
Աքորիում գումարներն ուղղվել են ոռոգման ջրի ապահովմանը, սակայն հողերը չեն մշակվել՝ ջուր չլինելու պատճառով (վիդեո)
Նոյեմբերի 28-ին Աքորու գյուղամիջում հավաքված գյուղացիները խնդրեցին Կառավարությանը հայտնել իրենց ոռոգման ջրի խնդրի մասին: Աքորեցիներն ասում են, որ ոռոգման ջրի պատճառով տարիներ շարունակ չեն մշակել անգամ գյուղին ամենամոտ «Տափի դուզ» հանդամասի 40 հա վարելահողերն ու իրենց տնամերձ հողամասերը:
«Մենակ կառավարությունը հասկանա ու մեզ ոռոգման ջուր տա, մեղք է էս ժողովուրդը»,- ասաց աքորեցի Էդիկ Պետրոսյանը: «Գյուղում մի քանի տուն ունի ոռոգման ջուր, էն էլ վերի թաղումը»,- ավելացրեց Հրանտ Մարտիրոսյանը: Վերջիններիս նշեցին, որ հողը չմշակելու պատճառով գյուղի երիտասարդությունը կտրվում է հողից:
Լոռու մարզի Աքորի գյուղի ոռոգման ջրի խնդիրը չի լուծվել նախկին համայնքապետ Կամո Սիմոնյանի՝ վերջին 10 տարում այդ նպատակով պետբյուջեի և դոնոր կազմակերպությունների ֆինանսական միջոցներն անարդյունավետ ծախսելու պատճառով:
«Հետքը» դեռևս 2009թ. ահազանգել է Կամո Սիմոնյանի՝ ոչ միայն ոռոգման ջրի, այլև համայնքի բյուջեի բնապահպանական սուբվենցիաների անարդյունավետ ծախսումների մասին: Լոռու մարզային դատախազությունը թերթի հրապարակումների հիման վրա 2009թ. քրեական գործ էր հարուցել, որը մեկ տարուց ավելի ձգձգվելուց հետո փակվեց մարզի դատախազ Կարեն Շահբազյանի ցուցումով:
Երեկ Աքորու համայնքապետարանի հաշվապահությունից տեղեկացանք, որ գյուղի 210 հա վարելահողերի ոռոգման համար 2004թ. ՄԱԿ-ի «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության 43 մլն դրամ և համայնքի բյուջեի 12 մլն դրամ ներդրումներով կառուցվել է «Չափրելաձոր-Աքորի» ոռոգման ջրատարը:
«Այս ջրատարի ջրով ոռոգվել են ընդամենը գյուղի վերին թաղամասի տնամերձերը»,- ասում են աքորեցիներ Հրանտ Սիմոնյանը, Էդիկ Պետրոսյանը, Հրանտ Մարտիրոսյանը և ուրիշներ:
«Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրից 2004թ. 1 մլն 150 հազար դրամ է հատկացվել Աքորու «Թալենի» հանդամասի ոռոգման ջրամբարի 3 կմ երկարությամբ ջրագիծը վերանորոգելու համար:
Պետբյուջեից 2007թ. համայնքի բյուջեին հատկացված բնապահպանական սուբվենցիայի 2 մլն 898 հազար դրամը հատկացվել է Կաճաճկուտ գյուղից Աքորի իջնող փողոցի վրա տեղադրված ոռոգման ջրագծի վերանորոգմանը:
2008թ. «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով 3 մլն 897 հազար դրամ է հատկացվել գյուղի ոռոգման ջրամբարի և 900 գծ/մ երկարությամբ ջրագծի վերանորոգմանը: Աքորիում 2008թ. պետբյուջեից հատկացված բնապահպանական սուբվենցիայի 6 մլն 841 հազար դրամ ներդրումով կառուցվել է ոռոգման նոր ջրագիծ:
Գյուղի 4-րդ փողոցի ջրագծի՝ գյուղամիջից մինչև գյուղի գերեզմանատուն հատվածը վերանորոգելու համար համայնքի բյուջեի 2009թ. բնապահպանական սուբվենցիայից ծախսվել է 8 մլն 685 200 դրամ: Նույն 2009 թ.-ին համայնքի բյուջեի բնապահպանական սուբվենցիայից 1 մլն 030 հազար դրամ է ծախսվել 9-րդ փողոցի ոռոգման ջրագծի վերանորոգման համար:
Աքորու համայնքապետարանի հաշվապահ Սոխակ Դալլաքյանը նոյեմբերի 28-ին «Հետք»-ին հաղորդեց, որ համայնքի բնապահպանական ծրագրով ևս 1 մլն 096 հազար դրամ է ծախսվել ոռոգման ջրագծերից մեկի վերանորոգման համար, սակայն չհիշեց, թե որ ջրագծի համար է ծախսվել այդ գումարը:
Կատարված ծախսերի արդյունքում գյուղացիների ոռոգման ջրի խնդիրը չի լուծվել: Աքորեցիներին տեղեկացրի իրենց ոռոգման ջրով ապահովելու համար կատարված պատկառելի ծախսերի մասին, որին նրանք այսպես արձագանքեցին. «Էդ վերևներն են կերել, դա մենակ համայնքապետ Կամո Սիմոնյանի գործ չի»:
Աքորիում ոռոգման ջրի ակունքներն առատ են: Գյուղացիներն այդ առիթով մատնանշում են ոչ միայն գյուղի «Չափրելաձոր» հանդամասի ու Լալվար սարի լեռնային աղբյուրների ջրերը, այլև Դեբեդ գետից պոմպերով Աքորի ջուր բարձրացնելու հնարավորությունը:
Աքորու նորընտիր համայնքապետ Հրահատ Սիմոնյանը, հաշվի առնելով համայնքի զարգացման գործում ոռոգման ջրի խիստ կարևորությունը, որոշել է գյուղի զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագրով վերջնականապես լուծել ոռոգման ջրի խնդիրը: Համայնքապետը խնդիրը լուծելու համար համայնքի բյուջեից կատարելու է նոր ֆինանսական հատկացումներ:
Հրահատ Սիմոնյանն ասում է, որ արդեն պատրաստել է Աքորի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագրի իր առաջարկությունները: Աքորիում հողը չմշակելու մյուս կարևոր պատճառը գյուղտեխնիկայի պակասն է: «Մի տրակտոր ունենք, այն էլ չի աշխատում, համայնքապետարանի տրակտորն է»,- ասում է Էդիկ Պետրոսյանը:
Աքորեցի Հրանտ Սիմոնյանը դժգոհում է գյուղում ջեռուցման դժվարություններից: Գազը թանկ է, անտառի փայտն էլ վերջին շրջանում ոստիկանների սահմանած հսկողության արդյունքում անմատչելի է դարձել թոշակառու գյուղացիներին:
Աքորի համայնքի 2009-2012թթ. քառամյա ծրագրով նախկին համայնքապետ Կամո Սիմոնյանը նախատեսել էր 3 ծրագիր: Նախատեսվածից գյուղի մշակույթի կենտրոնի կապիտալ վերանորոգման ծրագիրը չի իրականացվել:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Թաթոյանը չհիշեց, թե վերջին անգամ երբ է վերանորոգվել մշակույթի կենտրոնի շենքը: «Հիմա կենտրոնում ոչ մի խմբակ չունենք, գյուղացիների համար մշակութային միջոցառումներ չենք կազմակերպում»,- ասաց տնօրենը:
Աքորեցիների բարձրացրած խնդիրներն առաջիկա երկու ամսվա ընթացքում կքննարկվեն համայնքի ավագանու նիստում: Հրահատ Սիմոնյանը հավաստիացնում է, որ քառամյա ծրագրի քննարկմանը անպայման մասնակից է դարձնելու բանիմաց և համայնքի հոգսերով ապրող գյուղացիներին:
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել