխարժեքի արժեւորումը ոչ մի օգուտ չի տա ներքին սպառողներին եւ հավասարազոր կլինի սուբսիդիայի արտահանողից ներկրողին, ինչը տնտեսության համար կունենա լուրջ ու երկարատեւ հետեւանքներ: Մենք սա կներկայցնենք ստորեւ:

Փոխարժեքի արժեւորման օգուտներից են նաեւ հնարավոր դեդոլարիզացիան (քանի որ փոխարժեքի արժեւորումը մարդկանց դրդում է խնայողությունները պահել ներքին արժույթով) եւ այն, որ նվազում են արտարժույթային պետական պարտքերը եւ նրանց սպասարկումը (որովհետեւ պետական բյուջեն մեկ դոլարի պարտքը վճարելու համար ավելի քիչ դրամ կծախսի): Այնուամենայնիվ, մասնավորապես Հայաստանի պարագայում (որտեղ Կենտրոնական բանկը դրամական քաղաքականությունը կառավարելու հարցում բավական կշիռ ունի, եւ կառավարության արտաքին պարտքն էլ քիչ է) սրանք փոխարժեքի արժեւորման պակաս կարեւոր հետեւանքներ են եւ այս քննարկման շրջանակներից դուրս կմնան:

Ի տարբերություն վերոնշյալ օգուտների` փոխարժեքի արժեւորումը տնտեսության վրա կարող է նշանակալի ու երկարատեւ բացասական ազդեցություն ունենալ: Սրա հիմնական բաղադրիչը արտահանողների (ովքեր ներքին արտադրության ապրանքներ եւ ծառայություններ են վաճառում օտարերկրացիներին արտասահմանում կամ էլ Հայաստանում) շահույթի եւ մրցունակության կորուստն է: Չնայած այս ազդեցության ճշգրիտ չափը տնտեսության (եւ արտադրողները, եւ սպառողները) վրա դժվար է կանխագուշակել, հնարավոր է, որ այն լինի ծավալուն ու Հայաստանի ֆինանսական սեկտորի զարգացման մակարդակ ունեցող երկրում` նաեւ անդառնալի: Արտադրողը, որն իր եկամտի զգալի մասը ստանում է արտահանումից եւ հումքն ու աշխատուժը գնում է Հայաստանում, շահույթի կորուստ կունենա, որովհետեւ այժմ նա իր արտադրանքը վաճառելուց ավելի քիչ դրամ է վաստակում ( արժեւորման պատճառով ), բայց շարունակում է հումքի ու աշխատուժի համար նախկին արժեքը վճարել: Արժեւորման որոշակի չափից հետո արտադրողը կորուստներ կկրի: Ցուցադրենք սա օրինակով: Արտադրողը, որն իր ապրանքն արտասահմանցիներին վաճառելուց ստանում է 1000 դրամ եւ 800 դրամ է վճարում աշխատավարձի ու հումքի համար, փոխարժեքի 30 տոկոս արժեւորման դեպքում բացասական շահույթ կունենա. նրա եկամուտն այժմ կլինի 700 դրամ, մինչդեռ փոխարենը պետք է ծախսի նույն 800 դրամը աշխատավարձի եւ հումքի վրա: Եթե արտադրողը ցանկանում է նվազեցնել իր կորուստները, ապա նա կամ կկրճատի արտադրանքի ծավալը (իր ընդհանուր ծախսերը նվազեցնելու համար), կամ էլ հնարավորին չափով ներմուծված հումք կօգտագործի արտադրության մեջ, եթե վերջինիս գինը արժեւորման պատճառով այժմ ավելի էժան է: (Եթե ցանկանում եք իմանալ, թե արդյոք արտահանողը չի՞ կարող իր ավելի բարձր գները թելադրել արտերկրում, որպեսզի ծածկի իր կորուստները, ապա պատասխանը ոչ է, որովհետեւ այնտեղ գները կարգավորվում են տեղի շուկայի կողմից եւ, ուրեմն, դուրս են արտահանողի վերահսկողությունից: Նա այդ գները սահմանում է ըստ դրսի շուկայի): Եթե, այնուամենայնիվ, փոխարժեքի արժեւորման հետեւանքով ներկրված ապրանքների գները չեն ընկնում (ինչն էլ հնարավոր է տեղի ունենա Հայաստանում, որտեղ ներկրումները մենաշնորհային բնույթ ունեն), արտադրողի միակ ընտրությունը արտադրանքի ծավալը կրճատելն է: Սա աշխատուժի կրճատման անհրաժեշտություն կառաջացնի: Եվ մինչդեռ աշխատանքից ազատված մարդիկ թերեւս հնարավորություն կունենան ներկրված ավելի էժան ապրանքներ գնել, նրանք այլեւս դրա համար աշխատավարձ չեն ունենա: Հեշտ իրավիճակ չէ, այնպես չէ՞: Միասին վերցրած այս ամենն, անշուշտ, կբերի նվազ արտահանման եւ համախառն ներքին արդյունքի ցածր (կամ անգամ բացասական) աճի:

Քննադատները անշուշտ կասեն, որ արտադրողները միշտ էլ այլընտրանք ունեն. նրանք կարող են նոր տեխնոլոգիաներով ներդրումներ կատարել, ինչն ավելի արդյունավետ է եւ կօգնի նրանց «դիմանալ արժեւորման ցնցումներին»: Սակայն նշենք, որ տեխնոլոգիական ներդրումները ծախսատար են, ու քչերը կվիճարկեն այն, որ ներդրումներ կատարելու լավագույն ժամանակն այն է, երբ քո արտադրությունը շահութաբեր է: Հետեւաբար, մինչդեռ նոր տեխնոլոգիաներ ներդնելը տեսականորեն հնարավոր է, իրականում, երբ արտադրողների շահութաբերությունը ցածր է ( կամ էլ նրանք կորուստներ են կրում ), իսկ ֆինանսական համակարգի անկատարության պատճառով վարկային ֆոնդեր ձեռք բերելու հնարավորությունները սահմանափակ են, այս ամենը մնում է գեթ որպես ցանկություն:

Քննադատները նաեւ կասեն, թե դրամը արժեզրկված էր, եւ որ որ այդ պատճառով փոխարժեքի արժեւորումն անխուսափելի էր: Տեսականորեն միանգամայն հնարավոր է, որ դրամն արժեզրկված լիներ, չնայած ասեմ, որ անգամ բարձրորակ տնտեսագետների համար ընդհանրապես դժվար է այս մասին եզրակացություններ անելը, քանի որ դրա համար լավ տվյալներ եւ լուրջ տնտեսագիտական վերլուծություն է պահանջվում, ինչը ես դեռ չեմ տեսել Հայաստանում: Նայելով Հայաստանի առեւտրային բալանսին` դժվարանում եմ պատկերացնել, որ դրամի գինը կարող էր արժեզրկված լինել. Հայաստանի մեծածավալ եւ շարունակական առեւտրային դեֆիցիտը խոսում է հակառակի մասին, եւ այն դրամի հավելյալ արժեզրկման (եւ ոչ արժեւորման) ապագայի մի ազդակ է, որը պետք է որ ապահովի երկրից դուրս ու ներս ապրանքների հոսքի հավասարակշռությունը եւ բերի առեւտրային բալանսի: Այլ կերպ ասած` այն պարագայում, երբ արտարժույթի պահանջարկը (այսինքն` առեւտրի ներհոսքը) գերազանցում է արտարժույթի առաջարկը (այսինքն` առեւտրի արտահոսքը), արտարժույթի գինը դրամով պետք է բարձրանա (եւ ոչ թե իջնի): Ցանկացած դեպքում, նույնիսկ եթե դրամը արժեզրկված էլ լիներ, այս կարգավորումը չպետք է հանկարծակի տեղի ունենար կամ էլ լիներ ոչ օպտիմալ քաղաքականության արդյունք, նույնիսկ եթե այդ արժեւորումը մեկ այլ, անկախ գործոնի (ինչպիսին է դրամական փոխանցումների ուժեղ հոսքը) ուղղակի արդյունք է: Այնպիսի տնտեսությունում, ինչպիսին Հայաստանինն է (նկատի ունենալով դրա զարգացման մակարդակը), փոխարժեքի արժեւորում անխուսափելիորեն տեղի կունենա, բայց աստիճանաբար` որպես արտադրության եւ արդյունաբերության բարելավման արդյունք` երեւույթ, որը տնտեսագիտության մեջ կոչվում է Բալասսա-Սամուելսոնի էֆեկտ

Նժդեհ Մելքոնյանը տնտեսագետ է, ապրում է ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում եւ մասնագիտանում է տնտեսական զարգացման հարցերում` ներառյալ անցումային տնտեսությունների ոլորտը

Հոդվածը թարգմանված է անգլերենից, անգլերեն տարբերակը կարող եք կարդալ այստեղ:  

19.03.2007

Նժդեհ Մելքոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter