
Շնողի նախկին գյուղապետը համայնքի բյուջեն փոշիացրել է
Լոռու մարզի Շնող գյուղում նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի չարաշահումների նոր փաստեր են բացահայտվում: «Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանի և Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի միջև 2011թ.-ի տարբեր ամսաթվերով կնքած թիվ 5, թիվ 6, թիվ 7, թիվ 12,, թիվ 13, թիվ 14, թիվ 15, թիվ 17 պայմանագրերով Հայկազ Քոչինյանը «Թեղուտ» ՓԲԸ-ից գնել է 276 խմ բետոն, 160 խմ խիճ և 6,2 խմ ավազ, որի համար համայնքի բյուջեից «Թեղուտ» ՓԲԸ-ին վճարել է 7,6 մլն դրամ:
Բետոնի մատակարարումը կատարվել է «Թեղուտ» ՓԲԸ-ի բետոնի արտադրամասի ղեկավար Էդգար Քոչինյանի միջոցով, ով Հայկազ Քոչինյանի որդին է: Ըստ պայմանագրերի` «Թեղուտ» ՓԲԸ-ից Հայկազ Քոչինյանը բետոնը և խիճը գնել է Շնողի 3, 5, 6, 9 և 12 փողոցների առանձին հատվածներ վերանորոգելու նպատակով: Բոլոր պայմանագրերի 2.1 կետով կողմերը պայմանավորվել են, որ փողոցների բետոնապատման աշխատանքները կատարվելու են բնակիչների ուժերով, այն է` անվճար: Նշված փողոցների վերանորոգման համար Հայկազ Քոչինյանը նախագծանախահաշվային փաստաթղթեր և կատարողական ակտեր չի ունեցել: Թե «Թեղուտ» ՓԲԸ-ից գնած 276 խմ բետոնից, 160 խմ խճից և և 6.2 խմ ավազից Հ. Քոչինյանը որքանն է սփռել վերանորոգված փողոցներում` հայտնի չէ: Հայտնի է մի բան` բնակիչների ուժերով վերանորոգված Շնողի 6, 5, 3, 13, 12 փողոցների բետոնապատման աշխատանքները կատարելու համար գյուղապետարանի թիվ 10 պայմանագրով Հայկազ Քոչինյանը 937,0 հազար դրամ է վճարել իր որդուն`Էդգար Քոչինյանին, իսկ թիվ 3 փողոցի 500 գծ.մ տարածքի վերանորգման համար թիվ 11 պայմանագրով 891,0 հազար դրամ է վճարել որդու մտերիմ ընկերոջը` Կարեն Հախվերդյանին:
«Արճիս-Շնող» ջրհան կայանի միջոցով խորհրդային տարիներին ոռոգվել են Շնողի Դուզ հանդամասի մոտ 400 հա այգիները, դաշտերն ու շնողնեցիների տնամերձերը: «Արճիս-Շնող» ջրահան կայանից սնվող Շնողի «Խմհատ» հանդամասի 800 մմ տրամաչափի մոտ 500 մետր երկարությամբ խողովակները Հայկազ Քոչինյանի կողմից 2007թ.ին ապամոնտաժվել են` ավագ եղբոր` Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ Շնողի Մանստև հանդամասում Շնող գետի վրա հէկ կառուցելու նպատակով. «Այդ խողովակները ապամոնտաժելու պահից էլ սկսվեց շնողնեցիների 50 տոկոսի ծայրահեղ աղքատացումը»,- ասում է շնողցի Աշոտ Բերոյանը:
Հէկ կառուցելու համար Մանստև հանդամասի գոմերի տարածք մեծ քանակության 800 մմ տրամաչափի խողովակներ են տեղափոխվել նաև Հենրիկ Քոչինյանի կողմից: Այսուհանդերձ եղբայրների հէկ կառուցելու ծրագիրը չի իրականացել: Մի քանի տարի առաջ Խմհատ հանդամասի խողովակների մի մասը գյուղապետը վաճառել է, մյուս մասը թափված է գյուղի Մանստև հանդամասի անասնագոմի բակում և ծածկված է մոշի թփերով:
«Այդ խողովակները խորհրդային տարիներին իրենց սեփական միջոցներով առել են Դուզ հանդամասի մի խումբ հողատերեր»,- ասում է Աշոտ Բերոյանը: «Խողովակները հանելու համար ես մեղադրում եմ մեր գյուղի բոլոր բնակիչներին: Էն ժամանակ, որ քանդեին, էնդով բոլորը հանդես կգեին, կասեին, խի՞ ես քանդում, ընկե’ր էսինչ էսինչյան: Մինչև ինձ հասնուլը, իսկ դուք չգիտեք, ով է հանել էս խողովակները»,-ասաց շնողցի Վազգեն Ամիրջանյանը:
«Արճիս-Շնող» ջրհան կայանը արդյունավետ ծառայում էր շնողցիների այգիների և տնամերձերի ոռոգման նպատակով, եթե խողովակները չապամոնտաժվեին»,- ասում է ներկայիս գյուղապետ Հովիկ Սահակյանը:
Դուզ հանդամասի հողերը Շնողի ամենաբարեբեր հողերն են. «Ջրհան կայանի մեզանից գողացած խողովակները նորից մոնտաժելու դեպքում, Շնողի 50 տոկոսը 2 տարվա ընթացքում կդառնան հարուստ մարդիկ»,- ասում է Աշոտ Բերոյանը:
Նախկին գյուղապետը գյուղի մուտքի մոտ Շնողի խորհրդանիշը տեղադրելու համար երեք անգամ, երեք տարբեր պայմանգրերով, 3 տարբեր կազմակերպությունների խորհրդանիշը քանդակելու պատվեր է տվել և համայնքի բյուջեից կատարել վճարումներ, սակայն Շնողի խորհրդանիշը նախատեսված վայրում այդպես էլ չի տեղադրվել:
2010թ.-ի, ապրիլին Ալավերդիում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Ակա-Գրանիտ» ՍՊԸ-ի հետ Հայկազ Քոչինյանը կնքել է «Շինարարական կապալի ԼՄՇԳ -28» պայմանագիրը, ըստ որի` ՍՊԸ-ն պարտավորվել է իր ուժերով և նյութերով կատարել Շնող գյուղի խորհրդանիշի քանդակման աշխատանքները: Ուշագրավն այն է, որ «Ակա Գրանիտ» ՍՊԸ հիմնադիրներից է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մյուս երկու հիմնադիրները Կարեն Փարեմուզյանն ու Աշոտ Շաքարյանն են:
«Ակա Գրանիտ»-ի հետ կնքած պայմանագրով աշխատանքի 620,0 հազար դրամ գին է սահմանել: Վճարման N 791 համաձայնագրով 2010թ.-ի մայիսի 20-ին պատվիրատու Հայկազ Քոչինյանը Ալավերդու «ՀԷԲ» մ/ճ-ի միջոցով «ձևավորված բազալտե 6 քարերի, մշակված և ձևավորված մեկ այլ քարի համար ընդհանուր գումարով 600 հազար դրամ է փոխանցել «Ակա-Գրանիտ» ՍՊԸ-ի հաշվեհամարին: Մեկ այլ շինարարական կապալի պայմանագրով Շնող գյուղի խորհրդանիշի քանդակման և տեղադրման համար նախկին գյուղապետը(N 790 հանձնարագրով) 2010թ.-ի մայիսի 20-ին բազալտե մշակված և հղկված 6 սալիկների, բազալտե մշակված և ձևավորված 4 հատ քարերի և բազալտե սղոցված 10 քարերի համար ԱՇՀԲ-ի Նոյեմբերյանի մ/ճ-ի «Սեդրակ Աբովյան» ԱՁ-ի հաշվեհամարին համայնքի բյուջեից փոխանցել է 900 հազար դրամ:
Հայկազ Քոչինյանը երկու տարի հետո` 2012թ.-ի մարտի 5-ին, Շնող գյուղի բնակիչ Ալբերտ Ուլիխանյանի հետ Շնողի խորհրդանիշ հուշարձանը քանդակելու և տեղադրելու համար կնքել է թվով 3-րդ` շինարարական կապալի N 9 պայմանագիրը, ըստ որի` Ալբերտ Ուլիխանյանը պարտավորվել է իր ուժերով, գործիքներով, մեխանիզմով, ինչպես նաև անհրաժեշտ նյութերով, պատշաճ որակով կատարել Շնողի խորհրդանիշի քանդակումը և այն պայմանագրով սահմանված ժամկետում`մինչև 2012թ.-ի օգոստոսի 1-ը տեղադրել Շնողի մուտքի նախատեսված վայրում:
Ալբերտ Ոլիխանյանը «Հետքին» հայտնեց, որ ինքը նախկին գյուղապետի հետ բանավոր պայմանավորվել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն կօգնի քանդակի ֆունդամենտը դնելու գործում. «Հետո մինչև հիմա դեռ որոշված էլ չի, թե խորհրդանիշը որտեղ պետք է դրվի»,- ասաց Ա.Ոլիխանյանը:
Վերջինս նաև ասաց, որ Հայկազ Քոչինյանը խորհրդանիշը քանդակելու համար 5 հատ 175:50:40-ի վրա բազալտե քար է տվել իրեն:
Ծառայությունների վճարովի մատուցման մասին 2011թ.-ի նոյեմբերի 4-ի պայմանագրով, Շնող գյուղի բնակիչ Կարեն Հախվերդյանը պարտավորվելէ իր անձնական օգտագործման մեքենայով 2011թ.-ի նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 31-ը Շնողից ԼՂՀ տեղափոխել զինվորերի մայրերին իրենց որդիներին տեսակցելու համար: Պայմանագրային ծառայության գինը սահմանվել է 490,0 հազար դրամ, որը սահմանված ժամկետում փոխանցվել է Կարեն Հախվերդյանին:
Գյուղապետարանի ֆինանսական միջոցներով Ղարաբաղ մեկնած զինվորների մայրերի ու նրանց զինվոր որդիների մասին փաստաթղթային որևէ տեղեկություն գյուղապետարանում չկար. «Ես տեղյակ չեմ, ես գումարը փոխանցել եմ, բայց չեմ կարող ասել զինվորի մայրերը գնացել են, թե ոչ»,- ասում է Շնողի գյուղապետարանի հաշվապահ Սվետլանա Ջավախյանը:
Մեկնաբանություններ (26)
Մեկնաբանել