HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ ՀՀ և ԼՂՀ նախագահներին` հանուն Գանձասարի

Մեծարգո ՀՀ նախագահ պրն Ս. Սարգսյան
Մեծարգո ԼՂՀ նախագա պրն Բ. Սահակյան

Գանձասարի վանքային համալիրի պարիսպների ճակատների սալիկապատման աշխատանքները 2011թ.մասնագիտական և հանրային մեծ քննադատական ալիք բարձրացրին: Այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմին կից հանրային խորհրդում, Արցախի համապատասխան իրավասու մարմիններում և մասնագիտական ու հասարակական կազմակերպություններում քննարկումների արդյունքում դադարեցվեցին:

Հույս ունեինք, որ այս դադարի ընթացքում կկատարվեր սթափ և մասնագիտորեն ճիշտ որոշում, սակայն կատարվեց ճիշտ հակառակը` 2012թ.աշխատանքները ֆինանսավորող բարերարը, հավանաբար ստանալով այսօրվա որոշ իշխանավորների և հոգևոր առաջնորդարանի հրահանգ-համաձայնությունները/առանց որի չէր կարող լինել/, շարունակում է վանքի պատմական պարսպապատերի սալիկապատման-պճնման աշխատանքները:

Քանի որ երևույթը և գործող անձինք նույնն են, ինչ 2011թ., ուստի ՀՀ Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիան իր տեսակետը խնդրին արտահայտում է կից ներկայացվող 2011թ. ընդունած որոշմամբ, ավելացնելով հետևյալը.  քանի որ հիշյալ հարցը նորից բարձրացվում է նման աղմկահարույց քննարկումներից հետո, ուստի այսօրվա որոշ իշխանավորների կողմից /մեզ համար ՀՀ և Արցախի իշխանությունները համարժեք են/ հաստատվում է մասնագետների կարծիքը ոչ միայն չհարգելու, այլև կարծես միտումնավոր դրան հակառակ գործելու սկզբունքը, ընդ որում` այս անգամ Ի ՀԱՇԻՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ և ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ հուշարձանի, /ցավալիորեն հավանաբար որևե կերպ աջակցություն ստանալով նաև հոգևոր առաջնորդարանից/:

Վերոնշյալը համարելով նաև պետական-ազգային նշանակության հարց և այլ ճանապարհ չունենալով` Ասոցիացիան իր մասնագիտական և քաղաքացիական պարտքն է համարում դիմել ՀՀ և Արցախի նախագահներին` խնդրելով ներազդել հիշյալ գործընթացը օրինական և մասնագիտական դաշտ բերելու, հետևաբար նաև բարերարի գումարները նպատակային օգտագործելու համար, քանի որ նման գործելակերպը պատմաճարտարապետական արժեքի հանդեպ պատվաբեր չէ ցանկացած պետության,/ նաև բարեգործության/ համար և ավելորդ բացասական վարկանիշ է ստեղծում մասնագիտական հայկական և միջազգային շրջանակներում, հետևաբար զրկելով նաև հուշարձանը համաշխարհային արժեքների ցանկում ներկայացնելու իրավունքից /նման կոպիտ միջամտությունները հակասում են և անթույլատրելի են հուշարձանների վերականգնման միջազգային ընդունված չափորոշիչներով/, իսկ այս փաստարկը հասկանալի պատճառներով հայ գենոֆոնդի համար, կարծում ենք, գերխնդիրներից մեկը պետք է լինի, վերջին հաշվով սա, լինելով վատ նախադեպ, կարող է դառնալ նաև բացասական վարակիչ երևույթ…

Կարծում ենք` մենք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ենք, ուստի բոլորս անկախ դիրքից, պաշտոնից, մասնագիտությունից և ունեցած կարողությունից, մեր կատարած քայլերով պատասխանատու ենք պետության գրված և չգրված օրենքների առաջ, հարգանք ու ակնածանք ունենալով ՍԵՓԱԿԱՆ ժողովրդի ստեղծած ազգային, առավել ևս համաշխարհային արժեքների հանդեպ:

Հուսով ենք Ձեր միջամտությամբ կատարվող աշխատանքները անհապաղ կդադարեցվեն և այս խնդիրը կստանա ճիշտ լուծում, որի հետագա մասնագիտական ընթացքի համար անհրաժեշտության դեպքում ասոցիացիան պատրաստ է համագործակցության ցանկացած ձևաչափով հանուն ԳԱՆՁԱՍԱՐԻ համալիրի, այլապես կատարված աշխատանքները ժամանակի քննությանը միևնույն է չեն դիմակայելու և վաղ թե ուշ քանդվելու են, ափսոս են և գումարները, և ժամանակը, այն դեպքում, երբ վանքի հիմնական կառույցները դրանց կարիքը խիստ զգում են:

Նախապես հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Հարգանքներով`

Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիա
Նախագահ՝ Գ.Սողոմոնյան
Փոխնախագահ` Ս.Նալբանդյան
Քարտուղար` Հ. Սանամյան

2012թ., դեկտեմբեր 06

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter