HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Խումբը կեղծ կրեդիտ քարտերով բանկոմատներից փող է հանել, ինչից հետո ձերբակալվել եւ պատժվել է

Անցյալ տարվա օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալեց Ռումինիայի 3 և Լատվիայի 1 քաղաքացու: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության` «հանցավոր  խումբը օգոստոս ամսվա  ընթացքում «ՎՏԲ», «Անելիք», «Յունի» եւ «Կոնվերս» բանկերի Երևան քաղաքում և մի շարք  մարզկենտրոններում տեղակայված բանկոմատներից կեղծ պլաստիկ քարտերով իրականացրել էր գումարի կանխիկացման գործարքներ` ավելի քան 80 մլն դրամի չափով»:

Խմբի անդամների հյուրանոցային համարներում զննությամբ հայտնաբերվել էին 160 բանկային կեղծ պլաստիկ քարտեր, ինչպես նաև դեռևս չծախսված մեծ քանակի արտարժույթ և դրամ: Պարզվել էր, որ խումբը գործարքները կատարել էր` օգտագործելով հանրահայտ բրիտանական «Բարկլայս» բանկի հաճախորդների  բանկային հաշվեհամարները:

«Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ ձերբակալվածները նմանատիպ գործունեությամբ զբաղվել են նաև արտասհմանյան մի շարք երկրներում»,- նշված էր ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ, որը վնասազերծվածներին բնորոշել էր որպես «միջազգային հանցավոր խմբի» անդամներ:

Հիշյալ 4 ձերբակալվածները` Ռումինիայի քաղաքացիներ Օլիվեր Ռադուկու Մարիանին, Դանիել Ֆլորին Ֆեռեռուն, Կոնստանտին Օրեստի Հաջին եւ Լատվիայի քաղաքացի Մարգարիտա Յանի Սպրուդզանեն արդեն դատապարտվել են: Սակայն նրանց մասով դատարան ուղարկված նյութերը վկայում են, որ ԱԱԾ-ի կասկածները չեն հիմնավորվել. վերջիններս բանկային կեղծ քարտերով գումարներ են հափշտակել բացառապես Հայաստանում:

Կոնստանտին Հաջին բնակվել է Լոնդոնում եւ որպես վարորդ աշխատել Մեծ Բրիտանիայում գրանցված «DHL» ընկերությունում: Լոնդոնում ծանոթանալով ռումինացի Մարիուս Լուպոյի հետ` նա տեղեկացել է, որ վերջինիս կողմից հավաքագրված անձինք Եվրոպայում զբաղվում են կեղծ քարտերով բանկոմատներից գումարի հափշտակությամբ: Կոնստանտինը համաձայնել է 1000 եվրո վարձատրության դիմաց ստուգել թիրախ հանդիսացող հաշվեհամարների հաշվեկշիռները, ապա քարտերի կրկնօրինակները տեղափոխել սահմանով ու տրամադրել բանկոմատներից հափշտակությամբ զբաղվող անձանց:

2008 թ. օգոստոսին նա Մարիուսից ցուցում է ստացել բանկային կեղծ քարտերի խմբաքանակը տեղափոխել Հայաստան, որտեղ այդ պահին գտնվել են խմբի անդամներ Կատալին Իոնուտ Ապետրի Ֆուրդույը և Դրագոշ Իոնուտ Բոտեզատուն, որոնք այդ ընթացքում Հայաստանում գործող մի շարք բանկերի բանկոմատներից կեղծ քարտերի օգտագործմամբ արդեն գողացել էին ընդհանուր առմամբ 25 մլն 785 հազար դրամ:

Կոնստանտին Հաջին իր ծրագրերի մասին պատմել է ընկերուհուն` Մարգարիտա Սպրուդզանեին, ում հետ էլ անցյալ տարվա օգոստոսի 27-ին Ռիգա-Երեւան չվերթով ժամանել է Երեւան: Նրանք վարձակալել են «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի միեւնույն համարը:

«Այդ ընթացքում Մարգարիտան տեսել է Կոնստանտինի կողմից Հայաստան տեղափոխված 146 բանկային կեղծ քարտերի խմբաքանակը: Բայց նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության մասին իրավապահ մարմիններին չի հայտնել, հակառակը` նույն օրն ուղեկցել է Կոնստանտինին, որը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից 8 րոպեում գողացել է 160 հազար դրամ, թեեւ փորձել է հափշտակել 551 հազար, ինչը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, չի ստացվել»,- արձանագրել է վարույթն իրականացնող մարմինը` ԱԱԾ-ի քննչական վարչությունը:

Մարգարիտա Սպրուդզանենմեղադրվել է «Հանցագործության մասին չհայտնելու» (առավելագույն պատիժը` կալանք` 2 տարի ժամկետով), իսկ Կոնստանտին Հաջին` «Կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողության» համար (պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):

Ձերբակալված մյուս օտարերկրացիները` Օլիվեր Մարիանին եւ Դանիել Ֆեռեռուն, Հայաստան էին ժամանալ ավելի վաղ. առաջինը` օգոստոսի 20-ին, երկրորդը` մի քանի օր անց:

Օլիվերը որպես մենեջեր աշխատել է Մեծ Բրիտանիայում գրանցված «Ռամեքս իմպորտ-էքսպորտ լիմիթեդ» ֆիրմայում: Իմանանալով, որ Լոնդոնում բնակություն հաստատած իր համերկրացին` Կոռնել Կոստանտին Ստենգաչուն, նպատակադրվել է հափշտակություններ իրականացնել Հայաստանում, նա համաձայնել է օժանդակել եւ հանցակիցների համար վարձակալել հյուրանոցային համարներ, ավտոմեքենաներ, մատուցել այլ ծառայություններ եւ անձամբ գողոնը Հայաստանից տեղափոխել Մեծ Բրիտանիա:

Գալով Հայաստան` Օլիվերն ընդգրկվել է Կոռնելի կողմից ղեկավարվող, Ադի Իոան Բլագայից եւ Դանիել Ֆլորին Ֆեռառուից համերկրացիական սկզբունքով կազմված հանցավոր խմբում: Նա Դանիելի հետ բնակություն է հաստատել Երեւանի «Եվրոպա» հյուրանոցում:

Իրեն վերապահված դերաբաշխմամբ` Օլիվեր Մարիանին անմիջականորեն մասնակցել է Երևանում եւ Սևանում տեղակայված տարբեր բանկոմատներից գումարներ հափշտակելուն և ակտիվ կերպով օժանդակել է հանցակիցներին, ովքեր  Հայաստանում գործող մի շարք բանկոմատներից օգոստոսի 18-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածում գողացել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 34 մլն դրամ:

Չորրորդ «վնասազերծվածը»` Դանիել Ֆեռեռուն, նունպես ապրել է Լոնդոնում և իբրեւ բանվոր աշխատել «MCGEE քոնսթրաքշն» ֆիրմայում: Հետևելով ընկերոջ` Օլիվերի օրինակին` նա էլ է ընդգրկվել բանկոմատներից գումարներ հափշտակելու գործում և 5 տոկոս բաժնեմասի դիմաց` համաձայնել խմբին օժանդակելու առաջարկությանը` ՀՀ դրամի տեսքով գողոնն արտարժույթով փոխանակելու հարցում:

Դանիելը Լոնդոնից ինքնաթիռով Հայաստան է հասել Օլիվերի մոր տրամադրած միջոցներով: Մի քանի օր շարունակ նա ընկերների հետ գումարներ է գողացել Էջմիածին քաղաքում և Երևանում տեղակայված տարբեր բանկերի, այդ թվում`«HSBS բանկ-Հայաստան»-ի բանկոմատից: Երբ մեկն իրականացրել է կողոպուտը, մյուսը (կամ մյուսները) վերահսկել է բանկոմատի հարակից տարածքը: Հանցագործներն անընդհատ փոխարինել են իրար կողոպտիչ-վերահսկից դերակատարումն իրականացնելիս:

Բացի դրանից` Դանիելը ձեռնամուխ է եղել նաև իր բուն «պարտականության» կատարմանը: Նա իր անձնագրային տվյալներով տարբեր բանկերում դրամը փոխանակել է եվրոյի` օրինականացնելով հափշտակված գումարները:

Վերոգրյալի համար ԱԱԾ-ի քննչական վարչությունը Օլիվեր Մարիանին մեղադրանք է առաջադրել «Կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություն» կատարելու, իսկ Դանիել Ֆեռեռուին դրանից զատ` նաեւ «Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու» համար:

Նախաքննական մարմինը Կոնստանտին-Մարգարիտա և Օլիվեր-Դանիել զույգերի գործերը դատարան է ուղարկել առանձին-առանձին: Նրանք բոլորն էլ դատարանից խնդրել են կիրառել արագացված դատաքննություն` լիովին ընդունելով առաջադրված մեղադրանքը:

Չորսի դեպքում էլ դատարանը պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել: Փոխարենը, որպես հանցանքը մեղմացնող հանգամանք է դիտարկել այն, որ ամբաստանյալները նախկինում դատված չեն եղել, զղջում են կատարվածի համար եւ աջակցել են հանցագործության բացահայտմանը:

Այս տարվա փետրվարի 18-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, Կ. Ղազարյանի նախագահությամբ, ապացուցված համարելով նախաքննության կողմից առաջադրված մեղադրանքը` Մարգարիտա Սպրուդզանեին դատապարտել է 300 հազար դրամ տուգանքի` վերջինիս ազատ արձակելով հենց դատարանին դահլիճից:

Դատավոր Կ. Ղազարյանը որոշել է, որ պետք չէ Կոնստանտին Հաջիի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ` գույքի բռնագրավում, և նրան դատապարտել է միայն 4 տարվա ազատազրկման:

Մոտ երկու ամիս անց` ապրիլի 10-ին, ուշագրավ վճիռ է կայացրել դատավոր Գագիկ Ավետիսյանը: Նա Կոնստանտինին առաջադրված նույն հոդվածով մեղադրվող Օլիվեր Մարիանի նկատմամբ կիրառել է բացառիկ մոտեցում` նշանակելով նախատեսված պատժի նվազագույն չափից (4 տարվա ազատազրկում) ավելի մեղմ պատիժ: Օլիվերը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման:

Իսկ Դանիել Ֆեռեռուն Գագիկ Ավետիսյանի կողմից դատապարտվել է «ազատազրկման 6 տարի ժամանակով` ամբողջ գույքի բռնագրավումով, որը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը»:

Երկու դատավորներն էլ քաղաքացիական հայցերը թողել են առանց քննության` տուժողներին իրավունք վերապահելով քաղհայց ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով: Հետաքրքիրն այն է, որ դեռ անցյալ տարվա սեպտեմբերին «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում նշել էր, թե հանցավոր խմբի հափշտակությունների պատճառով «Մեր սպասարկող բանկերը որեւէ կորուստ չեն ունեցել: Հակառակը, իրենք ամեն սպասարկման համար ստացել են միջնորդավարձ»:

շարունակելի


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter