HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սիփանի առջև չկա դժվար տարածություն, կա միայն դժվար տարածության հաղթահարում

«Ես դուրս եմ գալիս տնից, որ հասարակության աչքին սովոր լինեն հաշմանդամ մարդը, մարդուն օգնելու գաղափարը»

Սիփանն այնքան վստահ ու արագ է միայնակ քայլում փողոցում, որ ոմանք չեն հավատում, որ նա տեսողության հետ կապված խնդիր ունի: Մի անգամ մի տաքսու վարորդ Սիփանին ասել է. «Չտեսնելը հավասար է մահվան, չէ՞: Ես եթե հանկարծ հիմա կորցնեի տեսողությունս, միանգամից ինքնասպանություն կգործեի»: Սիփանի ծիծաղը եկել է:

«Ահագին աշխատեցի իր հետ, բայց դե, էլի մտածողությունը չփոխվեց: Այսօր ես դուրս եմ գալիս տնից՝ հասարակությանը սովորեցնելու համար, որ իրենց աչքին սովոր լինեն հաշմանդամ մարդը, մարդուն օգնելու գաղափարը, որովհետև ինձնից հետո շատ-շատ չտեսնողներ են էլի դուրս գալու փողոց. որ նրանք, հիշելով, որ ինձ մի անգամ օգնել են, նրանց էլ իրենց օգնությունը կամ լավ վերաբերմունքն առաջարկեն»,- ասում է Սիփան Ասատրյանը:

Մինչև 4 տարեկան Սիփանը տեսել է: Ընտանիքն ապրում էր Ճամբարակում: Սիփանի մայրը հայոց լեզվի ուսուցչուհի էր աշխատում և Սիփանին համոզել է անպայման դպրոց գնալ, քանի որ դասերը լսելն էլ օգուտ կտա, ու չմեկուսանալ հասակակիցներից: Սիփանն 1-ին դասարանից՝ որպես ազատ ունկնդիր, Ճամբարակում գնացել է միջնակարգ դպրոց, իսկ տանը ընտանիքի անդամներն իր համար կարդում էին որոշ առարկաներ:

«Բացն էլ լրացնում էի հեռուստացույցի միջոցով: Այն ժամանակ շրջաններում ժամը 5-ից էր հեռուստացույցը լինում, ու ես անհամբեր սպասում էի ժամը 5-ին: Ես հիմնականում մեծերին հատուկ ծրագրեր էի լսում՝ լուրեր, մեկնաբանություններ, ու մանկական հաղորդումները: Հիմա ես հեռուստացույց ընդհանրապես չեմ նայում, որովհետև անիմաստություն եմ համարում: Այն ժամանակ իմաստ կար»,- ասում է Սիփանը: Այժմ նրա տեղեկատվության աղբյուրը ինտերնետն ու ռադիոն են:

Հետո ընտանիքն իմացել է, որ Երևանում գործում է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը: Հայաստանում միակ դպրոցն է, որ նման ուղղվածություն ունի: Ընտանիքը տեղափոխվել է Երևան, և Սիփանը 6-րդ դասարանից սովորել է հատուկ դպրոցում: Նա 4 տարում հասցրել է վերականգնել գիտելիքները, 18 օրում տիրապետել է բրալյան համակարգին:

«Ես հիշում եմ իմ ընտանիքի բոլոր անդամների դեմքերը: Գնալով, ճիշտ է, աղոտանում են, ու ժամանակ կգա, որ երևի կկորեն, որովետև ես, ժամանակ է լինում, նստում եմ ու սկսում մտածել ու վերհիշել դեմքերը, որպեսզի չկորեն»,- ասում է Սիփանը:

Այժմ նա տեղեկատվության համակարգող է աշխատում Արարատյան թեմի հովանու ներքո գործող «Ազգային առաջնորդության ինստիտուտ» ՀԿ-ում. տարբեր տեքստեր է պատրաստում Առաջնորդության ինստիտուտի կայքի համար: Առաջնորդության ինստիտուտը կիրակնօրյա դպրոցներ է կազմակերպում Արագածոտնի թեմի 5 գյուղում: Դրանցից մեկում՝ Օհանավանում, 3 տարի է, Սիփանը հայ առաքելական եկեղեցու մասին դասեր է տալիս գյուղի դպրոցականներին:

Սիփան Ասատրյանը նաև «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային ՀԿ-ում զբաղվում է կազմակերպչական հարցերով: «Ֆորտեն» ունի տեսողական և այլ խնդիրներ ունեցող մոտ 15 անդամ: ՀԿ-ում նրանց համար կազմակերպվում են անգլերենի, ռուսերենի, համակարգչի, դեղերից օգտվելու կանոններին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, հոգեբանությանը նվիրված դասընթացներ: «Կարին» համույթը «Ֆորտեում» դասավանդում է հայ ավանդական պար: Պարի դասին մասնակցում են «Ֆորտեի» ոչ միայն անդամները, այլև շահառուներն ու կամավորները, ՀԿ-ի գրասենյակում արդեն տեղը չի հերիքում:

«Հայկական պարերն իրենց մեջ ունեն մոգական մեծ ուժ: Մի անհատակ օվկիանոս է հայ մշակույթը ու մեր պարերը, որ սովորում ենք: Դա մեզ շատ-շատ օգնեց, կուռ հոգեբանություն ստեղծեց մեր մեջ, ամրացրեց մեր ուժն ու կամքը ու միասնական լինելու զգացողություն տվեց մեզ»,- ասում է Սիփանը:

Նոյեմբերի 25-ին «Ֆորտեի» անդամները ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 55-ամյակին նվիրված համերգ էին կազմակերպել: Սիփանն ինքն էր գրել սցենարը ու վարեց համերգը, իսկ երգերը ընտրել էին բոլորով: Սիփանն ինքնուս սովորել է դաշնամուր նվագել ու երեկոյի ժամանակ նաև նվագակցում էր: «Իմ ու Մարիկայի, որը հիմա շատ է օգնում ինձ, մտքներով անցավ, որ միգուցե Մոնթեին նվիրված համերգն ավելի կատարելագործենք ու տեղափոխենք զորամասեր»,- ասում է նա:

Հայաստանի դպրոցներում ու մայր բուհում չկան չտեսնող սովորողների համար թվայնացված դասագրքեր

Մասնագիտությամբ բանասեր-սփյուռքագետ Սիփան Ասատրյանն այս տարի է ավարտել Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան: Նա ԵՊՀ ընդունվելու համար պարապել է ընդամենը կես տարի՝ առանց դասախոսի օգնության: Միայն մայրն է Սիփանի համար կարդացել հայոց լեզվի, գրականության ու պատմության դասերը: Սիփանը ձայնագրել է կամ բրալյան համակարգով գրել կարևոր մասերը, այդպես սովորել ու բուհ ընդունվել բարձր միավորներով:

«Ես միշտ չեմ սիրել, որ հաշմանդամին խղճան և համալսարանական տարիներին, և հենց ընդունելության տարիներին: Եթե դեպքեր էլ են եղել, որ ուզել են ավելի բարձր նշանակել, ես ասել եմ՝ ինձ պետք չի էդ ավել միավորը, որովհետև ինչ որ կամ, դա ինձ գնահատեք: Չեմ սիրում կեղծ գնահատանք կամ ընդհանրապես կեղծ վերաբերմունք»,- ասում է Սիփանը:

Սովորելու տարիներին միակ խնդիրը եղել է այն, որ ի տարբերություն արտասահմանյան բուհերի՝ ԵՊՀ-ում տեսողության խնդիրներ ունեցող ուսանողներին չեն տրամադրում էլեկտրոնային տարբերակով գրքեր: Եթե դասագրքերը դեռ թվայնացված չեն, ապա պետք է թվայնացնել, որովհետև դասագիրքը մեկ անգամ թվայնացնում ես, ու միշտ մնում է: Սիփանի խոսքով՝ չտեսնող և համակարգչին վարժ տիրապետող մարդիկ հաճույքով կօգնեին ԵՊՀ-ին դասագրքերը թվայնացնելու գործում: Բրալյան համակարգով դասագրքեր չեն տպվում նաև չտեսնող դպրոցականների համար: Դպրոցներում ևս չկան թվայնացված դասագրքեր:

«Ես անընդհատ ամեն ոլորտում եմ զգում գիտելիքի պակաս ու անընդհատ փորձում եմ լրացնել: Ինձ մոտ ամեն ինչ ինքնուս է»,- ասում է Սիփանը: Հիմա նա խորացնում է անգլերենի իմացությունը, որպեսզի առավելագույնը մեկ տարով արտասահմանում սովորի արևելագիտություն կամ հաշմանդամություն ունեցող մարդկանց հոգեբանություն: Ավելի երկար ժամանակով Հայաստանից դուրս ապրել նա չի ուզում: «Շատ եմ կապված: Ես չեմ լքելու Հայաստանը ընդհանրապես»,- ասում է Սիփանը:

Սիփանի նախասիրությունը սպորտն է: Նա նախկինում զբաղվել է գոլբոլով (տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար նախատեսված խաղ գնդակով, որի մեջ կա զանգ) ու լեռնադահուկային սպորտով: Գոլբոլի ծրագիրն իրականացնում էր Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան դրսի ֆինանսավորմամբ, բայց ֆինանսավորումը վերջացել է, և խաղն այլևս չի կազմակերպվում: Մինչդեռ զարգացած երկրներում հաշմանդամային սպորտին աջակցում են պետությունները:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց մեջ ամենաակտիվը չտեսնողներն են

Սիփանը քայլում է սպիտակ փայտիկի օգնությամբ

Ողջ աշխարհում չտեսնողների նշանը համարվում է սպիտակ փայտիկը, այդպիսի փայտով մարդ տեսնելիս վարորդները զգոնանում են: Սպիտակ փայտիկը չի տարբերվում սովորական ձեռնափայտից: Դրա մեջ ոչ մի սարք չկա, միակ առանձնահատկությունն այն է, որ ծալվում է: Հայաստանում սպիտակ փայտիկ չի վաճառվում, և Սիփանի համար փայտիկ ուղարկել են ԱՄՆ-ից:

«Հանգրվան» ՀԿ-ն 3 տարի առաջ հրավիրել էր լեհ հրահանգիչների, ովքեր հայաստանցի 19 ուսանողի պատրաստել են որպես սպիտակ փայտիկի օգնությամբ տարածական կողմնորոշման հրահանգիչներ: Այդ 19 հոգին, որոնց թվում նաև՝ Սիփանը՝ միակ չտեսնողը, այս տարի վերապատրաստվել են Լեհաստանում: Հետո հայաստանցի հրահանգիչները Սոցապ նախարարության օգնությամբ գտել են չտեսնող մարդկանց ու հրավիրել դասընթացների՝ սովորելու տեղաշարժվելու մեթոդները: Բավականին շատ մարդիկ են հավաքվել: «Հաշմանդամություն ունեցող մարդկանց մեջ, իմ դիտարկմամբ, ամենաակտիվ խումբը չտեսնողներն են»,- ասում է Սիփանը:

Նա արդեն 3 տարի է, Երևանում մենակ է տեղաշարժվում սպիտակ փայտիկի օգնությամբ: «Մետրոն իմ ամենասիրած տրանսպորտն է մանկուց եղել, ու իմ երազանքն է եղել, որ ես մետրոյով միայնակ երթևեկեմ: Այսօր ես միայնակ գնում եմ գործի, միայնակ գալիս եմ: Այնքան մեծ էր իմ ինքնուրույնության ցանկությունը, որ ես հաղթահարեցի սպիտակ փայտիկը ձեռքիս լինելու կոմպլեքսը, որովհետև շատ մեծ հոգեբանական խնդիր է, որ բոլոր մարդիկ սովորական են քայլում, բայց դու սպիտակ փայտիկով ես քայլում՝ քո դիմացը շոշափելով, բոլոր հայացքները քեզ վրա են սևեռված, ու դու զգում ես այդ հայացքները»,- ասում է Սիփանը:

Նրա համոզմամբ՝ Երևանը բոլորովին հարմարեցված չէ ոչ տեսողական, ոչ էլ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց և համեմատության եզրեր չունի զարգացած երկրների հետ, որտեղ խաչմերուկներում լուսացույցները հետիոտնի անցնելու ժամանակ սկսում են բարձր տկտկալ, փողոցների անցումներում, մետրոյի կայարաններում կան հատուկ գնդիկներով, շոշափելի գծերով պատված մակերեսներ, որ չտեսնողն իր ներբանով կամ սպիտակ փայտիկով զգա անցումները:

«Հայաստանում չկա ոչ մի բան»,- ասում է Սիփանը: Բայց միաժամանակ նա համամիտ չէ այն չտեսնողների հետ, ովքեր անհնար են համարում Հայաստանում փողոց անցնելն ու քայլելը: «Ուղղակի Հայաստանում դժվար է քայլել: Կա մեթոդ. փողոցը, խաչմերուկները լսում ես: Դա համակարգ է, որ պետք է պարապել մի փոքր, զարգացնել լսողությունը ու անցնել: Չկա դժվար տարածություն, կա դժվար տարածության հաղթահարում: Դա իմ կարգախոսն է»,- ասում է Սիփանը:

Նրա խոսքով՝ տրանսպորտում մեծահասակների մտքով չի անցնում իրեն հուշել, թե որ նստարանն է ազատ, մեծահասակները, որոնք խորհրդային կարծրատիպերով են ապրում, խղճում են իրեն ու բացականչում, նույնիսկ վախենում են իր հետ շփվելուց: Իսկ երիտասարդներն ուրիշ են. թևից բռնում են, առաջարկում են միասին գնալ:

«Առանց ասելու՝ ջերմ վերաբերմունքի եմ հանդիպում: Ես շատ եմ ուրախանում, որ անտարբերություն չկա: Անտարբերությունը սպանող բան է: Հասարակության մեծ մասը պատրաստակամ է այսօր օգնելու: Այսօր անընդհատ լրատվական միջոցներով լսում ենք, որ հասարակությունը չի ընդունում մեզ, բայց ես կարծում եմ, որ առաջին քայլը հաշմանդամ մարդը պետք է անի հասարակությանը, որ հասարակությունը ընդունի»,- ասում է Սիփանը:

Նա շատ է սիրում ճամփորդել: Երկու տարի առաջ իրականացել է Սիփանի երազանքը. նա 7 օրով գնացել է Արևմտյան Հայաստան, եղել իր նախնիների ծննդավայրում՝ Վանում ու Կարսում: «Ես նպատակ էի դրել, որ պետք է անպայման գնամ, ու մորս հետ գումար հավաքեցի տարիներով, ու իրականացրինք մեր երազանքը: Դա մանկուց փայփայված ամենամեծ երազանքն էր, որ կատարվեց իմ կյանքում»,- ասում է Սիփանը:

Մեկնաբանություններ (2)

Zohrab
Good on you spin do your best
Manukjan
Ուղղակի Հայաստանում դժվար է քայլել :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter