HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նկարների «ընկերական» վաճառք, կամ փող աշխատելու արվեստը. Սլավոնականի ամբիոնի վարիչն ընդդեմ Ազգային պատկերասրահի աշխատակցի

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ Ստեփան Ծաղիկյանը 2004 թվականին Ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատող Կամո  Բադալյանի միջնորդությամբ գնել է ռուս նկարիչներ Պ. Կոնչալովսկու և Ա. Դեյնեկայի վրձնին պատկանող 4 նկարներ: Նա ձեռք է բերել Պ. Կոնչալովսկու «Աղաց», «Բնանկար կամրջով» և Ա. Դեյնեկայի «Բնանկար» և «Բելոօզյորսկ» նկարները:

Կամո Բադալյանն ասում է, որ նկարների վաճառքի միջնորդ է հանդիսացել և վաճառել է դրանք 2800 դոլարով, իսկ Ստեփան Ծաղիկյանն էլ իր հերթին պնդում է, որ այդ նկարները գնել է հենց Կամո Բադալյանից, և գնած նկարների համար վճարել է 5600 դոլար, այնուհետև պարզել է, որ դրանք բնօրինակները չեն: Ս. Ծաղիկյանի օգտին դատարանը վճիռներ է կայացրել՝ վտանգի տակ դնելով Կամո Բադալյանի և նրա ընտանիքի օթևանը՝ բռնագանձումը տարածելով նրանց տան վրա:

Կամո Բադալյանը նշում է, որ Ս. Ծաղիկյանը կարող էր ոչ թե իր միջնորդությամբ գնված, այլ բնօրինակների հետ կապ չունեցող ուրիշ նկարներ ուղարկել փորձաքննության և ստանալ այնպիսի եզրակացություններ, որոնք հետագայում ներկայացրել է: «Այդ նկարները ինքը գնել է 2004-ին, իսկ կեղծիքի մասին խոսել է միայն 4 տարի հետո` 2008-ին»,-նշում է Կ. Բադալյանը և նկատում, որ Ծաղիկյանը փորձում է կրկնակի փող աշխատել` իր դեմ մեղադրանքներ ներկայացնելով:

Նկարները գնելուց հետո` 2005 թվականին Ստեփան Ծաղիկյանը դրանք արտահանել է Ռուսաստանի Դաշնություն: Նկարները արտահանելու թույլտվություն ստանալու համար դրանք պետք է փորձաքննության ենթարկվեն ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային արժեքների պահպանության վարչությունում: Ստեփան Ծաղիկյանին վաճառած 4 նկարները 2005թ. հունվարի 11-ին ոմն Հովհաննես Մեքինյանի կողմից ՌԴ արտահանելու կապակցությամբ փորձաքննության են ենթարկվել, և հաստատվել է դրանց բնօրինակներ լինելու և անվանի հեղինակներ Պ.Կոնչալովսկու և Ա. Դեյնեկայի  վրձնին պատկանելու փաստը: Այս կարևոր հանգամանքը, սակայն, Ս. Ծաղիկյանը թաքցրել է: Այն հայտնի է դարձել միայն Կամո Բադալյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի՝ 2011-ին Մշակույթի նախարարություն ուղարկած գրության պատասխանից հետո:

«Այդ փորձաքննությունն ինձ համար բացարձակապես նշանակություն չունի, որովհետև ՀՀ մշակութային և ոչ մի կազմակերպություն ռուսական արվեստի վերաբերյալ չի կարող իրական կարծիք հայտնել, բայց քանի որ դուրս բերելու համար այդ փորձաքննությունը պետք էր, այդ ամենն արվել է, և արել է հենց Կամո Բադալյանը և ընկերը` ոմն Հովիկը, որովհետև ես գտնվել եմ Ռուսաստանում»,- այսպես է հիմնավորում Ստեփան Ծաղիկյանը` ՌԴ-ում նորից փորձաքննելու իր նախաձեռնությունը և փորձաքննության անցկացման կազմակերպումը վերագրում Կամո Բադալյանին: Կամո Բադալյանն էլ պնդում է, որ ոմն Հովիկին ինքը չի ճանաչում և  ընդհանրապես երբևէ կապ չի ունեցել նրա հետ: Ավելին, մինչ փաստաբանի հարցումը՝ տեղյակ չի եղել նաև փորձաքննության մասին, այլապես դատարանում այդ փաստը իր օգտին կօգտագործեր:

Ս. Ծաղիկյանը ոստիկանությանը ներկայացրել է ՌԴ Տրետյակովի պետական պատկերասրահի բացասական եզրակացությունը: Ա. Դեյնեկայի վերաբերյալ Տրետյակովի պետական պատկերասրահի կողմից 30.05.2005թ. տրված փորձագիտական եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված «Բելոզյորսկ» և «Պեյզաժ» նկարները կատարվել են 20-րդ դարի 2-րդ կեսին անհայտ, ոչ պրոֆեսիոնալ նկարչի կողմից: Ա. Դեյնեկայի հեղինակությունը ժխտվել է: Իսկ Պ. Կոնչալովսկու նկարների վերաբերյալ ՌԴ «Արտքոնսալթինգ» ՓԲ ընկերության կողմից փորձաքննություն է անցկացվել նկարների վաճառքից երեք տարի անց` 2007-ին:  13.11.2007թ. և 20.11.2007թ. տրված փորձագիտական եզրակացություններով միանշանակ չի ժխտվել Պ. Կոնչալովսկու հեղինակությունը, սակայն նշվել է, որ «Մոստ» նկարում օգտագործված ջրաներկերը նախկին ԽՍՀՄ-ում թողարկվել են. կապույտը` 1955թ.-ից, իսկ կանաչը` 1964թ.-ից (հեղինակը մահացել է 1956-ին-Ք.Ա.): «Մելնիցա» նկարում նույնացված կապող ներկանյութի հիման վրա օգտագործված ջրաներկերը, որոնք վերաբերում են 20-րդ դարի 50-ական թվականների հետազոտված ստեղծագործություններին, փորձաքննության կատարման պահին չեն հանդիպել:

Ս. Ծաղիկյանն ասում է, որ փորձել է բանակցային ճանապարհով վերադարձնել նկարները կամ փոխարինել դրանք ուրիշներով: Համաձայնության չեն եկել: Եվ այդ պատճառով է շուրջ 4 տարի անց` 2009-ին դիմել ՀՀ ոստիկանության` մեղադրելով Կ.Բադալյանին խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու մեջ: Նյութերի նախապատրաստման փուլում Ծաղիկյանի ներկայացրած նկարները դատամշակութաբանական փորձաքննության են ենթարկվել: ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի»  եզրակացության համաձայն` նշված բոլոր գեղանկարները ստեղծագործվել են անհայտ հեղինակների կողմից և մշակութային արժեքներ չեն ներկայացնում: «Բելոզյորսկ» և «Պեյզաժ» նկարները գնահատվել են մոտ 70 000-ական ՀՀ դրամ, իսկ «Մոստ» և «Մելնիցա» գեղանկարները` մոտ 100 000-ական դրամ: Այս ամենով հանդերձ, ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործի հարուցումը մերժվել է Կ.Բադալյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառով:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը նշում է, որ ՀՀ մշակույթի նախարարության և մյուս փորձագիտական կառույցների քննած նմուշներում էական տարբերություններ կան` թե նկարների ֆիզիկական չափերի, թե նրանց վրա առկա հեղինակի մասին արձանագրության տեղի, թե մի քանի այլ հատկանիշներով, ինչը նշանակում է, որ տարբեր նկարներ են փորձաքննվել:

«Կարող էին Մշակույթի նախարարության համապատասխան վարչության մասնագետներն այնքան սխալվել, որ նկարների չափերը սխալ գրեին» մեր հարցին, Ս. Ծաղիկյանն այսպես է արձանգանքում. «Դա տեխնիկական դատարկ բան է, որ էստեղ չափել են իրենց մետրով, մի սանտիմ կամ 0.3 սանտիմ պակաս է եղել, ենթադրենք` սանտիմը լավ չեն չափել: Դուք հետևանքները ասեք, այսինքն` Ծաղիկյանը բան ու գործ չուներ, իր անթիվ գործերի մեջ էդքան գործ էի իրենից գնել, պրիտենզիա չունեի, էդ գործերը, որ ես իրական իրենից գնել եմ, մի հատ ուղեղներդ տրամաբանեք, էդ ճիշտ գործերը առել եմ, որին նորմալ գին եմ տվել, իրական արժեքը գուցե և ավել է, և ես տանում դա պահում եմ, ինքս նկարում, դա կեղծում եմ, ուրիշ բա՞ն եմ տանում»:

2010-թ. մարտին Ս. Ծաղիկյանը դիմել է դատարան, սակայն ոչ թե նկարների տերերի` Աշոտ Պետրոսյանի (Կոնչալովսկու երկու նկարները նրան են պատկանել) և ոմն ռուս զինվորական Սերգեյի (Դեյնեկայի նկարների տերը), այլ միջնորդ` Կամո Բադալյանի դեմ: Դատական գործում Աշոտ Պետրոսյանը և ռուս զինվորականը որպես երրորդ անձ չեն էլ ներգրավվում: «Ես Աշոտ Պետրոսյանից ոչինչ ձեռք չեմ բերել: Ասում էր, ինչ-որ զինվորականից է ձեռք բերել: Միայն քննությունից հետո ես իմացա, որ ոմն Աշոտ Պետրոսյանից է ձեռք բերել»,- ասում է Ս. Ծաղիկյանը: Աշոտ Պետրոսյանը մեզ հետ զրույցում հաստատում է, որ Կոնչալովսկու նկարներն իսկապես իրեն են պատկանել, և ինքն է վաճառել` Կամոյի միջոցով:

Ս.Ծաղիկյանը դատարանից պահանջել է ետ վերցնել նկարները և վերադարձնել դրանց դիմաց վճարված 5.600 դոլար գումարը և հատուցել փորձաքննությունների հետ կապված լրացուցիչ ծախսերը` 4.000 ԱՄՆ դոլարի չափով, ընդհանուր առմամբ 9.600 ԱՄՆ դոլար: Իսկ դատաքննության ընթացքում նա նաև պահանջել է Կամո Բադալյանից բռնագանձել 2007թ. նոյեմբերից  հաշվարկվող  բանկային տոկոսներ, ինչպես նաև իր կողմից նախապես վճարված պետական տուրքը` 75.000 դրամ: 

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ստեփան Ծաղիկյանը հայցը` չունենալով առք ու վաճառքի վերաբերյալ գրավոր որևէ փաստաթուղթ: Դատավոր Սուրեն Ղազարյանը հիմնվել է Ստեփան Ծաղիկյանի բանավոր այն պնդման վրա, որ ինքը  Կամո Բադալյանին վճարել է 5.600 ԱՄՆ դոլար գումար նկարների դիմաց: Ս. Ծաղիկյանը դատարան է չի ներկայացրել նաև փորձաքննության արդյունքները: Նա ընդամենը ներկայացրել է անդորրագրեր, համաձայն որոնց` վճարել է մոտ 1.100 ԱՄՆ դոլար` 24.445 ռուբլի ՌԴ Տրետյակովի պետական պատկերասրահում փորձաքննության դիմաց, 3.000 ռուբլի «Արթքոնսալթինգ» ՓԲԸ-ի դրամարկղ և 75.750 ՀՀ դրամ «Մշակութաբանների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Ի դեպ, ՌԴ-ի կցված անդորրագրերում որպես վճարող Դիանա Ծաղիկյանի անունն է նշվում, ով Ստեփան Ծաղիկյանի դուստրն է:

Ստեփան Ծաղիկյանն այս պատմությունը հային բնորոշ «քցելու» մենտալիտետին է վերագրում և համեմատում նկարների վաճառքը ոսկու շուկայից գնված ապրանքի հետ: Նրա խոսքով, երբ ոսկու շուկայից գնում են ոսկի մատանի` թանկարժեք քարով, հետո պարզվում է, որ ոսկին ժեշտ է, իսկ ադամանդն էլ` ապակու շուշա, քաղաքակիրթ իրավական աշխարհում խնդրում են վերադարձնել գումարը, ինքն էլ վերադարձնում է գնված իրը: Ս.Ծաղիկյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք «քաղաքակիրթ աշխարհում» պայմանագրով չեն գնումներ կատարում, հատկապես թանկարժեք իրերի պարագայում, ամրագրում են վճարված գումարը, նոտարով հաստատում գործարքը, որպեսզի հետագայում խնդիրներ չծագեն: Ս. Ծաղիկյանը պատճառաբանում է, որ ինքը վստահել է Կամո Բադալյանին, քանի որ նրա միջոցով շուրջ 10 տարի տարբեր գործեր է գնել. «Մենք միմյանց նկատմամբ նորմալ, բարեկիրթ հարաբերություններ ենք ունեցել, և փաստաթղթով ամրագրելու կարիքը չեմ ունեցել»:

Ս. Ծաղիկյանն ասում է, որ ինքը բավականին մեծ հավաքածու ունի, խորհրդային ժամանակաշրջանում դա իր հոբբին է եղել, իսկ վերջին շրջանում սկսել է նաև վերավաճառել ձեռք բերած նմուշները: Ավելին, նրա հավաքածուի մի մասը իր տանն է, մյուս մասը Մոսկվայում՝ դստեր` Դիանա Ծաղիկյանի մոտ: Կոլեկցիոները նաև խոստովանում է, որ Դեյնեկայի համար 3000 դոլարը նորմալ գումար է եղել Հայաստանի պայմանններում, քանզի Ռուսաստանում Դեյնեկայի գործերն ավելի թանկ են գնահատվում: Նշենք, որ Կամո Բադալյանն ու իր պաշտպանը կարծում են, որ Ստեփան Ծաղիկյանը իր դստեր՝ Դիանա Ծաղիկյանի հետ նկարների առք ու վաճառքով են զբաղվում և չի բացառվում, որ այս ամենը պարզապես գումար շորթելու միջոց է, որից օգտվում է Ծաղիկյանը:

Փաստաբան Սեդա Սաֆարյանի կարծիքով, Կամո Բադալյանը չէր կարող պատասխանատվություն ստանձնել այդ նկարների համար, որովհետև դրանք նրան չեն պատկանել: Պաշտպանն ասում է, որ Ծաղիկյանին հաջողվել է ներքին կապերով նման վճիռ կորզել, քանզի համակարգից արդեն հեռացված դատավոր Սուրեն Ղազարյանի վճռում որևէ փաստական հանգամանք դրված չէ, որով կապացուցվեին Ծաղիկյանի մեղադրանքները:

Վերադաս դատական ատյաններ Կամո Բադալյանի բողոքներն արդյունք չեն տվել: Նրա բնակարանի և ընթացիկ  հաշիվների վրա արգելանք է դրվել: Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը Կ. Բադալյանին «հորդորել» է սեփական դիմումի համաձայն դուրս գալ աշխատանքից, քանի դեռ հեռացման հրաման չի եղել: Կամո Բադալյանն այժմ գործազուրկ է:

«Ամուսինս երկար տարիներ աշխատել է որպես գիտաշատող լեզվաբան, ունի  բավականին  թվով  թարգմանած   նյութեր`  գրքեր, այլևս  աշխատանքից  զրկվել է,  քանի  որ  Ազգային  պատկերասրահի    ղեկավարը  չէր  կարող հանդուրժել այնպիսի  աշխատողի, որը խնդիրներ  ունի  իրավական դաշտում: Բնականաբար,  խաթարվեց  մեր ընտանեկան անդորրը, այս վիճակը  չէր կարող չփոխանցվել նաև մեր երկու անչափահաս երեխաներին, որի արդյունքում անխուսափելի էր բժիշկների օգնությունը,  թե մեզ և թե երեխաներին: Ինքս աշխատում եմ ԵՊՃՀ-ում որպես գրադարանավարուհի և իմ չնչին աշխատավարձով անհնար է հոգալ տան և ընտանիքի բոլոր  կարիքները: Ապաշնորհ թիմակից դատավորների որոշման արդյունքում ակամայից ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք հայտնվում ենք դրսում»,- գրում է Սվետլանա Հակոբյանը` Կամոյի կինը: Սվետլանան դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Ա.Դարբինյանին` հայցելով նրանց պաշտպանությունը:

Միաժամանակ` 2011թ. Կ.Բադալյանը և նրա ներկայացուցիչը դիմել են ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն`  Ստեփան Ծաղիկյանի դեմ քրեական գործ հարուցելու և քրեական հետապնդում  սկսելու` խարդախության և կեղծիքներ կատարելու փաստի առթիվ: Քրգործ հարուցելու դիմումը մերժվել է, որից հետո Կ. Բադալյանն այն բողոքարկել է: Ի վերջո, վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, հարուցվել է քրեական գործ` խարդախության և ապացույցները կեղծելու հոդվածներով, որը վարույթ է ընդունել ՀՀ  ԿԱ  ՊԵԿ  քննչական  վարչությունը:

Քրեական գործի նախաքննություն, սակայն, ներկայումս կասեցված է: «…Քրեական գործով դեռևս վերջնական որոշում կայացված չէ և իրավական գնահատական դեռ չի տրվել, քանի որ 01.11.2012թ. քննչական պահանջ է ուղարկվել ՌԴ համապատասխան իրավասու մարմիններին` մի շարք էական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, որի պատասխանն ամբողջությամբ դեռևս չի ստացվել»,- Սվետլանա Հակոբյանին հայտնել է ՊԵԿ-ի քննչական վարչության բաժնի պետ Վ. Շահնազարյանը:

Լուսանկարում՝ Պ. Կոնչալովսկու «Աղաց»-ի լուսապատճենն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter