HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կտեղափոխվի՞, արդյոք, Հյուսիսային պողոտան

Մարտի 23-ին Երեւանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ ստուգայց են կատարել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, Բաբայան փողոցին հարող տարածքում եւ պարզել, որ այդտեղ կատարվել են ապօրինի հողազավթումներ եւ իրականացվել է շինարարություն:

Այդ ապօրինությունները կատարել են երեք գեներալները, որոնք եւ մարտի 23-ի երեկոյան ժամը 20-ին հրավիրվել են Երեւանի գլխավոր ճարտարապետի մոտ: Գեներալներից երկուսը, ինչպես նշել էինք, Հայկազ Բաղմանյանը եւ Սեյրան Սարոյանն են: Երրորդի անունը մեր աղբյուրները համառորեն չեն տալիս` նշելով միայն, որ «նորմալ գեներալ է»:

Հանդիպմանը, որին ներկա է եղել նաեւ այգու այդ հատվածի ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, քննարկվել են գեներալների կողմից ապօրինի հողազավթումների փաստերը, որոնց պատճառով հնարավոր է` ձախողվի Հյուսիսային պողոտա եւ Հյուսիսային ճառագայթ ծրագիրը: Ծրագրով ճանապարհը պետք է դուրս գար Կասկադի մոտ, սակայն այն հիմա դեմ է առնում գեներալ Բաղմանյանի առանձնատան պարիսպներին: Այս հանդիպմանը դրվել է պարիսպները քանդելու հարցը: Արդյո՞ք Հայաստանում հնարավոր կլինի գեներալի առանձնատան պարիսպ քանդել: Եթե հաջողվի, ապա դա կլինի բանակի պարտության առաջին դեպքը:

Հայկազ Բաղմանյանն իր առանձնատունն այստեղ սկսել է կառուցել մինչեւ 1998-ը: Ընդ որում, առանց թույլտվության. ուղղակի մտքով անցել է այդտեղ տուն կառուցել եւ կառուցել է: Որեւէ պետական կառույց նրան այդ թույլտվությունը չէր տվել: Պարզապես այդ անկյունում գտնվում է նրա բենզալցակայանը: Եվ նա իր լցակայանի հարեւանությամբ էլ կառուցել է իր առանձնատունը: Տունը կառուցելուց հետո այդ ապօրինի շինությունը օրինականացվել է: Հետո գեներալը սկսել է ընդլայնել իր կալվածքը եւ այդ գործընթացն առայսօր չի ավարտվել: Շուտով, ըստ երեւույթին, նրա հերթական հողազավթումը նորից կօրինականացվի եւ այսպես շարունակ. նրան կանգնեցնող չկա: Մյուս գեներալին` Սեյրան Սարոյանին հողհատկացումը կատարել է քաղաքապետ Ալբերտ Բազեյանը` 2000 թվականին: Սեյրան Սարոյանի հողը, ըստ փաստաթղթերի, 400 քմ է: Այսօր նրա ցանկապատած տարածքը մի քանի հազար քմ է: Այստեղ գտնվող բոլոր առանձնատները նույն ձեւով են կառուցվել, առանց բացառության, ոչ մեկը իրեն հատկացված տարածքի չափը չի պահպանել: Մեր տվյալներով, այսօր տարածք է այցելելու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ծանոթանալու Հյուսիսային պողոտայի եւ ճառագայթի կառուցման ընթացքին: Հուսով ենք, նախագահին տեղյակ են պահել դրանց սպառնացող վտանգի մասին: Տպագրում ենք «Առավոտի» հրապարակմանը քաղաքապետարանի պատասխանն ամբողջությամբ, քանի որ այն հզոր փաստարկ է մեր հետագա հետաքննության համար:

Հ.Գ. 23.03.02թ. «Երեւանում ծառատունկի՞ միամսյակ է» հոդվածի կապակցությամբ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող տարածքում կատարվող եւ նախատեսվող կառուցապատումների վերաբերյալ տրամադրվում են հետեւյալ տեղեկությունները:

Երեւանի քաղաքապետարանը վերը նշված տարածքում անց է կացրել երեք հողամասերի տրամադրման մրցույթ (երկու հողամասերը գտնվում են այգու տարածքից դուրս, իսկ մեկը` Հյուսիսային ճառագայթի կառուցապատման գոտում):

1. 14.11.2001թ. նիստում արձանագրված հողամասի վարձակալության մրցույթի հաղթող է ճանաչվել քաղաքացի Գագիկ Աբրահամյանը, որը պարտավորվել է իր միջոցների հաշվին իրականացնել Հյուսիսային ճառագայթի` մինչեւ 50-ամյակի կոթողն ընկած նախագծային ճանապարհի շինարարությունը, ինչպես նաեւ այգու վերակառուցումը: Այգու վերականգնման աշխատանքներն արդեն իսկ սկսվել են եւ տնկվել է շուրջ 125 ծառ:

2. 24.01.2002թ. նիստում արձանագրված հողամասի վարձակալության մրցույթի հաղթող է ճանաչվել «Հրաչյա Աճառյան» համալսարան» արտադրական կոոպերատիվը:

3. 06.03.2002թ. նիստում արձանագրված հողամասի վարձակալության մրցույթի հաղթող է ճանաչվել քաղաքացի Արսեն Խաչատրյանը:

Գեներալներ Հայկազ Բաղմանյանի եւ Սեյրան Սարոյանի բնակելի առաձնատների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Հայկազ Բաղմանյանը բնակվում է նշված տանը 1994-ից, իսկ Սեյրան Սարոյանի բնակելի տան շինարարության վերաբերյալ որոշումը կայացվել է դեռեւս 2000 թվականին` մինչեւ ՀՀ հողային նոր օրենսգրքի ընդունումը:

Ինչ վերաբերում է տարածքներից մեկը` ՀՀ նախագահի ազգականին պատկանելությանը, ապա հայտնում ենք, որ դա լրագրողներին տեղեկատվություն հաղորդած բնակիչների երեւակայության արգասիքն է:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter