HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հավատացել էր անծանոթին, սիրահարվել և զրկվել 3 մլն դրամից

Ձեզ զանգահարում են անծանոթ համարից, և անծանոթ տղամարդու ձայնով մեկը խնդրում է ինչ-որ Աննայի, Քրիստինեի կամ Մարինեի: Եթե անունը չի համընկնում, լավագույն դեպքում պատասխանում եք, որ երիտասարդը սխալվել է, ու անջատում եք բջջայինը: Սխալ համար հավաքած տղամարդը մեկ անգամ էլ է փորձում ձեզ զանգահարել՝ արդեն կայուն ծանոթություն հաստատելու նպատակով: Եթե արկածախնդրի բախտը բերում է, դուք ընկնում եք լարած թակարդը, եթե ոչ՝ կրկին մերժում ստանալով՝ նա սկսում է զբաղվել ավելի դյուրահավատ մեկի փնտրտուքով, իսկ դուք ազատվում եք ավելորդ գլխացավանքից:

Իսկ ահա Էդուարդի և Քրիստինեի դեպքում իրադարձությունները զարգացել էին այլ սցենարով: Բացի նրանից, որ հեռախոսային պատահական զրույցի ժամանակ համընկել էր անունը՝ աղջիկն էլ բավականին դյուրահավատ ու վստահող բնավորության տեր էր եղել. ծանոթությունից մեկ ամիս անց սիրահարվել էր իրեն զանգահարած անծանոթին ու մոտ 1,5 տարի տևած հեռախոսազրույցների արդյունքում նրան փոխանցել մոտ 3 մլն դրամ:

Երևանի բնակիչ 28-ամյա Էդուարդ Մալինցյանին Գյումրիի բնակչուհի Քրիստինե Միքայելյանից գումար շորթելու համար մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 182 հոդվածի 2-րդ մասի, 3.1 կետի հատկանիշներով: 8-ամյա կրթությամբ, ոչ մի տեղ չաշխատող, նախկինում երկու անգամ դատված (2003թ. ավազակային հարձակման համար՝ Քր.օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մաս և 2006թ.՝ կողոպուտի համար՝ 177 հոդվածի 2-րդ մաս, դատվածությունը չմարված) Էդուարդ Մալինցյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց. ըստ նրա՝ փաստերը խեղաթյուրված են:

Նոյեմբերի 20-ից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսված դատաքննությունը մի քանի անգամ տարբեր պատճառներով հետաձգվել էր: Դեկտեմբերի 24-ին վերսկսված դատական նիստին դատակոչված 10 վկայից որևէ մեկը չէր ներկայացել, այդ պատճառով էլ կողմերի համաձայնությամբ նախ որոշվեց լսել տուժող կողմերին՝ Քրիստինե Միքայելյանին և նրա մորը՝ Զինաիդա Մարգարյանին:

1983թ. ծնված Քրիստինե Միքայելյանն ունի բարձարգույն կրթություն, ավարտել է Երևանի մենեջմենթի համալսարանը: 2008թ. ամուսնացել է, մեկ տարի անց ամուսնալուծվել, սակայն ոչ պաշտոնապես: Պարզապես հավաքել է իրերն ու վերադարձել հայրական տուն, 2010թ. ծնվել էր տղան: 2011թ. Ամանորի տոնակատարությունների թոհուբոհի մեջ հնչած հեռախոսազանգը պարտավորեցնող չէր:

Հունվարի 2-ն էր, զանգահարող անծանոթ երիտասարդը ներկայացել էր որպես Էդուարդ: Ի պատասխան՝ Քրիստինեն հայտնել էր, որ նման անունով մարդու չի ճանաչում և անջատել էր հեռախոսը: Տղան համառել էր, զանգահարել ևս երկու անգամ և հարցրել. «Քրիստինե, դու ես»: Լսելով անունը, աղջկա հետաքրքրությունը շարժվել էր, փորձել էր ճշտել, թե որտեղից գիտի Էդուարդն իր անունն ու հեռախոսահամարը: Վերջինս էլ պատասխանել էր, որ հեռախոսի բլոկնոտի մեջ է եղել գրված, և հիմա ինքը փորձում է ճշտել: Հետո տուժողը պիտի հիշեր, որ 8 ամիս առաջ ևս նմանատիպ զանգ էր ստացել ու այն ժամանակ էլ, ասելով, որ սխալվել են, անջատել էր հեռախոսը:

Ծանոթությունն այս անգամ կայացել էր: Հետո ամբաստանյալը հաղորդագրություն էր ուղարկել, որով հայտնել էր, որ ինքը Սովետաշենի կալանավայրում է, իրեն դատապարտել են 20 մլն դրամի հասնող հարկերը չվճարելու համար, որ ծնողները Ամերկայում են և տեղեկացված չեն այդ մասին: Հաղորդագությունն ուղարկելուց մեկ շաբաթ անց Էդուարդը զանգահարում է Քրիստինեին և ասում, որ վաղաժամկետ ազատվելու համար իրեն գումար է հարկավոր՝ դատավորին կաշառելու նպատակով:

«Ինքն ասեց, թե ընկերները 2.500 դոլար հավաքել են, որ իրեն ընդամենը 500 դոլար է հարկավոր: Ես ասեցի, թե փող չունեմ, պիտի ծնողներիցս վերցնեմ: Ինքն էլ բոլոր սրբություններով երդվեց, թե 500 դոլարի համար իր պատիվը չի արատավորի, որ գումարը պարտքով է ուզում. հենց ազատվի կալանքից, փողը կվերադարձնի»,-դատարանում պատմեց տուժողը:

Երկար տատանվելուց հետո՝ հունվարի 25-ին, Քրիստինեն որոշում է ուղարկել 500 դոլարը: Ամսի 26-ին Էդուարդի հրահանգով աղջիկը գումարը տանում է ավտոկայան ու ծրարով հանձնում տաքսու վարորդին: Գումարի հետ տուժողն ամբաստանյալին է ուղարկում նաև իր անունով գնված հեռախոսահամար, լիցքավորման քարտ և 3 հատ ֆիլմի տեսաերիզ: Հանձնուքը տեղափոխելու համար Քրիստինեն տաքսու վարորդին վճարում է 1000 դրամ: Ուղարկելուց 2 ժամ անց Էդուարդը տեղեկացնում է, որ ընկերը «Ռոսիա» կինոթատրոնի մոտ հանդիպել է վարորդին, վերցրել այն, ինչ ուղարկել է Քրիստինեն, որի համար շնորհակալություն է հայտնում:

Առաջին հաջողությունից ոգևորված՝ Էդուարդը 2 օր անց sms է ուղարկում Քրիստինեին՝ հայտնելով, թե պարտքեր ունի կալանավայրում, որ վիճել է պարտատիրոջ հետ և հիմա ստիպված է շատ արագ փակել պարտքերը, այլապես իրեն վատ կլինի: Ամբաստանյալը խնդրում է տուժողին որքան կարելի շուտ իրեն 100 հազար դրամ ուղարկել: Վիճել են, Քրիստինեն սկզբում հրաժարվել է, Էդուարդն էլ հայտնել է, թե պարտքը չփակելու դեպքում «գլուխը կուտեն»: Ի վերջո, աղջիկը որոշել է փետրվարի սկզբներին ուղարկել 100 հազար դրամը՝ զգուշացնելով, որ դա վերջին անգամն է:

Բայց ինչպես ասում են, «ախորժակն ուտելիս է բացվում»: 100 հազարը ստանալուց հետո ամբաստանյալը կրկին հաղորդագրություն է ուղարկում Քրիստինեին՝ հայտնելով, որ իր գործը «սարքող» դատավորն իբր թե փոխվել է, նոր դատավոր է նշանակվել, և վերջինս ավելի մեծ գումար է պահանջում:

«Ես իրան ասի, թե չեմ հավատում: Մենք կռվեցինք, ինքն էլի հոր անունով երդվեց, որ հենց դուրս գա, բոլոր պարտքերը փակելու է: Մի շաբաթ տատանվում էի, չգիտեի՝ ինչ անել, էս անգամ 1000 դոլար էր ուզում: Խորհրդակցեցի մորս հետ ու որոշեցի ուղարկել, մանավանդ ինքն անընդհատ ինձ ասում էր, թե դու ինձ լավություն ես անում, ես ոնց կարող եմ քեզ սրիկայությամբ պատասխանել»,- պատմեց տուժողը:

Պահանջվող 1000 դոլարը Քրիստինեն ուղարկել է 2011թ. ապրիլի 2-ին նույն եղանակով, ինչ նախորդները: 1000 դոլարին համարժեք 348 հազար դրամը դրել է ծրարի մեջ և հանձնել Գյումրի-Երևան ուղերթի միկրոավտոբուսի վարորդին: Վերջինս իր ներկայությամբ հաշվել է, հետո ասել, թե ծրարով հարմար չէ տանելը, ծոցագրպանում չի տեղավորվում. ծրարից հանել է գումարն ու դրել գրպանը: Տուժողը 1000 դրամ է վճարել, փոխանցել Էդուարդի հեռախոսահամարը և հայտնել, որ գումարը նրանից կվերցնի Կարեն կամ Արթուր անունով մի տղա:

Գումարը ստանալուց հետո Էդուարդը զանգել և Քրիստինեին հայտնել է, որ 60 հազար դրամ պակասում է: Տուժողը զանգահարել է գազելի վարորդի և տեղեկացել, որ գումարը տանելու եկած երիտասարդն իր ներկայությամբ հաշվել է, ամեն ինչ ճիշտ է եղել, ապա մի քանի քայլ հեռանալուց հետո վերադարձել ու ասել է, որ ընդամենը 288 հազար դրամ է: Վարորդին, որ տարիքով անձնավորություն է եղել, Էդուարդի ընկերները սպառնացել են, վերջինս էլ վախենալով հավաքել է պահանջվող 60 հազարն ու տվել նրանց:

Դեպքից 2 օր անց տուժողին զանգահարել է ամբաստանյալը և հայտնել, որ իրեն ուղարկված դրամները կեղծ են եղել, ինքն էլ ասել է ընկերներին, որ պատռեն-գցեն: Հետո Քրիստինեին խնդրել է իրեն 60 հազար դրամ ուղարկել, որպեսզի իր իսկ բառերով «էն խեղճ վարորդի փողը հետ տա»: Քրիստինեն այս անգամ նրան ուղարկել է 40 հազար դրամ: Գումարը թողել է իրենց տան մոտ գտնվող դեղատան աշխատակցուհու մոտ՝ ասելով, թե կգա Կարեն անունով մի տղա և կտանի: Մի քանի օրից Էդուարդը հայտնել է, թե 40 հազար դրամին 20 հազար էլ ինքն է ավելացրել ու վերադարձրել գազելի վարորդին, սակայն ինչպես և նախորդ դրվագներում, այս դեպքում էլ Էդուարդը ստել էր:

Մեկ ամիս անց ամբաստանյալը կրկին գումարի պահանջ է զգացել ու առանց անհարմար զգալու՝ նորից զանգահարել Քրիստինեին՝ ստելով, թե նոր դատավորը 500 հազար դրամ է պահանջում, ինքն ունի ընդամենը 200 հազարը, մնացած 300 հազարը չգիտի՝ ումից վերցնի: Քրիստինեն ասել է, որ փող չունի, չի աշխատում, հետևաբար որևէ ձևով նրան օգնել չի կարող: Էդուարդը հարցրել է, թե «փող չունես, զա՞րդ էլ չունես»: Հետո համոզել է աղջկան ուղարկել ոսկեղենը, որն ինքը կգրավադրի, իսկ հետո, երբ կլինի ազատության մեջ, պարտքերն անպայման կվերադարձնի:

2011թ. մայիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը զանազան պատճառաբանություններով ամբաստանյալ Էդուարդ Մալինցյանը պահանջել և տուժող Քրիստինե Միքայելյանից ստացել է 1 մլն 138 հազար դրամի արժողությամբ ոսկյա զարդեր: Ընդհանուր առմամբ Քրիստինե Միքայելյանին պատճառված վնասը կազմել է 2 մլն 900 հազար 500 դրամ, որից 1 մլն 68 հազար 500 դրամը՝ գումարի տեսքով և 40 հազար դրամ արժեքով «Նոկիա» բջջային հեռախոս: 2011թ. հոկտեմբերին և 2012թ. ապրիլի 4-ին տուժողից ամբաստանյալը գումար է շորթել՝ սպառնալով, թե կվնասի նրա մանկահասակ որդուն:

Զարմանալի մի փաստ: Տուժողն այս ընթացքում երբեք չի հանդիպել ամբաստանյալին: Վերջինս կողոպուտի համար իր պատիժը կրում էր ոչ թե Սովետաշենի, այլ Կոշի գաղութում և պատճառաբանել էր, թե այդ պայմաններում չի ցանկանում հանդիպել սիրեցյալին:

Դատարանում Քրիստինեն ասաց, որ թեպետ ամաչում է, բայց ստիպված է խոստովանել, որ սիրահարված է եղել Էդուարդին: Վերջինս իրեն ոսկե սարեր էր խոստացել, 5 սենյականոց բնակարան և անհոգ կյանք, որին ինքն անվերապահ հավատացել է: Այսպես կոչված «սիրահար զույգն» առաջին անգամ հանդիպել և միմյանց մոտիկից ծանոթացել է ճակատագրական զանգից մեկ ու կես տարի անց քննիչի կաբինետում: Տուժողն անակնկալի է եկել, քանի որ Էդուարդի՝ իրեն ուղարկած լուսանկարներում, որոնց ինքը սիրահարված էր եղել, ամենևին էլ Էդուարդը չէր:

Դատական հաջորդ նիստը կկայանա 2013թ. հունվարին:

Մեկնաբանություններ (4)

Marine
Eduard@ sxala u sxal,bayc vor chishtn asem Kristinei nman apushnerin et der qicha....im arev apush axjika,
david
Հայ էգի հիմարը հայ վամպիրի երախում;Մազոխիզմ և վամպիրիզմ;
Karen
Մի թե նման միամիտներ կան մինչև հիմա?
alik
heto el asum en pox chka;erexu beranic ktrum e talis e mi ancanot avazaki;inqnel piti patasxan ta ir pox poxancelu ev ir ararqneri hamar;ed axchik@ hay linelu iravunq chuni;amot e;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter